ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Աջափնյակ վարչական շրջանում

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան եւ ծանոթացել Աջափնյակի «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Թերեւս լավ կլիներ, որ Տ. Մարգարյանն անձամբ շրջեր Աջափնյակի մի քանի թաղամասերով՝ իր աչքերով տեսնելով բակերի կեղտոտ ու փնթի բազմաթիվ պատկերներ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կա՞ն արդյոք դեպքեր, երբ մինչեւ 63 տարին լրանալը, անձը հնարավորություն ունենա ստանալ կուտակային միջոցները:

Ալլա Մանուկյան (62 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է 3 դեպք, երբ հնարավոր է նախքան 63 տարեկանը լրանալը միանվագ եւ ամբողջությամբ ստանալ կուտակային միջոցները: Դրանք են՝
1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) մասնակիցն առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ Կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Վերը նշված 3-րդ կետով նախատեսված հիմքով մինչեւ կենսաթոշակային տարիքը մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվելու դեպքում, առաջացած միջոցները փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:
Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես 63 տարեկանը լրանալուց հետո:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 2015թ. կենսաթոշակառուների թիվը կազմում է 458.127: Այդ թվում շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը՝ 25.000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 2553, սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 30.000, ծերության, հաշմանդամության նպաստների միջին չափը՝ 17.766 դրամ, նպաստառուների թիվը՝ 62.760:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եթե երեխայի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա, բայց ծնողները համաձայնություն չեն տվել երեխայի` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, ապա ո՞ր դեպքում երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն:

Ստելլա Բաղդասարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ս. Բաբայանի հարցման՝ տեղեկացնում ենք, որ այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը ավելացել է շուրջ 4 անգամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ եթե 2012 թվականին Հայաստանի անձնագրից հրաժարվել էին մոտ 550-ը, ապա 2014-ին այդ թիվը հասել է 2180-ի: Ցավոք, տարբերությունն ահռելի է:




Լրահոս