Շուշիում մեկնարկեց ասմունքի համահայկական չորրորդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության և «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի նախաձեռնութամբ և աջակցությամբ Շուշիում մեկնարկեց ասմունքի համահայկական չորրորդ փառատոնը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը փառատոնի մասնակիցներին փոխանցեց Մերձավոր Սփյուռքի հայ համայնքերի վարչության պետ Տարոն Շագոյանը.

«Ուրախ եմ, որ շարունակելով գեղեցիկ ավանդույթը, այս տարի արդեն չորրորդ անգամ հյուրընկալվել եք Արցախ չքնաղ աշխարհի հանգրվաններից մեկում, ուր այս օրերին պիտի միահյուսվի Հայրենիքի և Սփյուռքի շնորհալի պատանիների ու աղջիկների շուրթերից հնչող հայ խոսքը: Այս տարի ողջ հայությանը միավորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք խնդիր ունենք հանուն արդարության վերահաստատման, հանուն Հայոց պահանջատիրության վերջնական հանգրվանին հասնելու, հանուն մեր ազգային նպատակների իրագործման` շարունակելու մեր պայքարը նաև մշակույթով և հայոց լեզվի պահպանությամբ: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր գործով, իր նվիրումով պայքարել, խելացի, կիրթ և մրցունակ լինել: Շնորհավորում եմ բոլորիս համահայկական այս ձեռնարկի առիթով: Բարձր եմ գնահատում բոլոր կազմակերպիչների ջանքերն այս փառատոնի կազմակերպման գործում, որի արդյունքում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լույսի ներքո մեր սերունդով հպարտանալու գեղեցիկ առիթ ու հնարավորություն ունենք: Փառատոնին մաղթում եմ բարի երթ, մասնակիցներին՝ հաջողություն»:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ կրթության նախարար Սլավա Ասրյանը, ԱՄՆ-ի Համահայկական առևտրական պալատի ցանցի խորհրդի անդամ, Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի բաժնետերերի խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանը:
Նշենք, որ փառատոնին մասնակցում է 61 ասմունքող՝ Հայաստանից և Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից, Սիրիայից, Ջավախքից, Իրանից, ինչպես նաև 42 ասմունքող՝Արցախից:

Փառատոնի շրջանակներում նախատեսված են վարպետության դասեր: Մասնակիցները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր:




Լրահոս