Բուքմեյքերական կենտրոնում գլխավոր վիրաբույժը ծեծի էր ենթարկել ընկերոջը. նոր մանրամասներ՝ բժշկի մահվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ։

2015թ. մայիսի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում դիակ կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա.Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին և տեղում մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառել):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում տեղադրված տեսախցիկների` դեպքի ժամանակահատվածի տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ 09.05.2015թ. ժամը 22:43-ին Ա. Կարապետյանը հիշյալ գրասենյակում վիճաբանել և ձեռքերով ու ոտքերով ծեծի է ենթարկել մի տղամարդու։ Վերջինս մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին, ապա` կրծքավանդակից հրել, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը հետ է գնացել, կորցրել հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին և տեղում մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնից ստացված մահվան մասին բժշկական վկայականի կտրոնի համաձայն՝ Ա.Կարապետյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր կորոնար անբավարարությունը, նրա մոտ հայտնաբերվել է նաև ենթամաշկային արյունազեղում ձախ ծոծրակային շրջանում:

Վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը պարզվել է, ով ինքնակամ ներկայացել է եւ հարցաքննվել։ Հիշեցնենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով, վիճաբանության մասնակիցը Երևանի բնակիչ Հրանտ Իսպիրյանն է:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս