ԴՂՅԱԿՆ ԻՐ ՄԵՋ ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս առանձնատունը կառուցվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ Վահագնի թաղամասում կառուցվող այս դղյակի հողհատկացումը արել է Սեյրան Օհանյանի սանիկը՝ Վահագնի թաղամասի անվտանգության ծառայության ղեկավար, մեծահարուստ Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Իսկ թե ինչ միջոցներով է կառուցվում մոտավոր հաշվարկներով 350-400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այս առանձնատունը, պարզ չէ: Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը 2014 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունի 17 մլն դրամ, (եւս 9 մլն դրամի տարեկան եկամուտ եւ 5 մլն դրամ՝ աշխատավարձ): Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե ինչ միջոցներով է նախարարի համար առանձնատուն կառուցվում, գուցե ոչ իր անունով, խոսնակը կտրականապես հերքեց լուրը՝ ասելով, թե նման բան չկա: Դե, իհարկե, ՊՆ Սեյրան Օհանյանի տունը Վահագնի թաղամասում այնպիսի համառությամբ են հսկում, կարծես այն իր էությամբ ռազմական գաղտնիք է: Անվտանգության աշխատակիցները պարզապես հետապնդում էին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին, որպեսզի չհամարձակվեն լուսանկարել ամենապաշտպանված տներից մեկը: Դրա համար էլ վստահ հերքում են: Բայց մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց մի քանի կադր որսալ:

 

 

 

 
Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է միջազգային որեւէ հեղինակավոր ընկերության ներգրավել՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համար, նշվեց նաեւ, որ մինչ դրա ավարտը ՀՀ Կառավարությունն իր վրա է վերցնում էլէներգիայի բարձրացված սակագնի բեռը: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ հայտնեց, որ աուդիտը 3-6 ամիս կարող է տեւել: Իսկ ինչքա՞ն գումար է դուրս գրելու Կառավարությունը եւ որտեղի՞ց: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, թե. «Գաղտնիք չկա. մի քանի աղբյուր է, քննարկում ենք, որոշում որ կայացնենք»: Իսկ գումարի չափի մասին ոչինչ չասաց: «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկներով ՀՀ Կառավարությունը ամսական միջինը 3.5 մլրդ դրամ պետք է հատկացնի ՀԷՑ-ին բարձրացված սակագնի դիմաց: Բայց քանի որ ՀՀ վարչապետը նախորդ օրը հայտարարեց, թե այդ գումարը պետբյուջեից չի հատկացվելու, հարց է ծագում՝ ուրիշ որտեղի՞ց: Ի վերջո, Կառավարությանը հասու են միայն պետբյուջեի միջոցները: Արդյո՞ք իշխանությունները որոշել են իրենց գրպանից տալ այդ գումարը:

 

 

 

 
Հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Իսկ թե քանի ոստիկան կպատժվի լրագրողներին խոչընդոտելու համար, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր էին նախապատրաստվում: Մեզ հասած տեղեկություններով՝ այս մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողներ են հրավիրվել հարցաքննության, ավելին՝ ՀՔԾ-ում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որից հետո էլ որոշում է կայացվել քրեական գործ հարուցել ՀՀ քր. օր. 164-րդ հոդվածի 1-ին մասով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պաշտոնապես ճշտել հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից, սակայն ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հայտնեց, որ դեռ նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 
Հայաստանում գործունեություն ծավալող պաշտոնյաներն ավելի մեծ տեղ են տալիս ինքնագովազդին, քան աշխատանքի իրական արդյունավետությանը: Ու այդ պատճառով էլ, երբ ՀՀ քաղաքացին բախվում է պետական որեւէ գերատեսչության, իր կաշվի վրա է զգում անարդարության, անկազմակերպվածության ու անհեթեթ որոշումների ողջ ծանրությունը: Նկատենք, որ PR գործերում իր նախարարից հետ չի մնում նաեւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Բայց կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթի օրինակով մեզ համար հասկանալի դարձավ, թե ինչքան ծիծաղելի մակարդակի վրա է դրված մեր երկրում ԴԱՀԿ ծառայությունը: Ավագ հարկադիր կատարող Գագիկ Սախոյանը հունիսի 24-ին միանգամից 4 որոշում է կայացրել մեր մասին. նախ՝ մեզ որոշակի գործողություններ պարտավորեցնելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, դրամական միջոցների, ապա՝ նաեւ գույքի վրա արգելանք դնելու մասին: Հետաքրքիր է՝ ԴԱՀԿ-ն այդ ի՞նչ մեթոդներով է փնտրել «Ժողովուրդ»-ին, չի գտել, որ հետախուզում հայտարարելու միջոցով է կարողացել արդյունքի հասնել: Ի վերջո, մեր տեղը հայտնի է բոլորին: Մենք Միհրան Պողոսյանի պես տարվա մեծ մասը տարբեր ծրագրերի միջոցով չենք «թռնում» երկրից, որ հետախուզեն: Տեղում ենք:

 

 

 

 
ԱՎԵԼԻԻ ԴԻՄԱՑ

Դատելով Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցերի վերաբերյալ ռուսական պաշտոնական քարոզչամեքենայի` վերջին օրերի շեշտադրւմների փոփոխությունից, ինչպես նաեւ ՌԴ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ինտենսիվ հեռախոսազրույցներից (նախօրեին Վ. Պուտինը զանգահարել էր Ս. Սարգսյանին, երեկ էլ Հովիկ Աբրահամյանը զանգահարել էր Դ. ՄԵդվեդեւին)` էլեկտրաէներգիայի սակագնի հարցի շուրջ հայ-ռուսական քաղաքական բանակցությունները կարծես թե հանգում են որոշակի լուծման: Այս իմաստով ուշագրավ է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի` նախօրեին արած այն հայտարարությունը, թե. «Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքին հարցն է եւ անշուշտ չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»:
Երեկ էլ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը: Ու թեեւ նա իր խոսքում լուրջ քննադատության է արժանացրել ՀՀ իշխանություններին եւ հատկապես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այդուհանդերձ, նա նույնպես հարկ է համարել արձանագրել, որ խնդիրը բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական տիրույթում է. «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այլ ոչ թե քաղաքական: Այստեղ որեւէ քաղաքականություն չկա», -ընդգծել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը:
Հարց է առաջանում, թե ինչ է փոխվել, ինչու են ՌԴ-ում հանկարծ հասկացել, որ սակագնի հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, եւ այդտեղ քաղաքականություն փնտրել պետք չէ: Աչքի առջեւ ունենալով Ռուսաստանի` տարածաշրջանում եւ հատկապես ՀՀ-ում անցած տարիներին վարած քաղաքականությունը՝ դժվար է հավատալ, որ ռուսները ընկրկել են Բաղրամյան պողոտայում պայքարողների կամքի առջեւ, եւ Հայաստանում հակառուսական տրամադրությունների խորացումը կասեցնելու նպատակով է, որ մեկեն այդչափ «ըմբռնող» են դարձել: Ակնհայտ է, որ այս օրերին ընթացող քաղաքական բանակցություններում ռուսները Հայաստանին տրամադրվող 200 միլիոն դոլարի, ՀՀ բանակին նոր սպառազինություն հատկացնելու, ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համաձայնության եւ այլ զիջումների դիմաց ստացել են շատ ավելի կարեւոր մի բան: Տվյալ դեպքում՝ դա Ս. Սարգսյանի կողմից տրված համաձայնությունն է` ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գործունեության երկարաձգման վերաբերյալ: Առաջիկայում այդ համաձայնությունը, անկասկած, կստանա նաեւ իրավական տեսք` հաստատվելով ՀՀ Ազգային ժողովում: Եվ այս ամենից հետո դժվար կլինի ասել՝ արդյոք Բաղրամյանում ընթացող ցույցերի արդյունքում մենք շահեցինք, թե կորցրինք՝ էլ ավելի երկարաձգելով մեր կախվածությունը «ռուսական սապոգից»:




Լրահոս