Վալերի Օսիպյանի սրտի թելադրանքը չիրականացավ. կյանքը Բաղրամյան պողոտայում շարունակվում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկանները երազում են այն օրվա մասին, երբ ցուցարարներն ինքնակամ կլքեն տարածքը, եւ իրենք կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։ «Մենք չենք ցրի եւ կսպասենք այնքան ժամանակ, երբ ցուցարարներն ինքնակամ աղբամանները տարածքից հեռացնեն եւ իրենք էլ հեռանան»,- ասում են նրանք։ Երբ նրանց առարկում են, թե կարող է մի քանի ամիս սպասեն, պատասխանում են․ «Չէ, էդքան չենք սպասի, վստահ եղեք՝ այս իրավիճակը երկար չի տեւելու, եւ մենք ստիպված չենք լինելու կտրուկ գործողությունների դիմել»։

Թերեւս հասկացել են, որ կտրուկ գործողությունները հակառակ էֆեկտ կտան։ Եվ չնայած համոզվածությանը, որ «ամեն ինչ վերջ ունի», Վալերի Օսիպյանը լրագրողներին առաջարկում է․ «Կարող ենք համախմբվել՝ մենք, բողոքող բնակիչները եւ դուք՝ լրագրողներդ, եւ հորդորենք նրանց ցրվել»։ Լրագրողները, սակայն, ոստիկաններին միանալու մտադրություն չունեն, իսկ քաղաքացիներն էլ չեն բողոքում։ Երեկ նրանցից մի քանիսը մեր թղթակցին ասել են, որ Պռոշյանով երթեւեկելուն սովորել են, եւ իրենց բոլորովին չի խանգարում պողոտայի փակ լինելը։ Օսիպյանի սիրտը, սակայն, երեկ վկայում էր, որ սա ցույցի վերջին օրն է լինելու։ Մինչեւ ուշ գիշեր նրա սրտի «թելադրանքն» իրականություն չդարձավ։

Բաղրամյան պողոտայում կյանքը շարունակվում էր․ ցուցարարները, ծառերի տակ նստոտած, զրուցում էին, երգում-պարում, սիրահարներն անգամ համբուրվում էին՝ անտեսելով տեսախցիկների օբյեկտիվներում հայտնվելու եւ հրապարակային «սեքսով» զբաղվելու մեղադրանքների հավանականությունը։ Երեկ նաեւ լուրեր կային, թե Ռուբեն Հախվերդյանն է պողոտայում բացօթյա համերգ տալու, սակայն պարզվեց՝ համերգը տեղափոխվել է շաբաթ օրը։ Մի խոսքով, կյանքը Բաղրամյան պողոտայում շարունակվում է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս