Հայրիկյանի դեմ մահափորձի գործն ուղարկվեց դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պ.Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում որպես ՀՀ Նախագահի թեկնածու գրանցված Վ.Սեդրակյանը 2013թ. հունվարի սկզբներին Ս.Հարությունյանին և Խ.Պողոսյանին պատվիրել է ԱԻՄ կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու Պ.Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Զենք ձեռք բերելու համար Վ.Սեդրակյանը Ս.Հարությունյանին և Խ.Պողոսյանին գումար է տվել, որը նրանք կիսել են միմյանց միջև, իսկ հանցագործությունն իրականացնելու համար օգտագործել Խ.Պողոսյանի կողմից ապօրինի ձեռք բերված և պահված 7,62մմ տրամաչափի ,Նագանե տեսակի թմբուկավոր ատրճանակը:
Ըստ պայմանավորվածության` սպանությունն անմիջականորեն պետք է իրականացներ Խ.Պողոսյանը, իսկ Ս.Հարությունյանը՚ նրան սպասեր ավտոմեքենայում:
2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Պ.Հայրիկյանի տան շքամուտքի մոտ, Խ.Պողոսյանը երկու անգամ կրակել է Պ.Հայրիկյանի կրծքավանդակին և դիմել փախուստի` չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Խ.Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Ս.Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:




Լրահոս