ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ 2 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի անվան շուրջ դատական գործընթացների պատմությունները չեն դադարում պտտվել: Եթե մինչ այս մի շարք քաղաքացիներ ԱԺ պատգամավորին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնի դեմ էին դատական հայցեր ներկայացնում, ապա հիմա էլ Արա Բաբլոյանն է դատի տալիս լրատվամիջոցին եւ դեռ ավելին՝ գումար պահանջում:

2015թ. մարտի 9-ին «Արաբկիր բժշկական համալիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հրապարակ» օրաթերթից պահանջելով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար հրապարակել հերքում, ինչպես նաեւ՝ 2 մլն դրամի փոխհատուցում: Իսկ ո՞ր հրապարակումն է այդպես «խոցել» Արա Բաբլոյանին:
Օրաթերթը ««Արաբկիր» կենտրոնը՝ հեպատիտ C-ի ավելի «բարենպաստ» օջախ» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, թե «Արա Բաբլոյանին պատկանող բժշկական կենտրոնում «բուժում» ստացած մարդիկ կան, որ մի կերպ հասել են Բելգիա եւ առաջին իսկ հետազոտությունից հետո պարզել, որ Բաբլոյանի կենտրոնից «սյուրպրիզ» ունեն՝ հեպատիտ C»: Քաղաքացիներից մեկը, որ հենց Բելգիայում էր իմացել իր հեպատիտի մասին, Օվսաննա Զոհրաբյանն էր:
Արա Բաբլոյանն իր հայցը հիմնավորել է հետեւյալ պատճառաբանությամբ, թե օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել, քանի որ լրատվամիջոցից ոչ ոք չի ցանկացել իր մոտ գալ եւ իմանալ իրականությունը: Եւ հիմա, մինչ ՀՀ առողջապահության նախկին նախարար Բաբլոյանը փորձում է 2 մլն դրամով ճշմարտությունը վերականգնել իր կյանքում, մի շարք քաղաքացիներ էլ շարունակում են պնդել, որ իրենց երեխաների իրական մահվան մեղավորները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանին պատկանող ԲԿ-ի աշխատակիցներն են:
Հիմա խոսենք փաստերով. դեռեւս 2013 թվականին ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել էր Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 2-ամյա Լիա Միսակյանը: Երեխայի ծնողները վստահեցնում էին, որ եթե բժիշկներն անփութություն չցուցաբերեին, ապա իրենց երեխան կենդանի կլիներ: Եւ շուրջ 2 տարի տեւած պայքարից հետո Լիայի հայրիկին՝ Գեորգի Միսակյանին, հաջողվեց հասնել նրան, որ ԲԿ-ի աշխատակիցները դատարանի կողմից պատասխանատվության ենթարկվեցին:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, դեռեւս 2012 թվականի սեպտեմբերի 4-ին էլ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել էր 1 տարեկան Էլեն Փարսադանյանը: Երեխայի մայրը եւս կատարվածի մեջ մեղադրում էր բժիշկներին, սակայն մինչ օրս մորը չի հաջողվում ապացուցել բժիշկների մեղքի չափաբաժինը: Թե ինչ զարգացումներ կլինեն, դեռ վաղ է ասել:
Նկատենք, որ նման շատ դեպքերում մարդիկ, պարզապես իրենց վշտից գլուխները կորցրած, չեն էլ ցանկանում գնալ իրավական ճանապարհով եւ հարմարվում են իրենց կրած կորուստի հետ: Բոլորը չէ, որ 2-ամյա Լիայի հոր՝ Գեորգիի նման պատրաստ են լինում հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործել՝ ապացուցելու, որ բժիշկներն էին երեխայի մահվան մեղավորը:
Ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ եթե պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնի դեմ մարդիկ դատական հայց են ներկայացնում արդարության հասնելու եւ «սրտները հովացնելու» հույսով, ապա պատգամավորը որոշել է լրատվամիջոցների հաշվին փող աշխատել: Հանրապետական կուսակցության անդամ Արա Բաբլոյանը, որը «Հրապարակ» օրաթերթից 2 մլն դրամ է պահանջում՝ իր արժանապատվությունը վիրավորելու եւ բարի համբավն արատավորելու համար, թերեւս կարծում է, որ այս գումարով հնարավոր կլինի վերականգնել իր եւ իր սեփական հիվանդանոցի հեղինակությունը: Բայց չէ՞ որ հեղինակությունը գումարով հնարավոր չէ գնել՝ անկախ զրոների քանակից:
Բաբլոյանն առանձնապես տխուր վիճակում չէ ֆինանսական կարողությունների իմաստով, սակայն նրա վարկանիշն ամենեւին էլ բարձր չի համարվում: Օրինակ՝ 2014 թվականին Բաբլոյանը պաշտոնապես հայտարարագրել է իր ունեցվածքը. 34 միլիոն 127 հազար դրամի եկամուտ ունի: Նրա ամսական հասույթը՝ աշխատավարձ եւ աշխատավարձին հավասարեցված միանգամից չորս առանձին գումարները, կազմում են 5 մլն 57 հազ, 3 մլն, 23 մլն 520 հազ. եւ 969 հազ. դրամ: Եւ ինչպես ՀՀ բոլոր նախկին ու ներկա չինովնիկները, Բաբլոյանն էլ փոխառությունից եկամուտներ է ստանում: Միայն նախորդ տարի նա հայտարարագրել է 1 մլն 205 հազ. եւ 374 հազ. դրամ եկամուտ, որը ստացել է փոխառությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածով սահմանված է, որ պատգամավորը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Սակայն Արա Բաբլոյանը այս իրողությունը շատ լավ իմանալով՝ պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 48 մլն 851 հազ. դրամ, 57 հազա 250 դոլար, 9 հազ. 500 եւ 7 հազ. շվեյցարական ֆրանկ դրամական միջոցներ:
Դատելով Արա Բաբլոյանի ունեցած միլիոններից՝ դժվար է պնդել, որ նա փորձում է օրաթերթին տուգանքի ենթարկելու հաշվին հարստանալ: Նրա թաքուն նպատակն իրականում լրատվամիջոցից գումար պահանջելու միջոցով մամուլի հետագա գործունեությունը վտանգելն է, որպեսզի լրատվամիջոցները հետայսու «վախենան» Բաբլոյանի մասին որեւէ տող գրել: Բայց արդյո՞ք նա կհասնի ցանկալի արդյունքին, դեռ դժվար է ասել: Համենայնդեպս, աշխարհում չի եղել որեւէ պաշտոնյա, պետական կամ հասարակական գործիչ, որը մամուլի դեմ կռվում հաղթած լինի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆՈՐԱԾՆԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ «ԱՐՄԵՆԻԱ» ԲԿ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել:
Ծննդատան բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը անցել է նորմալ, եւ երեխան որեւէ խնդիր չունի, սակայն երկու օր անց, երբ նորածնի հարազատները գնացել են ծննդատուն՝ երեխային տեսակցության, բժշիկներն ասել են, որ երեխան մահացել է: Տեղեկացանք, որ մահացած նորածնի հարազատները լացակումած դուրս են եկել հիվանդանոցից եւ չեն կարողացել ստանալ իրենց հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ բժիշկները հավաստիացրել են, թե փոքրիկի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ երկու օր անց նա մահացել է:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց նորածնի մոր կեսարյան հատումն իրականացրած բժշկուհի Ռուզաննա Քեհյանի հետ: Ըստ նրա, երեխան ծնվել է նորմալ, թե հետագայում նորածնի ներքին օրգանների հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել, հնարավոր է պարզել միայն երեխայի հերձման պատասխանը ստանալուց հետո. «Ձեզ վստահեցնում եմ, որ բժիշկների անփութության եւ անգործության մասին այս դեպքում խոսել չի կարելի, քանի որ բոլորը ամեն ինչ արել են՝ կնոջը եւ երեխային օգնելու համար»:
Երեխային ծնունդն ընդունած բժշկուհի Լիլիթ Ղարիբյանն էլ վստահեցրեց, որ նորածնի տատիկին վիճակի ծանրության մասին տեղյակ են պահել.«Երեխան ծնվել է անհաս, ներարգանդային կյանքում երեխայի աճը դանդաղել է, իսկ դա նորմալ չէ: Եթե նա նորմալ էր ծնվել, դա չի նշանակում, որ հետագայում կարող էին խնդիրներ չառաջանալ: Մենք ամեն ինչ իրականացրել ենք ճիշտ ժամանակին: Երեխան սկզբի օրը խնդիր չի ունեցել, սակայն երկրորդ օրը առաջացել են խնդիրներ, եւ նա անցել է արհեստական շնչառության ապարատի տակ եւ հետո դուրս չի եկել: Պետք է Ձեզ ասեմ, որ մեկ տարի առաջ այդ նույն ընտանիքն այս նույն հիվանդանոցում անհաս երեխա էր ունեցել, ու երկու ամիս այդ երեխային պահել ենք հիվանդանոցում: Ցանկանում եմ ասել, որ մեկ տարվա մեջ այդ ընտանիքը երկու անհաս երեխա է ունենում, ինչը նորմալ երեւույթ չէ: Ինչու եմ այս մասին ասում, որ Ձեզ համար էլ հասկանալի լինի, որ իրենց մոտ էլ ամեն ինչ հարթ չէ, պետք է բուժվեն, նոր երեխա ունենան»:
Դատելով բժիշկների հավաստիացումներից` այս դեպքում, կարծես թե, խնդիրը մասնագիտական անփութությունը չի եղել, սակայն այս հարցի վերջնական պատասխանը հնարավոր կլինի ստանալ միայն փոքրիկի հերձման արդյունքների ուսումնասիրությունից հետո: Եվ այդ ժամանակ արդեն պարզ կդառնա` արդյո՞ք այստեղ անելիք ունեն իրավապահ մարմինները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԵՂԵՐԸ ԿԼԻՆԵՆ
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման՝ 2015-2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին՝ նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների եւ երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը:

 

ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) երեկ տեղի է ունեցել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքի դատական քննությունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ սեպտեմբերի 9-ին, «Բարեւ, Ռո՛բ» ակցիայի լուսաբանման ժամանակ ԱԺ-ի անվտանգության աշխատակից Կարեն Հայրապետյանը խոչընդոտել էր լրագրող Մարինե Խաչատրյանի աշխատանքը, ձեռքով հրել ու գետնին գցել նրա պլանշետը: 2014-ին ՀՔԾ-ն որոշեց կարճել հարուցված քրեական գործով վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ դատախազությունը վերացրեց կարճման որոշումը: Արդյունքում՝ «Ա1+»-ի լրագրողը տուժող է ճանաչվել, բայց Կարեն Հայրապետյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել:
Երեկ դատախազը միջնորդեց գործի քննությունը տեղափոխել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ այդ վարչական շրջանում է գտնվում վարույթն իրականացնող մարմինը: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը:

 

ԿՆԵՐԿԱՅԱՆԱ՞Ն
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող օֆշորային հայտնի գործով երեկվա նիստում Փայլակ Հայրապետյանը ներկայացրել է մի քանի փաստաթղթեր եւ միջնորդություն գործով վկաներին դատարան հրավիրելու վերաբերյալ: Միջնորդության մեջ ներառված է 12 անձ, այդ թվում՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սամվել Կճոյանը, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի կինը, ամբաստանյալի ձեռնարկության հաշվապահը, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, «Ամերիա» բանկի պատասխանատու 5 անձ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչ:

 

ԿՈՉՆՉԱՑՆԵՆ
«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կիլոմետր խորության վրա: ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ»,-այս մասին ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:




Լրահոս