«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ արդեն թեժ մրցակցություն է սկսվել: Ինչպես հայտնի է՝ այդ մարզը համարվում է գեներալների՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի «տարածքը», որոնք բոլոր ընտրություններում ամեն ինչ անում են՝ ամենաբարձր ցուցանիշները ներկայացնելու համար:
Այժմ մրցակցությանը միացել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով Մ. Գրիգորյանի եղբոր որդին է: Գաղտնիք չէ նաեւ, որ վերջիններիս փոխհարաբերությունները լարված են դեռեւս 2008 թվականին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ Մանվել Գրիգորյանը դարձել էր ընդդիմություն, պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ Հրանտ Գրիգորյանը շարունակեց մնալ ՀՀԿ-ական` սատարելով Սերժ Սարգսյանին:
Հրանտ Գրիգորյանն ԱԺ-ում նորեկ չէ, նա միշտ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով տարբեր ընտրատարածքներից: Այս անգամ նա պատգամավոր է ընտրվել՝ Արմավիրի թիվ 20 ընտրատարածքից: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հ. Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ըստ տեղեկությունների՝ Արմավիրի մարզում թեժ քարոզչություն է իրականացվում Ձեր կողմից, ու այս ժամանակահատվածում ամեն ինչ անում եք, որպեսզի կարողանաք լավ արդյունք ապահովել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները, արդյո՞ք արմավիրցիները այո են ասելու:
-Հիմա ես Արշալույս գյուղում եմ, այստեղ էլ են ընտրություններ, ու միշտ էլ գյուղերում եմ լինում, միշտ էլ հանդիպումներ ենք ունենում, իսկ ի՞նչ է պետք, այստեղ նաեւ համայնքապետի ընտրություն կա, դրան էլ ենք պատրաստվում: Երեւի կուզեն, էլի, որ այդ փոփոխությունները լինեն, դե, ժողովուրդն ամեն մեկն իր տեսակետն ունի, ամեն մեկն իր ասածն է ասում: Դրանք այնպիսի բաներ են, որոնց մասին ամեն մեկն էլ կարող է իր տեսակետն ունենալ:
-Նշվում է, որ Արմավիրի մարզում արդեն թեժ մրցակցություն է ընթանում հատկապես մարզի պատգամավորների միջեւ, քանի որ ամեն մեկը պետք է կարողանա իշխանություններին լավ արդյունք ներկայացնել: Ի՞նչ եք անում Դուք դրա համար, որպեսզի բավարարեք իշխանությունների պահանջները:
-Չէ հա, ո՞վ է ասում, որ ինչ-որ մրցակցություն է գնում, սովորական իրավիճակ է, սովորական ընտրություններ են, որը միշտ էլ եղել է: Ուղղակի բաներ կան, որ սիրում են չափազանցնել, հիմա չափազանցնում են, որեւէ լարված բան չկա, որեւէ մրցակցություն չկա: Ընտրություններ միշտ էլ եղել են, ու մենք միշտ էլ իմացել ենք մեր անելիքները:
-Բայց Ձեր հորեղբոր՝ Մանվել Գրիգորյանի հետ մրցակցություն ու պայքար է սկսվել, քանի որ երկուսդ էլ նույն ընտրատարածքի համար եք ձայներ ապահովվելու:
-Ես արդեն ասեցի, ուրիշ հարցեր չունե՞ք, եթե ուրիշ հարցեր կան, տվե՛ք: Քարոզչությունը շատ նորմալ ընթանում է, ռեալիթի շոուն ուղիղ եթերում ցույց են տալիս, Դուք չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում: Շատ նորմալ իրավիճակ է, այնպես որ, պետք չէ ինչ-որ բաներ չափազանցացնել ու ներկայացնել: Մարդիկ են, բաներ են, խոսում են, հիմա ինչ, պարտադիր է ամեն մեկի ասածից հետո եսիմ ինչ եզրակացություններ անե՞լ: Ինձանից եք հարցնում, էդ ամեն ինչը հեռուստատեսությամբ տեսեք, կհասկանք, թե ինչ է կատարվում, ինձ եք հարցնում: Ախր ձայնի ապահովումը ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում, ինչի ձայնը ապրանք է, ի՞նչ է, որ ինչ-որ մեկն առնի ու ձայնով ապահովի:
-ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը նախքան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պատգամավորների հետ հանդիպում էր ունեցել ու հրահանգել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն իրենց տեղամասերում ձայներ «հավաքեն»: Դուք չե՞ք հետեւում ՀՀ վարչապետի հորդորին:
-Իսկ ով է ասում, որ վարչապետը նման բան է ասել պատգամավորներին, Դուք ինձ փաստեր ներկայացրեք ու ասեք, որ նման բանա եղել: Էդ ո՞ր պատգամավորներն են նման բան ասում, ես առաջին անգամ եմ լսում: Մենք մեր քարոզչությունը շատ հանգիստ անում ենք, ինչ պարտավորության մասին է խոսքը, Դուք նեկա՞ եք եղել էդ հանդիպումներին: Լավ կլինի, մեր երկիրն է, ամեն ինչ լավ է լինելու: Դե, մարդիկ կան՝ ուզում են այդ փոփոխությունները, մի մաս էլ չի ուզում, էս կյանքում 100 տոկոս ի՞նչ կա, համոզելու բան չկա, ամեն մեկն իր տեսակետն ունի, ամեն մեկն ինքն է քվեարկելու, ամեն մեկն էլ խելացի է, գիտի, թե ինչ է ուզում: Այնպես որ, դեկտեմբերի 6-ին իրենք ամեն ինչ իրենց քվեարկությամբ ասելու են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ