Ումից են քննիչները պաշտպանում Բաքու փախած Վահան Մարտիրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներազգային ազատագրական շարժման» տխրահռչակ ղեկավար, ներկայումս Բաքվում հակահայկական հայտարարություններ անող Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու գործը, որը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնում, փակուղի է մտել: Ու թեեւ տուժողը երկրում չէ, այնուամենայնիվ, հարուցված քրեական գործը մինչ օրս ո՛չ կասեցվել է ո՛չ կարճվել:

Ինչպես հայտնի է՝ 2015թ օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժման» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն իրավապահներին հաղորդում էր տվել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծել են: ՀՀ քննչական կոմիտեն Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծ):

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը ապրում էր Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 24 հասցեում: Նա այդ օրը վիճել էր ընտանիքի անդամների` մոր, կնոջ հետ, որին միջամտել էին հարեւանները` Վահագն Խասապետյանը եւ նրա ընկեր Ալբերտ Ֆահրադյանը: Նրանց միջեւ սկսվել էր ծեծկռտուք: Դեպքից հետո ակտիվիստը հայտարարել էր, թե իր հարեւանները ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են եւ նրա պատվերն են կատարում:

Եւ մինչ կապացուցվեր, որ նրան ծեծի ենթարկելու պատճառը ամենեւին էլ իր ակտիվ գործունեությամբ չէ պայմանավորված, այլ կենցաղային վեճ է, այդ ընթացքում Վահան Մարտիրոսյանը 5 օր ապաստանելով քաղաքացի Ռուզան Մարգունու բնակարանում եւ այնտեղից գողանալով 3820 ԱՄՆ դոլար՝ սեպտեմբերի 4-ին հատեց ՀՀ սահմանը եւ ապաստան գտավ Բաքվում:

Նշենք, որ գողության դեպքից հետո Վահան Մարտիրոսյանը ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված երկու քրեական գործերով էր անցնում` ծեծ եւ գողություն, մեկով՝ տուժող, մյուսով` մեղադրյալ:

Այսպիսով, այսպես ասած՝ ակտիվիստի կողմից Հայաստանը լքելուց հետո անցել է 1,5 ամիս, ու, ըստ ամենայնի, ծեծի գործը փակուղի է մտել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վահան Մարտիրոսյանի հետ վիճաբանած տղաները` Վահագն Խասապետյանը և նրա ընկեր Ալբերտ Ֆահրադյանը, հայտնեցին, որ Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանից փախչելուց հետո իրենց քննչական մարմին չեն հրավիրել. «Դե, ինչ հրավիրեն, Վահան Մարտիրոսյանը թողել գնացել է, էլ ի՞նչ ընթացք տան»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում ակտիվիստին ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեկ ամսից ավելի է, ինչ լքել է Հայաստանը: Ի պատասխան մեր հարցման՝ կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Հետաքրքիր է՝ Քկոմիտեն տուժող Վահան Մարտիրոսյանին ումի՞ց է պաշտպանում, երբ նա լքել է Հայաստանը` դավաճանելով մեր երկրին:

Ավելին` սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ գողության մեջ մեղադրվող, ընտանիքի հետ Հայաստանից հեռացած եւ Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Սա նշանակում է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող ծեծի գործն «օրակարգից դուրս է հանվել», եւ ՀՀ քննչական կոմիտեում այս օրերին քննում են միայն Վահան Մարտիրոսյանից տուժած Ռուզան Մարգունու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը` գողություն: Սակայն Քկոմիտեն տեղեկացրեց, թե շարունակվում է նաեւ ծեծի գործի նախաքննությունը՝ արդյո՞ք քննիչը վստահ է, որ Վահան Մարտիրոսյանը կհայտնաբերվի մոտ օրերս: Դժվար է ասել:

Բայց փաստ է, որ ՀՀ քննչական կոմիտեն եւ, ընդհանրապես, իրավապահ մյուս կառույցները օպերատիվ կերպով կարճում են բացառապես այն գործերը, որոնք վերաբերում են այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի կամ նրանց զավակների արարքների առիթով հարուցված քրգործերը:

Քնար Մանուկյան




Լրահոս