Հայերն անկեղծորեն համոզված են, որ իսկապես հավատացյալ են. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Gallup international կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհի բոլոր երկրների շարքում հավատացյալների քանակով Հայաստանը երկրորդն է՝ այստեղ որպես հավատացյալ է ներկայացել բնակչության 9З տոկոսը: Տվյալ դեպքում հակված եմ հավատալու, որ հայաստանցիների 93 տոկոսը հայտարարել է իր կրոնական զգացմունքների մասին: Ուրիշ հարց, թե որքանով են այդ հայտարարություններն անկեղծ:

Այդ հարցին պատասխանելու համար առաջարկում եմ մտովի մի փորձ անել: Ենթադրենք, Հայաստանում դատավարությունների ժամանակ վկաներին առաջարկեն ձեռքը դնել Աստվածաշնչի վրա և երդվել, որ ասելու են ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից: Նա, ով իրեն «հավատացյալ» է համարում, տալիս է այդ երդումը: Իսկ հիմա ասացեք, խնդրեմ՝ այդ 93 տոկոսից քանի՞ տոկոսն է ընդունակ այդ երդումից հետո առանց աչքը թարթելու սուտ ասել: Ընդ որում, Աստվածաշնչի վրա երդումը խախտելու ընդունակ պոտենցիալ ստախոսներն անկեղծորեն համոզված են, որ իսկապես հավատացյալ են՝ նրանք մկրտված են, եկեղեցի են գնում, գուցե նույնիսկ «Հայր մերը» գիտեն: Բայց նրանց հավատն ինձ համար խիստ կասկածելի է: Ինչպես և բոլոր հայաստանցիների, ում իրական գաղափարախոսությունը հիմնված է խաբելու և «քցելու» վրա:

Եվ հակառակը, ըստ Gallup international-ի նույն զեկույցի՝ կոմունիստական Չինաստանի միայն 7 տոկոսն է իրեն նույնականացնում որևէ հավատքի հետ, իսկ 61 տոկոսն իրեն հայտարարել է աթեիստ: Բայց ես ենթադրում եմ, որ նույնիսկ այդ «աթեիստների» աշխարհընկալումը հիմնված է բուդդիզմի, դաոսիզմի և Կոնֆուցիոսի ուսմունքի վրա, անգամ եթե նրանք գիտակցական մակարդակով չեն ընկալում այդ ուսմունքները: Չինացիների սովորելու, աշխատելու, նաև՝ կարգուկանոնն ու հասարակությունը հարգելու ձևի մեջ, ինձ թվում է, կա կրոնական երանգ:

Նույն ուսումնասիրության համաձայն՝ Իսրայելը նույնպես առանձնապես «հավատացյալ» երկիր չէ: Բայց, անկախ այդ ազգի կրոնական մոլեռանդության աստիճանից, նրանք ունեն Թալմուդ. որը ոչ միայն կրոնական գիրք է, այլև «օրենսդրական» մի հավաքածու. որի նկատմամբ հարգանքը դաստիարակվել է հարյուրամյակներով: Գուցե նաև այդ պատճառով է, որ Իսրայելը չունի Սահմանադրություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս