Հիմա էլ անցնենք 100 տոկոս համամասնականի, ի՞նչ խնդիր կա. ՀՀԿ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Ոչ միայն քաղաքական կուսակցություններն են հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այլև` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները խմբակցությունների հետ:

Խորհրդարանական ուժերին հիմնականում մտահոգում են ընտրությունների երկրորդ փուլի և կայուն մեծամասնություն ձևավորելու հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, երեկ նման քննարկում տեղի էր ունեցել նաև ՀՀԿ խմբակցությունում, որին մասնագիտական հանձնաժողովից մասնակցել էին Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը:

Թերևս, նոր Սահմանադրության առանձնահատկություններից մեկը խորհրդարանական համակարգի և համամասնական ընտրակարգի անցում կատարելն է: Ըստ այդմ, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ խորհրդարանում չեն լինի: Սակայն պարզվում է` ՀՀԿ-ական պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Մնացական Մնացականյանը (թիվ 15 ընտրատարածք) այնքան էլ անհանգստացած չէ այս համակարգի վերացմամբ: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ակտիվորեն մասնակցում է  քննարկումներին և  նորմալ է վերաբերվում համամասնական ընտրակարգի անցմանը:

«Իմ տեսակետը շատ նորմալ է, ոչ մի խանգարող հանգամանք չկա: Երբ որ հետագա ժամանակը եկավ, այն ժամանակ կմտածենք հետագա գործունեության մասին: Ի՞նչ տարբերություն, եթե համամասնականը մեր երկրի համար լավ է լինելու…. Մեր բոլոր ընդդիմադիրները, 15-20 տարի է, ասում են` անցնենք 100 տոկոս համամասնական ընտրակարգի, հիմա էլ անցնենք դրան, ի՞նչ խնդիր կա», – հավելեց նա:

Մնացական Մնացականյանը նշեց, որ նոր նախագծում կան և´ լավ կետեր, և´ խնդիրներ ու թերություններ, որոնք այս պահին քննարկվում են: Պատգամավորի համար առանձին գլուխներում կան անհասկանալի դրույթներ, մասնավորապես` կրթական համակարգի և տեղական ինքնակառավարման համակարգի հետ կապված, որոնց հետ կապված հարցերն էլ, նրա խոսքով, քննարկումների ընթացքում պետք է պարզաբանվեն:

«Երեկ նաև խմբակցությունով հանդիպում ենք ունեցել մեր մասնագետների հետ, առաջարկություններ եղել են: Նորմալ քննարկում է եղել», – եզրափակեց պատգամավորը:




Լրահոս