Համարժեք արձագանքի բացակայությունն ագրեսորի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն. Խաչատուր Քոքոբելյանը` Ջեյմս Ուորլիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին Նամակում ասվում է.

«Ն. Գ. պարոն Ջեյմս Ուորլիք,
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ
Մեծարգո պարոն Դեսպան,

Ես չեմ կարող իմ մտահոգությունը և վրդովմունքը չարտահայտել, մեզ համար այս դժվարին օրերին, Ձեր` ծայրաստիճան զգուշավորությամբ կատարված և Հայաստանի ու Ադրբեջանի պահվածքի միջև հավասարություն դնող ուղերձների և հայտարարությունների վերաբերյալ, որոնցում ակնհայտորեն անտեսվում է Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի խաղաղ բնակչության ակնհայտ հրետակոծությունը, որն ընդգրկել է գրեթե ամբողջ հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը:

Դրա հետևանքով, ցավոք, զոհվել են 3 հայ կանայք և վիրավորվել 4 խաղաղ բնակիչներ, իսկ Լեռնային Ղարաբաղում զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծության հետևանքով զոհվել են 4 զինծառայող և ևս 16-ը վիրավորվել:

Համոզված եմ, որ անհնար է նպաստել զինադադարին, առավել ևս խաղաղության հաստատմանը առանց Ձեր և Մինսկի խմբի կողմից, ադրբեջանական ագրեսիային և խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական պատերազմական գործողություններին անաչառ և համարժեք գնահատականներ տալու:

Մինչդեռ այդ գնահատականի և համարժեք արձագանքի բացակայությունն ագրեսորի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն՝ իր անպատիժ և սանձարձակ պատերազմական գործողություններին, ինչն էլ ուղեկցվում է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ և սանձարձակ հռետորաբանությամբ, որը չի նպաստում կայուն զինադադարի հաստատամանը և չի բխում իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորություններից: Իսկ այդ ամենը կարող է հանգեցնել նոր` անխուսափելի պատերազմի և ամբողջ տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն կայունության խաթարման:

Հավատացած եղեք, որ այս իրավիճակը մտահոգում է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու և վստահեցնում ենք, որ մենք կողմնակից ենք խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հաշվի առնելով, որ այս պարագայում իր պատասխանատվության բաժինն ունի նաև Մինսկի խումբը, ուստի, ակնկալում ենք Ձեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անաչառ և գործուն մասնակցությունն այդքան անհրաժեշտ կայուն զինադադարի և խաղաղության հաստատման գործընթացում:

Հարգանքներով` Խաչատուր Քոքոբելյան, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր»։




Լրահոս