Սերժ Սարգսյանը որոշել է երկիրը վերածել բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի. «Նոր Հայաստան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հանդես է եկել  հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի

Գործող Սահմանադրությունը հանգամանքների բերմամբ վերածվել է Սերժ Սարգսյանի վերարտադրության արգելքի:
Այդ պատճառով նա որոշել է հերթական անգամ կեղծիքի միջոցով նոր սահմանադրություն ընդունել, որի հանրաքվեն նշանակված է 2015 թ. դեկտեմբերի 6-ին:
Միևնույն ժամանակ՝ այդ նոր սահմանադրությունը ձևավորելու է ժողովրդի իշխանության յուրացումը և մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումը ամրագրող մեխանիզմներ:
Ըստ էության՝ հանուն իր կառավարումը երկարաձգելու, Սերժ Սարգսյանը որոշել է երկիրը վերածել բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի:
Նման աղետալի իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համաժողովրդական համախմբում և պայքար՝ հանուն ժողովրդի իշխանության վերականգնման:

Բնականաբար՝ նախապես հարկ կլինի հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախմբին և բացառել նոր սահմանադրության ընդունումը:
Արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով «Ընդդիմության միասնական շտաբ»-ը աշխատելու է ոչ միայն ժողովրդին համախմբելու և ոտքի հանելու ուղղությամբ, այլև օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենքով հանրաքվեի գործընթացին, այդ թվում՝ «ՈՉ»-ի քարոզչությանը մասնակցելու բոլոր հնարավորությունները:
Մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով «Ժառանգություն» կուսակցության անունով ստեղծվելու է հիմնադրամ, որն ապահովելու է քարոզչության ֆինասնավորումը, այդ թվում՝ դահլիճների վարձակալումը և եթերաժամերի դիմաց վճարումը:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում մասնակցել 2015 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում անցկացվող համազգային հանրահավաքին և աջակցել իր քարոզչական հիմնադրամին, որի բանկային հաշվի համարը կհրապարակվի առաջիկա օրերին:
Դեկտեմբերի 1-ին միասին ենք որոշելու մեր անելիքն ու ապագան: Մե՛նք ենք տերը մեր երկրի»:




Լրահոս