4 ամսում 3 «Գրան Պրի» ստացած երգչուհին հայրենիքում իր տեղը չի գտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս գյումրեցի օպերային երգչուհի Լեոնորան (Արեւիկ Գրիգորյան-Թանաշյան), Վարշավայում մասնակցելով լեհ նշանավոր երգչուհի Աննա Հերմանի անվան միջազգային մրցույթին՝ հանդես է եկել «Ավե Մարիայով» եւ արժանացել «Գրան Պրի»-ի՝ իր արտակարգ ձայնի, կատարողական բարձր վարպետության համար: Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էլ Լեոնորան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, մասնակցելով Sofia Grand Prix-2015 միջազգային մրցույթին, կրկին արժանացել էր «Գրան Պրի» մրցանակի: Դե, իսկ դրանից առաջ էլ նա Երեւանում ներկայացել էր «Կովկասյան առաջնություն» անվանումը կրող միջազգային մրցույթին եւ էլի ստացել «Գրան Պրի»: 4 ամսվա ընթացքում 3 «Գրան Պրի»-ի արժանացած երգչուհին, սակայն, իր տեղը չի գտնում հայրենիքում:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ով է հոգում Լեոնորայի` արտասահման մեկնելու, միջազգային մրցույթներին մասնակցելու ծախսերը, արդյոք պետությունը ֆինանսավորում է օպերային երգչուհուն, վերջինս պատասխանեց. «Ֆինանսական հարցերով զբաղվում է ամուսինս, ով նաեւ իմ մենեջեր-պրոդյուսերն է: Կան որոշ անձինք, ովքեր գնահատելով իրական արվեստն ու մշակույթը՝ մեզ թիկունք են կանգնում, հատկապես, երբ իմանում են, որ դրսում ներկայացնելու եմ Կոմիտաս, հայ մշակույթը: Օգնողները հիմնականում սփյուռքահայեր են, իսկ ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա նշեմ, որ մենք մի քանի անգամ դիմել ենք մշակույթի եւ սփյուռքի նախարարություններին, սակայն ապարդյուն: Մեզ պատասխանել են, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում եւ համապատասխան ֆինանսներ չունեն, որ մեզ աջակցեն»:

Ի դեպ, Լեոնորան փորձել է մուտք գործել Ալ. Սպենդարյանի օպերային թատրոն, ցանկություն հայտնել այնտեղ աշխատելու, մասնակցել է լսումների, սակայն այդ ջանքերը որեւէ արդյունք չեն ունեցել. «Ինձ հասկացրեցին, որ ես իրենց պետք չեմ: Իսկ ես իմ տաղանդը գնահատում եմ եւ չեմ փորձի ավելորդ անգամ թակել իրենց դուռը: Ինչպես հասկացանք՝ արտասահմանում մեզ ավելի շատ են գնահատում, քան հայրենիքում»,-ասաց երգչուհին:

Լեոնորայի խոսքով` ինքը իր ընտանիքի, փոքրիկ զավակի ապագան տեսնում է արտերկրում. «Հայաստանում ապրում եմ ժամանակավոր, բալիկս հիմա դեռ փոքր է, կոնկրետ պլաններ չունենք, բայց ես ու ամուսինս պետք է ընտրենք մի երկիր, որտեղ նա խոստումնալից ապագա կունենա: Եվ, այնուամենայնիվ, թեեւ ես այստեղ գնահատված չեմ, ես իմ հայրենիքը սիրող մարդ եմ, ամեն տեղ ես ներկայանում եմ որպես հայ, որպես գյումրեցի, որքան էլ դրսում գնահատված լինեմ, ես չեմ ուրանում իմ արմատները»,-եզրափակեց երգչուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս