Ամերիկահայ գործարար Սիլվա Չաքմաքչյանը հյուրընկալվեց սփյուռքի նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկաբնակ գործարար, աշխարհահռչակ «Հագուստ Սիլվիայից» հագուստների պատրաստման սրահի հիմնադիր-տնօրեն, բարերար Սիլվա Չաքմաքչյանին: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ Սփյուքի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բարձր գնահատելով Սիլվա Չաքմաքչյանի գործունեությունն ու ձեռքբերումները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիլվան ծնվել է Բեյրութում, սիրիահայերի ընտանիքում: 1946-1947թթ. մեծ հայրենադարձության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան, իսկ 19 տարեկանում մոր հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

33 տարեկանում հիմնելով սեփական գործը՝ «Հագուստ Սիլվիայից» (Silvia’s Costumes) ընկերությունը՝ սկսել է հագուստներ կարել հայտնի արտիստների, երգիչների, մշակութային ճանաչված գործիչների համար և 30 տարի շարունակ ապահովում է ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների փայլն ու շքեղությունը՝ դառնալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը:

Սիլվան մշտապես օգնել է Լոս Անջելեսի հայ համայնքին և եկեղեցուն, իրականացրել է շատ ծրագրեր, դարձել շատ ու շատ կառույցների բարեկամ, բարերար, բարեգործ: Ձեռք է մեկնել նաև Հայաստանի սոցիալապես անապահով բնակչությանը՝ հագուստ և օգնություն ուղարկելով»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սիլվա Չաքմաքչյանի օգնությունը Հալեպի ծերանոցին, որտեղ բնակվում են 46 ծերեր, որոնցից 13-ը գամված են անկողնուն: Սիլվան իր վրա է վերցրել նրանց սննդի և խնամքն ապահովելու հոգսը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը նույնպես շնորհակալություն հայտնեց սիրիահայերին ցուցաբերած օգնության ու բարերարության համար ու նշեց, որ հպարտ է այդպիսի հայրենակցուհի ունենալու համար:

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի նախագահ Անի Բալըխյանը հավաստիացրեց, որ «Հալեպը երկար պիտի հիշի այդ բարեգործությունը: Աստված միշտ պահի և պահպանի Ձեր զավակները»:
Իբրև գործարար կին՝ մեր հայրենակցուհին բազում պարգևներ է ստացել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:

Արամ Առաջին կաթողիկոսի կողմից էլ տիկին Սիլվան արժանացել է «Կիլիկյան ասպետ» շքանշանին՝ իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ աշխարհասփյուռ հայության ու հատկապես հայրենիքին ուղղած սրտաբուխ նվիրատվությունների համար:




Լրահոս