Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուխարեստի քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսնն այսօր ընդունել է Բուխարեստի (Ռումինիա) քաղաքապետ Սորին Միտչեա Օպրեսկուի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ողջունելով քաղաքապետի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է երկու պետությունների գործակցությանը և երկու հավատակից ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող բարեկամական կապերին:
 
Վեհափառ Հայրապետը նշել է, որ Ռումինիա կատարած երկու հովվապետական այցերի ընթացքին ականատեսն է եղել այն ջերմության ու հարգանքի, որ ռումին ժողովուրդը տածում է հայ ժողովրդի զավակների նկատմամբ:
 
Զրույցի ընթացքում խոսվել է Ռումինիայի հայ համայնքի ազգային և եկեղեցական կյանքի, ինչպես նաև Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների մասին:
 
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղել Ռումինիայի ժողովրդին` հայցելով, որ Երկնավոր Տիրոջ օրհնությամբ միշտ խաղաղության ու բարօրության մեջ ապրի Ռումինիան և իր հավատավոր ժողովուրդը:
 
Հանդիպմանը ներկա էր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
 




Լրահոս