«Գազպրոմ Արմենիա»-ն խաբո՞ւմ է սպառողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը: Իսկ ԱԺ անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, դիմելով Նազարյանին, հայտարարեց, որ այսօր գազի հաշվիչներն ի վիճակի չեն ճշգրիտ ներկայացնել գազի ծավալը: Պատգամավորը նկատեց նաեւ, որ հաշվիչները փոխելու անհրաժեշտություն կա, քանի որ դրանք, կախված ջերմաստիճանից, ճնշումից, ճիշտ չեն ցույց տալիս ծախսի ցուցմունքները:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն հաշվիչները, որոնցից օգտվում են մեր բնակիչները, ճշգրիտ գազի ծավալ չեն կարող որոշել, որովհետեւ դա կախված է մի քանի պարամետրերից, ճնշումից, ջերմաստիճանից: Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է՝ նոր հաշվիչներ տեղադրելու, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, թե ինչքան գազի ծավալ են իրենք սպառում»,- ՀԾԿՀ նախագահից հետաքրքրվեց պատգամավորը:

Ի պատասխան Քոքոբելյանի հարցմանը` Նազարյանը տեղեկացրեց, որ գազի հաշվիչները մինչեւ 2017 թվականը պետք է փոխվեն: Ըստ Նազարյանի՝ կկիրառվեն թվային հատուկ հաշվիչներ, որոնք հատուկ բանաձեւով են հաշվարկելու գազի ծախսը: Ի դեպ, Նազարյանը ընդգծեց, որ հաշվիչները փոխելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ իր հաշվին, սակայն դա դիտարկվելու է որպես ներդրում: Այնուամենայնիվ, նա չպարզաբանեց, թե այդ հաշվիչներն ինչ սկզբունքով են աշխատելու եւ ինչով են տարբերվելու ներկայիս հաշվիչներից: Նկատենք, որ չպարզաբանված է մնում նաեւ այն, թե ներկայիս հաշվիչները ինչ կլիմայական պայմաններում եւ ինչ ճնշման ներքո են ավել գազի ծավալ արձանագրում: Այլ կերպ ասած՝ ինչպես է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «խաբում» սպառողներին: Սակայն ընկերությունից այս հարցերի պատասխանը ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս