Մեր օլիգարխները սկսել են արդեն չափն անցնել. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է  քննարկվել «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ելույթ ունենալիս նշեց, որ կառավարությունը ներկայացրած օրինագծով առաջարկում է» փոփոխություն, որը գոնե պատշաճորեն պիտի քննարկվեր: «Պարո´ն Միրումյան, մի անգամ ես Ձեզ գովել եմ, հիմա ես հետ եմ վերցնում իմ խոսքերը, որովհետև մասնագետը չի կարող պաշտպանել նման օրենքը: Ի դեպ, անպայման կտանենք այս օրենքը Սահմանադրական դատարան»,- նշեց Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով, փաստաթղթով տարբերություններ են դրվում մասնագիտությունների միջև: «Ո՞վ ասաց, որ շինարարի աշխատավարձն ավելի քիչ պետք է հարկվի, քան, ասենք, մետալուրգի աշխատանքը: Եթե դուք շինարարին դնում եք 13 տոկոսի, իսկ գիտնականին` 25 տոկոսի տակ, ապա գիտնականն է վճարում շինարարի հարկը, դա կոչվում է դիֆերենցված ասիմետրիկ խաչաձև սուբսիդիա: Եվ դուք դա համարում եք պետությո՞ւն: Հետո՝ ասում է՝ եթե Պողոսն աշխատի Ռուսաստանում, կվճարի 13 տոկոս, եթե նույն գործն անի Հայաստանում, կվճարի 24 տոկոս: Ինչո՞ւ: Մնում է, որ դրանից հետո բոլոր Պողոսները հնարավորություն փնտրեն աշխատելու դրսում: Վատ եք անում»,- նշեց  Հրանտ Բագրատյանը:

Ապա պատգամավորն անդրադարձավ օլիգարխների գործողություններին: «Մեր օլիգարխները, հատկապես դրսի օլիգարխները, սկսել են արդեն չափն անցնել, նրանք դառնում են ծանր բեռ այս հանրապետության զարգացման վրա: Երբ օլիգարխը գալիս է Հայաստան ու մեկ հատ մոլ է կառուցում, դրա դիմաց 1500 փոքր խանութ է փակվում: Դա նշանակում է, որ եթե նա 300 միլիոն է ներդնում, իրականում 400 միլիոն ստանում է այն փոքրերից: Մինչև հիմա կառավարությունը մի որոշում չընդունեց, որ Երևանում պետք է լինի, ասենք, մեկ կամ երկու հատ մոլ, դա էլ Սովետաշենում: Երբ օլիգարխը գալիս ու եկեղեցի է կառուցում, մենք ունենք 6500 եկեղեցի, ավելի շատ եկեղեցիներ հույներն ունեն` մեկ շնչի հաշվով:   Բա մի հատ գրադարան չկառուցվի՞, որ գրքեր կարդան ու սենց օրենքներ չբերեն»- եզրափակեց նա:




Լրահոս