2015-ի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը նախորդ տարվա համեմատ գերազանցվել է 2 մլրդ-ով. ԴԱՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ղեկավար անձնակազմի խորհրդակցություն 2015 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների վերաբերյալ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

Ըստ օրակարգի՝ Հարկադիր կատարման ծառայության ղեկավար անձնակազմը զեկուցել է գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների մասին:

2015 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 11 մլրդ. դրամի սահմանագիծը`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 մլրդ. դրամի դիմաց, հարուցվել է 379.133 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 115.306 -ի դիմաց:

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 11.410.666.828 դրամ. պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 3.027.468.002 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 6.179.300.696 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 795.994.121 դրամ, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 764.567.612 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 643.336.397 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 13.199 կատարողական վարույթի: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 240.629՝ նախորդ տարվա 85.914-ի դիմաց:

Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ինչպես 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում Հարկադիր կատարման ծառայության գործունեությունը կարգավորող օրենսդրական փոփոխությունների և լրացումների, «Կառավարման էլեկտրոնային համակարգի» կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված դասընթացների, կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման ընթացակարգի նախագծի, միջազգային համագործակցության, այնպես էլ ծառայության բաժիններում և բաժանմունքներում միատեսակ, իրավակիրառ աշխատելաոճ ապահովելուն ուղղված քայլերի մասին:

Գոհունակություն հայտնելով Լոռու, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզային բաժիններում և բաժանմունքներում ստեղծված քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների աշխատանքից և հաշվի առնելով դրանց գործունեության արդյուննավետությունը Միհրան Պողոսյանը կարևորել է մյուս մարզերում ևս նմանատիպ գրասենյակների ստեղծումը և գործընթացը շարունակելու կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ տվել: Նշենք, որ այդ գրասենյակները կոչված են քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելու համար՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված մի շարք այլ հարցերի լուծման առնչությամբ:




Լրահոս