Նորմալ չէր լինի, եթե գործընկեր երկրի տատանումները մեզ վրա չազդեին. Կարեն Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը համակարծիք չէ միջազգային կառույցների այն կանխատեսումների հետ, թե ՀՀ տնտեսությունն անկում կգրանցի այս տարի:  Այս մասին այսօր նշեց նախարարը` լրագրողների հետ զրույցում:

«Շատ ավելի զգուշավոր են, քան իրականությունը թելադրում է: Եթե ինքներդ տեսնում եք, առաջին եռամսյակում, որ ամենածանրն է տարվա համար, 2.5 % տնտեսական ակտիվության աճ է գրանցվել: Այս իրավիճակում արդյունաբերության 106.5 %-ի աճը չնչին չէ, նորմալ աճ է` այս պայմանների համեմատ: Դա խոսում է այն մասին, որ ներդրողները, որոնք այդ ոլորտում աշխատում են, ավելի լիահույս են այդ ոլորտի զարգացման համար, քան հաշվարկի արդյունքում ստեղծվածը»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե խոսվում է Կառավարության հրաժարականի հնարավորության մասին, նախարարն արձագանքեց, որ այդ հարցին ինքն իրավասու չէ պատասխանել:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա ԵՏՄ խորհրդի նիստին, նախարարը պատասխանեց. «Հերթական նիստ է, կա օրակարգ, այդ օրակարգի հարցերով մինչև այդ քննարկվել են, կարծիքները հավաքվել են, ապա քննարկում է լինելու»:

Ճշմարիտյանը նշեց, որ հունվար ամիսն ամենապասիվ ամիսներից էր: «Օբյեկտիվ է և մեր արտահանման անկումը: Նորմալ չէր լինի, եթե մեր գործընկեր երկրում, որի հետ  ունենք 25%-ից ավել առևտրի ծավալ,  նման տատանումների դեպքում մեզ մոտ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չլիներ», – նշեց նա:

 




Լրահոս