«ՔՍԱՆ ՏԱՐԻ ՍՊԱՍՈՒՄ ԷԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի՝ աղմուկ հանած «Քարե երազներ» վիպակը, որի համար գրողը հայրենիքում հետապնդվում է, արդեն թարգմանվել է հայերեն: Թարգմանիչը Լեոնիդ Զիլֆուղարյանն է:
Արձակագիր, գրքի հրատարակիչ Ռուբեն Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գիրքը որակեց որպես «գեղարվեստական առումով բարձր մակարդակի գրված աշխատություն», այնուհետեւ հավելեց. «Գիրքը ծալքեր է բաց անում, որոնք մինչեւ այժմ մեր հարեւանների կողմից երբեք չեն հնչել, չեն լուսաբանվել»: Թարգմանիչն էլ ասաց, որ վիպակն ինտերնետում կարդացել է «մի շնչով» եւ միանգամից ընդունել թարգմանության առաջարկը: Ըստ նրա` «թեման հետաքրքիր է, սիրով ու, ամենակարեւորը, ազնիվ է գրված», եւ ինքը փորձել է եղածը չհայկականացնել:
Նաեւ պարզվեց, որ գիրքը հայերեն թարգմանելու թույլտվություն ստանալու համար էլեկտրոնային նամակով դիմել են հեղինակին, սակայն որեւէ պատասխան չեն ստացել. գրողի էլեկտրոնային հասցեներն արգելափակված են, ուստի իրենց պատասխանատվությամբ տպագրել են, եւ եթե գրողը պահանջ ունենա, պատրաստ են փոխհատուցել:
Ադրբեջանցի գրողի գրքի վերաբերյալ մեր խնդրանքով կարծիք հայտնեց գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը. «Ես արդեն քսան տարի սպասում էի, որ գոնե մի հոգի կհամարձակվի ազնվաբար պատմել, թե ինչ է եղել իրականում: Չկար այդ մարդը, բայց վերջապես ծնվեց, դա Աքրամ Այլիսլին է, եւ ես շատ ուրախ եմ, որ նա խիզախություն արեց, ասաց ճշմարտությունը: Սակայն ուզում եմ մի հանգամանք շեշտել: Մի՞թե Օրհան Փամուկը, նրա նման մտածող թուրքերը, Այլիսլին այդքան սիրում են հայերին, այսինքն` ճշմարտությունն ասել նրանց դրդել է հայերի նկատմամբ սե՞րը: Ո՛չ, ո՛չ, ո՛չ… Նրանք նախեւառաջ սիրում են իրենց հայրենիքը, ժողովրդին, իրենց երկիրն են սիրում եւ աշխատում են իրենց պատմության այդ կեղտոտ էջերը մի կերպ մաքրել: Ա՛յ սա շատ կարեւոր հանգամանք է: Նրանք դա անում են իրենց ժողովրդի, այլ ոչ թե մեզ համար: Մենք էլ, իհարկե, օգտվում ենք դրանից եւ շատ ուրախ ենք, որ կան նման մարդիկ»:
Հիշեցնենք, որ «Քարե երազներ» վիպակում, որը տպագրվել էր 2012թ.-ի դեկտեմբերին «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում, Աքրամ Այլիսլին ականատեսների վկայությամբ վերարտադրում է Ադրբեջանի ԽՍՀ տարածքում հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից 1919թ.-ին, ինչպես նաեւ 1988-1990թթ.-ին իրականացված վայրագությունները:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս