Արագածոտնի մարզում սնկային թունավորման երկու դեպք է արձանագրվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք է արձանագրվել՝ 2 տուժածով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արագածոտնի մարզի Օհանավան և Օշական գյուղերում թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգ տագործումը սննդում: Հիվանդները հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Ներկայում նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սունկ ուտելուց հետո 1.5-2 ժամ անց: Նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում,ջերմություն, ստամոքի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ։ Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին անգամ հորդորում է սնկային թունավորումից խուսափելու համար`

Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ:
Չհավաքել ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում աճած սունկ, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:
Սննդում չօգտագործել հում սունկ։
Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է լինի տեսակավորված։
Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել:
Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:




Լրահոս