Ծաղկաձորում շարունակվում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկաձորում շարունակվում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որտեղ ներկայացված են Հայաստանի բոլոր տարածաշրջանների, Արցախի, Ջավախքի, սփյուռքի երիտասարդները։

Ջավախքի ջոկատի ղեկավար Էդգար Չախոյանը հավաքին մասնակցում է առաջին անգամ։ Ըստ նրա՝ շատ կարևոր է Ջավախքի և տարբեր տարածաշրջաններ ներկայացնող երիտասարդների շփումը։ «Ջավախքի երիտասարդներն ունեն ուշադրության կարիք։ Նման միջոցառումներն օգնում են, որպեսզի կապը հայրենիքի հետ չկտրվի»,- նշում է Էդգար Չախոյանը։ Նա նաև հավելում է, որ «Բազե» հավաքում հանդիպելով տարբեր պաշտոնյաների հետ՝ մշտապես բարձրացնում են Ջավախքի խնդիրները։

Այս տարի առաջին անգամ հավաքին մասնակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի սաները։ Երիտասարդական հիմնադրամն աշխատում է որքան հնարավոր է շատ երիտասարդական խմբերի ներգրավել հավաքի շրջանակներում։

Ռազմական ավիացիոն ինստիտուտի սան, կրտսեր սերժանտ Զավեն Մայիլյանը նշում է, որ մեծ ոգևորությամբ են մասնակցում հավաքին։ Ասում է, որ մրցակցությունը շատ թեժ է, և իրենց ինստիտուտը ներկայացնող ջոկատը մրցանակային տեղերի է արժանացել պարանի ձգում, լող, բազկամարտ մրցաձևերում։ Կրտսեր սերժանտը նկատում է, որ մրցակցությունը ջոկատների և ճակատների միջև ոգևորող է, ինչն էլ հենց հավաքն ավելի հետաքրքիր է դարձնում։ Յուրաքանչյուրն աշխատում է առավելագույն արդյունքներ ցուցաբերել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Զավեն Մայիլյանը կապավոր է։ Խոսելով իր մասնագիտության մասին՝ ասում է, որ շատ պատասխանատու գործ է։ Աշխատում են լավ սովորել՝ հայոց բանակի անխափան կապն ապահովելու համար։ Իսկ «Բազեին» մասնակցությունը բազմազանություն է մտցնում իրենց ռազմական առօրյայի մեջ։

Նշենք նաև, որ «Բազե» հավաքին «Երևան 1» ջոկատի կազմում մասնակցում է գրոսմայստեր, աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն Զավեն Անդրիասյանը, ով շախմատի մրցույթում նարնջագույն ճակատում գրավել է առաջին տեղը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում է մոտ 500 երիտասարդ։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս