ՍԵՎԱՆԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ԵՆ ՄԱՔՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով լճի ափամերձ տարածքները ջրածածկվում են, ինչի արդյունքում ջրի տակ են մնում անտառածածկ հատվածներ` հսկայական ծառեր, թփեր, արմատներ: Բնապահպանների պնդմամբ՝ եթե Սեւանի մակարդակը շարունակի բարձրանալ, իսկ ափամերձ հատվածների մաքրման աշխատանքները իրականացվեն նույն տեմպերով, ինչ հիմա, ապա լիճն անխուսափելիորեն կճահճանա:

Հիշեցնենք, որ 2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը 600 հազար եվրոյով ձեռք բերեց «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն մի որոշ ժամանակ գործարկվելուց հետո այդ գերթանկարժեք էքսկավատորը Սեւանա լճի ափերին հաճախակի չի երեւում: Ավելին` մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ «Ութերմաստեր»-ը ներկայումս աշխատում է լճի այն հատվածների մաքրման վրա, որոնց մոտ մեծահարուստ պաշտոնյաներն առանձնատներ կամ զվարճանքի օբյեկտներ ունեն: Իսկ այս ընթացքում Սեւանա լճի ափերը շարունակում են մամռակալել ու ճահճանալ: Օրերս «Ժողովուրդ»-ը եղավ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, որտեղից դեպի Հայրիվանք ընկած հատվածի ափամերձ տարածքը լեցուն էր եղեգների մացառներով:
Նշենք, որ եթե անտառը մնա ջրի տակ, ապա լիճ կլցվի մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքերով՝ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին պետք է ներգրավել հարակից համայնքների բնակիչներին եւ վերահսկել այդ աշխատանքը: Բնապահպանն այս հարցի շուրջ տեղի բնակիչներից պարբերաբար ահազանգեր է ստանում, հաճախ լուսանկարների տեսքով: «Այս տարի Սեւանի ափամերձ որոշ հատվածներում ջուրը ծաղկել է կապտականաչ ջրիմուռներով, որը վատ ցուցանիշ է: Դա ճահճացման ցուցանիշ է: Մենք ափերը չենք մաքրել, եւ կանաչը, թափոնները անցել են այնտեղ. եթե դա չլիներ, ապա մենք կմտածեինք, որ դա բնական է, որովհետեւ նման պատկեր ստեղծվեց նաեւ 1983 թվականին: Սակայն այս պարագայում հավանականությունը մեծ է, որ դա հենց չմաքրած ափերի բացասական ազդեցությունն է: Այն մեծ վտանգ է ներկայացնում լճի համար»,- ընդգծեց Դանիելյանը:
Սեւանի ափամերձ տարածքների աղտոտման խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանի հետ. «Ինչ վերաբերում է Լճաշեն համայնքի հարակից տարածքի` Սեւանի ափամերձ հատվածին, որտեղ տեսել եք եղեգների մացատներ, այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա, ներկա պահին, ինչ գնել ենք այդ տեխնիկան, մաքրման աշխատանքներն իրականացվում են Մեծ Սեւանի տարածքում, որովհետեւ այնտեղ ջրի մակարդակը բարձրանում է, եւ ավելի մեծ մակերեսով հողային տարածքներ են անցնում ջրի տակ: Դրա համար էլ ավելի մեծ ծավալի աշխատանքներ հենց այնտեղ են իրականացվում»:
Մասնագետը հայտարարեց, որ Մեծ Սեւանում աշխատանքներն ավարտելուց հետո, երբ արդեն կծրագրվեն հաջորդ գործողությունները, կսկսվեն Փոքր Սեւանի մաքրման աշխատանքները: Իսկ Մեծ Սեւանի հատվածում մաքրման աշխատանքներն իրականացվում են Նորատուսի եւ Վարդենիսի տարածաշրջաններում. «Այս պահին էլ տեխնիկան բավականին դժվար պայմաններում անխափան աշխատում է: Բայց մեզ հաջողվել է այս տարիներին բավականաչափ տարածքներ մաքրել: Կոնկրետ 2015 թվականի համար նախատեսված է 150 հա մաքրման աշխատանքներ իրականացնել: Նորատուսի հատվածում 150 հա-ից որոշ հատվածի մաքրման աշխատանքները վերջացրել ենք, իսկ Վարդենիսի տարածաշրջանում արդեն 70 հա-ն մաքրվել է, եւ մինչեւ տարեվերջ ամբողջ 150 հա-ն կապահովենք»:
Ս. Բալոյանի փոխանցմամբ` Լճաշենի կողմից Սեւանի ափամերձ տարածքների մաքրման վերաբերյալ դեռեւս ոչինչ պլանավորված չէ. «Բայց պլանավորումը կատարվում է՝ ելնելով ջրի մակարդակի փոփոխություններից: Իսկ ընդհանրապես նախատեսվում է մաքրել շուրջ 2000 հա տարածք»: «Ժողովուրդ»-ը Բալոյանից տեղեկացավ, որ 2014թ. տարեսկզբից մինչեւ տարեվերջ մաքրվել է շուրջ 100 հա տարածք: Իսկ այս տարվա համար նախատեսված 150 հա տարածքից 120 հա-ն արդեն մաքրվել է: Նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ բնապահպանների այն մտահոգությանը, որ մաքրման աշխատանքները ճիշտ եւ ժամանակին չկատարելու դեպքում լիճը կճահճանա: «Ճահճացման գործընթացը այդքան էլ արագ ձեւով չի ընթանում: Այս խնդրին պետք է մասնագիտական մոտեցում ցուցաբերել: Եթե հաշվի առնենք, որ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է շուրջ 1900 մ բարձրության վրա, եւ ջերմաստիճանային պայմաններն այնտեղ այնպիսին են, որ տարվա կեսից ջրի ջերմաստիճանը չի գերազանցում 18 աստիճանը, ապա այդպիսի ջերմաստիճանային պայմաններում ճահճացման պրոցեսները դանդաղ են ընթանում: Բայց որ մաքրելու ենք այդ հատվածները, դա միանշանակ է»:
Զրույցի ավարտին «Ժողովուրդ»-ը Ս. Բալոյանին փոխանցեց նաեւ այն տեղեկությունները, որ 600 հազար եվրո արժողությամբ տեխնիկան՝ «Ուոթերմաստեր»-ը, երբեմն աշխատեցնում են Սեւանի ափամերձ տարածքներին մոտ գտնվող օլիգարխների առանձնատների եւ օբյեկտների շրջակայքը մաքրելու համար: Ինչին ի պատասխան՝ Բալոյանն ասաց. «Ես չգիտեմ, թե դա ով է ասում: «Ուոթերմաստերի» աշխատանքի համար մենք ենք պատասխանատու, այն մեր բալանսում է գտնվում: Եւ այդպիսի դեպք չի էլ եղել, որ որեւէ մեկը մեզ դիմի ու ասի՝ եկե՛ք, մեր տարածքը մաքրե՛ք: Տվյալ տեխնիկան մշտական մեր հսկողության տակ ենք պահում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է
Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը հայտարարել էր, թե իր դեմ հարուցած քրեական գործով քննչական գործողություններ չեն կատարվում եւ պնդել, որ գործի հարուցումը կապված է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածության առաջադրման հետ:
Նշենք, որ 2015 թ. օգոստոսի 28-ին Վ. Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 314 («Պաշտոնական կեղծիքը») հոդվածներով: Տվյալ գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունը:
Քրեական գործը վերաբերում է Իջեւանի շախմատի տան առաջին հարկի տնօրինմանը: 1987 թվականի Իջեւանի քաղխորհրդի որոշմամբ այն հանձնվել է մի կոոպերատիվի որպես սրճարան աշխատեցնելու համար:
2001թ.՝ Վարուժան Ներսիսյանի քաղաքապետ աշխատելու ժամանակ, այն վերադարձվել է համայնքի հաշվեկշիռ եւ նախատեսվել որպես մանկական գրադարանի մասնաճյուղ:
2006թ. այն տրվել է Վ. Ներսիսյանի մտերիմներից Իջեւանի ավագանու նախկին անդամ, այժմ հանգուցյալ Գարիկ Սուքոյանի դստերը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ տվյալ քրեական գործի քննությունն ընթացքի մեջ է: Նա մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է:
Փոխարենը Մանթաշյանն ընդգծեց, որ քրեական գործի հարուցումն Իջեւանի քաղաքապետի ընտրությունների հետ որեւէ կապ չունի:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս