Իջևանում կենցաղի տան մոտ գործում է գյուղմթերքի ապօրինի շուկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, գործում է գյուղատնտեսական մթերքների օրինական շուկա: Իսկ քաղաքի կենցաղի տան առջեւի հրապարակում, ուր նախկինում կանաչապատ տարածք էր, գործում է գյուղմթերքների ապօրինի շուկա: Այդտեղ վաճառում են Արարատյան դաշտից եւ այլ տարածքներից ներկրված մրգեր եւ բանջարեղեն:

Վաճառքը կատարվում է նաեւ ավտոմեքենաների բեռնախցերից: Մրգերի եւ բանջարեղենի վաճառքն առկա է նաեւ կենցաղի տան կամրջի մոտ, ուր մթերքները դրված են գետնի վրա: Ընդհանուր առմամբ վերոհիշյալ տարածքներում առեւտրով է զբաղվում 70-80 հոգի: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից «Ժողովուրդը» հետաքրքրվեց, թե նրանցից քանի՞սն են քաղաքապետարանից ստացել բացօթյա առեւտրի թույլտվություն:

Քաղաքապետը հայտնեց, որ Իջեւան քաղաքի տարածքում բացօթյա առեւտուր կատարելու թույլտվություն ունեն 8 հոգի, որոնցից մի քանիսը առեւտուր են կատարում նշված հատվածում: Ուշագրավ է, որ անօրինական շուկան գործում է ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքից մոտ 150մ հեռավորության վրա, սակայն ոստիկաններն այդպես էլ «չեն նկատում» ապօրինի «բազարի» գործունեությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս