Այսօր Դանիել Վարուժանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը ծնվել է 1884թ. ապրիլի 20-ին։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Դանիել Չպուգքյարյանը ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

 




Լրահոս