«Շենգավիթ» ԲԿ-ում տարօրինական հանգամանքներում կին է մահացել. նույնիսկ ոլորտի պատասխանատուներն են իրենց հույսը «դրսի» բժիշկների վրա դրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի լրատվական դաշտը պարբերաբար ալեկոծվում է նորածնի կամ երիտասարդ ծննդկանի մահանալու մասին հերթական լուրից: Վերջին դեպքը «Շենգավիթ» ԲԿ-ում գրանցվեց հուլիսի 29-ին, երբ «Շենգավիթ» ԲԿ-ում հաշվառված ծննդկան մահացավ, իսկ հաջորդ օրը նաեւ նորածնի մահվան բոթը ստացվեց:

Այս հիվանդանոցում տարօրինակ հանգամանքներում եւս մի կին է մահացել, ինչի մասին «Ժողովուրդ»-ին պատմել են նրա հարազատները: Դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ: Պարզվում է՝ կնոջը վիրահատելուց երկու օր հետո նրան տուն են ուղարկել՝ պատճառաբանելով, թե նրա վիճակն արդեն կարգավորվել է, բայց 54-ամյա կինը վիրահատությունից մեկ շաբաթ անց մահացել է:

Այն, որ հիվանդանոցները պետք է ձգտեն ամեն կերպ թաքցնել եւ արդարացնել իրենց բժիշկների անփութությունը, անմարդկայնությունը, անտարբերությունն ու սառնասրտությունը, անշուշտ, հասկանալի է, հատկապես մահվան դեպքերի մասով: Բայց Հայաստանի առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող տարբեր տեսչությունների խնդիրն էլ հենց նման դեպքերը ստուգելը, բացահայտելն ու բացառելն է: Բայց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ որպես ոլորտի վերահսկողության  պատասխանատու, պակաս անփութությամբ աչքի չի ընկնում: Նա սովորաբար արձագանքում է մահվան դեպքերից հետո՝ սրտաճմլիկ ցավակցական տեքստով ու պատասխանատվության ենթարկելու հոխորտանքներով եւ ոչ ավելին: Կասկածից վեր է, որ նույն Արմեն Մուրադյանն իր հիվանդ հարազատներին բուժելու համար նրանց տեղափոխում կամ օգնում է տեղափոխել արտերկիր: Ճիշտ այնպես, ինչպես վերը նշված «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանը: Նա էլ իր կնոջն է արտերկիր տարել՝ բուժման: Այսինքն՝ առողջապահության ոլորտի կոնկրետ պատասխանատուները՝ վերից վար, հենց իրենք են անտերության մատնում այդ համակարգը՝ հույսները դնելով «դրսի բժշկության» վրա:

Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն՝ «Շենգավիթ» ԲԿ-ի սեփականատերերից մեկն էլ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ընտանիքն է: Վերջինիս որդին` Տիգրան Քոչարյանը, նշված հիվանդանոցի ախտորոշման բաժանմունքի ղեկավարն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս