Խոշոր բիզնեսը հենց իրենք են. փորձում են մեղմել ժողովրդի զայրույթը. Վարուժան Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը խոշոր բիզնեսի համար չի լինելու: «Իրականում, իրավիճակը բոլորովին այլ է: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա ենք վերցնում բնակչության բեռը: Մենք մտածում ենք նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցելու եղանակների մասին: Բայց չեմ կարծում, որ կառավարությունը պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը»,- հայտարարել է Աբրահամյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը ժողովրդի մասին չի մտածում. «Պալիատիվ որոշումներ են կայացնում: Առհասարակ այս ռեժիմը ռեակտիվ կառավարման մեթոդն է որդեգրել և ամեն անգամ ինչ-որ քայլեր են կատարում, որպեսզի խուսափեն տվյալ պահի պատասխանատվությունից: Սա ընդամենն այդպիսի դրսևորումներից մեկն է»:

Ավետիսյանի խոսքով` վարչապետի այս հայտարարությունն ինչ-որ տեղ պոպուլիստական է. «Մենք հստակ փաստեր չունենք, բայց ժողովրդի մեջ վաղուց շրջանառվում են այնպիսի տեղեկություններ, որ խոշոր բիզնեսի շատ ներկայացուցիչներ անվճար են սպառել էլեկտրաէներգիան: Խոշոր բիզնեսը հենց իրենք են, ուրիշ մարդիկ չեն: Այս քայլով իրենք փորձում են փոքր-ինչ մեղմել ժողովրդի զայրույթը: Դա ժամանակավոր բնույթ է կրելու: Որոշ ժամանակ հետո էլեկտրաէներգիայի թանկացման հարցը լինելու է: Մենք անընդհատ այս Կառավարությունից անակնկալներ պետք է սպասենք, վատ անակնկալներ: Անգամ եթե քայլեր են կատարում, որոնք առաջին հայացքից կարող է դրական թվալ, մենք պետք է հասկանանք` դա այդպես թվում է, և դրա տակ ինչ-որ բացասական անակնկալ կա»:

Հարցին` այս հայտարարությունից ի՞նչ բացասական անակնկալ կարող ենք սպասել, Ավետիսյանը պատասխանեց. «Գիտեք, պարտադիր չէ, որ այդ նույն ոլորտում լինի: Նախ այս քայլով ոչ մի բան չի երաշխավորվում: Պարտքը ժամանակվորապես մարում են, որոշակի սուբսիդավորում են բնակչությանն ու փոքր և միջին բիզնեսին այն բանի համար, որ ընդվզման ալիք չլինի: Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, թե փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ինչպիսի քաղաքականություն է տարվում, ըստ էության, ոչնչացվում է այն հետևողականորեն: Իսկ թե ժողովորդին ինչպես են կեղեքում, դա էլ տեսնում ենք: Աղքատության ավելացումը, հարկադրված արտագաղթը: Այս կորուստները ծածկելու համար են նման մանիպուլացիոն քայլ կատարում: Դրանից մեր կյանքում ոչ մի դրական բան չի լինում»:




Լրահոս