«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՈՒՄ ԻՐԱՐ «ԳԼԽԻ» ՉԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունում, առավել եւս՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում այս օրերին անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ թե՛ խորհրդարանում, թե՛ կուսակցությունում ժառանգականները «թեւերի» են բաժանվել, ու ամեն մեկն իր դիրքորոշումն է ներկայացնում: Դա ավելի ակնհայտ դարձավ հոկտեմբերի 5-ին՝ Աժ-ում Սահմանադրության նոր նախագծի քվեարկության ժամանակ, երբ խմբակցության երեք պատգամավորները տարբեր կերպ քվեարկեցին: Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ որոշել է «Նոր Հայաստան» ստեղծել ու պայքարել ոչ-ի ճամբարի ներկայացուցիչների հետ:

Ներկայումս «Ժառանգություն»-ը Աժ միակ ընդդիմադիր խմբակցությունն է, որի գոնե երկու անդամ չի ներկայացնում միանման դիրքորոշում: Սահմանադրական փոփոխությունների նախագծին, օրինակ, խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կողմ քվեարկեց, Ռուբեն Հակոբյանը, որը եւս կողմ է Սահմանադրության փոփոխությանը, իր դիրքորոշումը ներկայացրեց կուսակցությունից դուրս գալու որոշմանը զուգահեռ: Իսկ, ահա, Զարուհի Փոստանջյանը, ով պետք է ստանձնի խմբակցության ղեկավարի պաշտոնը, բայց խմբակցությունը չի «հավաքվում», որ նիստ անի ու հաստատի նրա նշանակումը, դեմ է քվեարկել նախագծին: Խմբակցությունից լիովին անկախ եւ մեկուսի գործունեություն է ծավալում Ալեքսանդր Արզումանյանը, որը եւս այս անգամ կողմ քվեարկողների շարքում էր:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա, ըստ հայտարարությունների, դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց դեռեւս այդ դեմ-ի առարկայական դրսեւորումները չեն նկատվում, քանի որ, ըստ կուսակցության պաշտոնական տեղեկատվության, Ր. Հովհաննիսյանը անձնական խնդիրների պատճառով Հայաստանում չէ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է խմբակցությունն իր գործունեությունն իրականացնելու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ:
-Պարո՛ն Պողոսյան, Դուք որեւէ կուսակցության անդամ չեք, սակայն խորհրդարանում կողմ եք քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Ինչպե՞ս եք Դուք իրականացնելու Ձեր այո-ի քարոզարշավը, ո՞րն է լինելու Ձեր գործունեության ձեւաչափը:
-Արդեն մի անգամ նշել եմ, որ տեղյակ չեմ, թե ովքեր եւ ինչ են նախաձեռնում, երբ է դա լինելու, ինչպես են այդ քարոզարշավն իրականացնելու, այդպիսի հատուկ խնդիր չունեմ դրած: Եթե առիթ կլինի երբեւէ խոսելու, ապա անպայման իմ տեսակետները կներկայացնեմ, չեմ դադարի խոսել խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետության մասին: Իմ առաջարկությունները կապված են եղել քաղաքացիական իրավունքի ամրապնդման, ինչպես նաեւ՝ վերահսկողական ֆունկցիաների մեծացման հետ: Բայց մինչեւ հիմա դեռեւս տեղյակ չեմ, թե ինչ քարոզարշավներ կան, իրականացնողների կամ մասնակիցների վերաբերյալ եւս որեւէ տեղեկություն չունեմ: Այնպես որ, այդպես հատուկ բանի չեմ մասնակցելու, բայց եթե առիթ կլինի իմ դիրքորոշումը ներկայացնելու, անպայման խոսելու եմ, ներկայացնելու եմ:
-Քաղաքական կուսակցություններն արդեն որոշե՞լ են, թե որտեղ են լինելու եւ ինչպե՞ս են իրենց քարոզարշավն իրականացնելու, գուցե այո-ի ճամբարի որեւէ քաղաքական ուժի հետ ինչ-որ մի մարզ, գյուղ մեկնե՞ք՝ Ձեր դիրքորոշումը ներկայացնելու համար, թե՞ նման մտադրություն չունեք:
-Ես կուսակցական խնդիր չունեմ ու ուրախ եմ, որ ինչպես ոչ-ի, այնպես էլ այո-ի ճամբարները նախաձեռնություններ ունեն, թող իրենք էլ անեն այն ամենը, ինչը ցանկանում են: Ըստ օրենքի՝ երկու կողմերին էլ հավասար պայմաններ են ընձեռնվում, հիմա յուրաքանչյուրն ունի հավասար իրավունք, ու ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչպես է իրականացնելու իր քարոզարշավը: Ես ծրագրեր չունեմ մարզեր գնալու, տեղյակ չեմ, թե մյուսներն ինչպես են դա կազմակերպելու, գուցե կուսակցությունները ներսում նման քննարկումներ իրականացնում են, եթե առիթ լինի, ես իմ դիրքորոշումը կներկայացնեմ: Արդյունավետությունն էլ կգնահատենք հանրաքվեի արդյունքներով:
-Այսօր Ձեր խմբակցությունում իսկական խառնաշփոթ է, այն աստիճան, որ խմբակցության անդամներով չեք հավաքվում՝ նիստ գումարելու եւ խմբակցության ղեկավար նշանակելու համար: Դուք՝ որպես խմբակցության քարտուղար, չեք կարողանո՞ւմ համախմբել խորհրդարանի Ձեր գործընկերներին` միահամուռ որոշում կայացնելու համար:
-Հիմա մեզ մոտ ձեւավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք, որպեսզի սա անցնի: Քանի որ չի ստացվում միասին նստել, հարցեր քննարկել, միասին դիրքորոշումներ ձեւավորել, երեւի ինչ-որ ժամանակ կանցնի, ամեն ինչ կհարթվի: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
«ԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ՔԱՅԼԵՐՍ»

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում նախ ներկայացրեց միության 15-ամյա գործունեությունը, ապա հայտարարեց, որ մտադիր է նոր կուսակցություն ստեղծել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Ասուլիսից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել Ա. Աբրահամյանին:
-Պարո՛ն Աբրահամյան, մշտապես նշվում էր, որ Դուք քաղաքականություն եք մտնելու Ձեր եղբայրների հետ միասին: Նրանց հետ այդ հարցը քննարկե՞լ եք:
-Իմ եղբայրների հետ դեռ չեմ քննարկել, չգիտեմ: Եթե իրենք համաձայնեն…: Ես չգիտեմ` հիմա իրենք կհամաձայնե՞ն իրենց կուսակցությունները թողնել, գան, ինձ միանան: Կարող է՝ իրենք իրենց կուսակցություններով են ուզում առաջ գնալ:
-Այսինքն՝ Ձեր եղբայրների հե՞տ եք մրցելու, նաեւ Ստեփան Դեմիրճյանի, ով Ձեր խնամին է, Արթուր Բաղդասարյանի…
-Գիտեք, ես բոլորի հետ մրցելու եմ, եթե իրենք իմ կողմնակիցը չեն: Մրցելու եմ ոչ թե կռվի դաշտում, այլ որ էս երկրի վիճակը լավ լինի:
-Օրինակ` ՕԵԿ-ն ու ՀԺԿ-ն դեմ են սահմանադրական փոփոխություններին, ինչպե՞ս եք իրենց հետ համագործակցությունը պատկերացնում:
-Բայց ես չասացի` ինչ-որ մեկի հետ համագործակցելու եմ կամ չեմ համագործակցելու: Մենք բացում ենք կուսակցություն, մենք մշակում ենք մեր գաղափարախոսությունը, մենք մշակում ենք մեր ծրագրերը: Դրանց մեջ շատ հստակ լինելու են` ովքեր են մեր անդամները, որ կորպորացիաներն են ներդրումներ կատարելու, ինչ մասշտաբով, եւ այդ ամեն ինչը պատրաստելուց հետո մենք կասենք` մեր դռները բաց են, եթե կհամագործակցեն մեզ հետ, մեծ ուրախությամբ մենք իրենց կընդունենք: Բոլորը, ովքեր մեզ հետ միասին կարող են օգնել այս երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել, մյուս խնդիրները լուծել, կամ իրենց ծրագրի մի մասը կհամընկնի մեր ծրագրերի հետ, մենք կհամագործակցենք իրենց հետ:
-Ձեր` Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու առաջնային պատճառը ո՞րն է: Ի՞նչ եք փոխելու Հայաստանում:
-Արտագաղթն է, տնտեսական, սոցիալական վիճակը եւ հազար ու մի այսպիսի խնդիրներ:
-Ըստ Ձեզ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում որքան ձայն կստանաք եւ արդյոք կհայտնվեք խորհրդարանում:
-Այ, դա Դուք պետք է հարցում անեք ժողովրդից, իրենք ինչպիսի գաղափարախոսություն են սիրում, ում կողմնակիցն են, ինչ են ուզում, եւ արդյունքները Ձեզ համար պարզ կլինի:
-Պարո՛ն Աբրահամյան, Դուք Լիբիայում մեծածավալ ներդրումներ էիք կատարել, ի՞նչ եղավ Ձեր գումարների հարցը, արդյո՞ք կարողացաք դրանք հետ ստանալ:
-Հիմա էլ ունեմ: Դուք տեսնում եք այդ երկրի վիճակը, հիմա բաժանված է երկու, երեք մասի: Ես շատ հետեւողական եմ: Երեւի մի ամիս առաջ եմ հանդիպել իրենց վարչապետի հետ, հույս ունեմ, որ գումարներս կվերադարձնեն:
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի՞նչ կերպ է շնորհավորել Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը:
-Պուտինի ներկայացուցիչը եկավ, Կրեմլում կարդաց ամբողջ ժողովրդի առաջ եւ ինձ պաշտոնական ներկայացրեց:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԳԻՆԸ
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի մեկուկես մլդր դրամ: Այս գումարից 210.5 մլն դրամը կտրվի ՀՀ ոստիկանությանը՝ ընտրացուցակների տպագրության համար: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում պետական պահպանության ծառայության զինծառայողների 2015 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` ՊՊԾ-ին լրացուցիչ կհատկացնի 20 մլն դրամ:

 

ՏՆՕՐԵՆ ՉՈՒՆԵՆ
«Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը բաց մրցույթ է հայտարարել՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Նշենք, որ մրցույթը տեղի է ունենալու 2015 թվականի նոյեմբերի 23-ին: Իսկ հայտերն ընդունվելու են մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Քանաքեռավան գյուղում ծառից կախված վիճակում հայտնաբերվել էր «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը, որը նախկինում մեղադրվել է կրթահամալիրի միջոցներից 22 մլն դրամ յուրացնելու մեջ:

 

ԴԺԲԱԽՏ ՏՈՒՆ
Այս տարվա փետրվարի 16-ին ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի Նոր Հաճնում գտնվող առանձնատունը եւս անցել է «Պրոմեթեյ» բանկին: Դա այն առանձնատունն է, որտեղ ինքնասպան էր եղել գործարարը: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ չնայած առանձնատունը աճուրդի է հանվել, սակայն դեպքից հետո իրավապահները կապարանակնքել են գործարարի սենյակը: Ասել է թե՝ տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել:
Հավելենք, որ օգոստոսի 5-ին Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ լքել է Արաբկիր վարչական շրջանի Բլուր թաղամասում իր առանձնատունը, քանի որ այն եւս աճուրդի է հանվել:

 

«ԳՐԵՅԹ ՎԵԼԼԻ»-Ն ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Մարգարյանը 2015թ սեպտեմբերի 1-ին, դիմելով մաքսային, մարմին հայտնել է, որ ընկերության անունով հայտարարագրվել են ապրանքներ՝ ներքին սպառման համար մաքսային ռեժիմով, սակայն հայտարարագրում սխալ տվյալներ են նշվել: «Գրեյթ Վելլի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Մարգարյանի դիմումը ուսումնասիրելուց հետո մաքսային ծառայությունում որոշվել է ընկերությանը ենթարկել 5 հազար դրամ վարչական տույժի:




Լրահոս