ՈՎ Է ՓՈՐՈՒՄ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՈՏՔԻ ՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 2 շաբաթ առաջ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ անցած տարվա բյուջեն թերակատարվել է շուրջ 80 մլրդ. դրամով:

Հետաքրքիր է, որ հենց վերջին օրերին Պավել Սաֆարյանի այս հայտարարությունը սկսել է ակտիվորեն տարածվել՝ տարաբնույթ մեկնաբանություններով:
«Ժողովուրդը» ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից փորձեց ճշտել այդ տեղեկությունները:
-Պարո՛ն Սաֆարյան, հայտարարել էիք, որ անցած տարվա բյուջեն թերակատարվել է մոտ 80 մլրդ. դրամով: Արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկատվությունը:
-Այո՛, ես նման հայտարարություն արել եմ եւ ասեմ Ձեզ, որ դա պետական գաղտնիք չէ, պաշտոնական տեղեկատվություն է, որն ամեն տարի պաշտոնապես հրապարակվում է: Ոլորտի պատասխանատու բազմաթիվ մարդիկ պետք է խոսեն դրա մասին, այդ եկամուտների թիվը դեռ պետք է ճշտվի, կառավարությունը պետք է հաշվետվություն տա: Վառ երեւակայություն պետք է մարդ ունենա, որ շահարկի իմ այդ հրապարակումը: Ամեն տարի ես խոսում եմ այդ թվի մասին, դա խեղաթյուրված թիվ չի, դա պարզապես նախնական տեղեկատվություն է: Ի դեպ, ես ասել եմ, որ սա նախնական թիվ է, որը վերջնական պաշտոնապես կհրապարակվի մայիսին:
-Պարո՛ն Սաֆարյան, իսկ հնարավո՞ր է՝ այդ թիվը փոփոխվի:
-Այո՛, հնարավոր է՝ աճի կամ նվազի, սակայն ոչ էականորեն: Վերջնական հրապարակումը կլինի մայիսին, երբ կառավարությունը հաշվետվություն կներկայացնի Ազգային ժողովին:
-Ձեր այդ հայտարարությունը հատկապես վերջին օրերին տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ, անգամ տեղեկություններ հայտնվեցին, որ այն դժգոհություններ է առաջացրել իշխանական վերնախավում: Արդյո՞ք կա նման բան:
-Ո՛չ, նման բան չկա: Ես իմ գործն եմ արել, տեղեկություն եմ հրապարակել, որն ամեն տարի պաշտոնապես հրապարակվում է, դա իմ աշխատանքային պարտականությունն է:
-Ի դեպ, նշվեց, որ Դուք վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ մարդկանցից մեկն եք, հնարավո՞ր է, որ Ձեր անձի շուրջ վերջերս տարածվող խոսակցությունների հիմքը հենց դա է:
-Ես մոտ 25 տարի արդեն աշխատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, բոլոր նախագահների օրոք, աշխատել եմ բոլոր վարչապետների հետ, բոլոր կառավարություններում: Դուք կարող եք ասել՝ այս դեպքում ես կարո՞ղ եմ լինել ինչ-որ մեկի մարդը: Ես երբեւէ հովանավորության կարիք չեմ ունեցել, քանի որ աշխատանքի ընթացքում մշտապես գործել եմ իմ գործառույթների շրջանակում եւ փորձել եմ պրոֆեսիոնալ կատարել իմ աշխատանքը, ես իմ ոլորտի մասնագետ եմ եւ, ի վերջո, պետական պաշտոնյա եմ:
-Խոսակցություններ են տարածվում, որ հնարավոր է՝ պաշտոնի փոփոխություն ունենաք կամ աշխատանքից ազատվեք:
-Փաստորեն արդեն նման տեղեկություններ են տարածվում, ո՛չ, չկա նման բան: Այսինքն՝ ինչու պետք է ազատվեմ, եթե բյուջեի թիվ եմ հրապարակել, ինչն ամեն տարի արվում է, դրա համար պետք է ազատվե՞մ աշխատանքից: Նորից եմ կրկնում՝ դա մի թիվ է, որը պաշտոնական հրապարակման ենթակա թիվ է, եւ ես ամեն տարի ամենաքիչը 2 անգամ պետական բյուջեի թվեր եմ հրապարակում, դա իմ գործն է: Եվ ասեմ, որ անկախ տարաբնույթ խոսակցություններից` շարունակելու եմ կատարել իմ գործը եւ հանրությանը տեղեկություններ տրամադրել պետական բյուջեի մասին:
Հ.Գ. Բավականին հետաքրքիր է, թե ինչու հենց այս շրջանում են ակտիվորեն տարածվում պարոն Սաֆարյանի շուրջ խոսակցությունները: Ի վերջո, այն հազվագյուտ պետական պաշտոնյաներից է, որ երբեւէ «աթոռի» համար կռիվ չի տվել, այլ եղել է համակարգի չարքաշ աշխատողը:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՂԱՑԵԼ Է
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բավական երկար ժամանակ է՝ խուսափում է լրագրողների հարցերին պատասխանել: Երեկ նկատեցինք, որ նախարարը չի հետեւել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորին եւ կառավարության նիստի ավարտից հետո հեռանում է կառավարության շենքի հետնամուտքից: «Ժողովուրդ»-ը սփյուռքի նախարարից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է անտեսում վարչապետի հորդորը: Ի պատասխան՝ Հրանուշ Հակոբյանն ընդամենը նետեց. «Չեմ պատասխանում»,- եւ շտապ նստելով իր ծառայողական ավտոմեքենան՝ հեռացավ: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա նոյեմբերի 19-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորել էր նիստերից հետո լրագրողներից չփախչել: Նա նախարարներին հանձնարարել էր կառավարության գլխավոր մուտքից ելումուտ անել եւ պատասխանել դրսում իրենց սպասող լրագրողների հարցերին, քանի որ, ըստ Աբրահամյանի, իրենք հասարակությունից թաքցնելու բան չունեն: Սակայն ինչպես տեսնում ենք՝ կառավարությունը ոչ միայն թաքցնելու շատ բան ունի, այլ նաեւ կան նախարարներ, որ լրագրողներից նեղացած են:

 

ԶԱՅՐԱՑԱԾ ԴԵՄՔՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանից պարզել, թե նա ինչ ներդրում ունի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի տարածման գործում, արդյոք դրանց տարածմանը նպաստել են նաեւ Գեւորգ Կոստանյանի մասին իր կողմից Սերժ Սարգսյանին ներկայացված տվյալները: ՀՔԾ պետը, լսելով հարցը, խիստ վրդովված հայացքով նայեց եւ որեւէ պատասխան չտալով՝ հեռացավ: Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանի եւ իրավապահ համակարգի ղեկավարների հարաբերությունները արդեն երկար ժամանակ է, ինչ լարված են: Արդյունքում ուժայինների ղեկավարները սկսել են օպերատիվորեն զեկուցել գլխավոր դատախազությունում տեղի ունեցող զարգացումների մասին:

 

ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետբյուջեի հաշվին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գրասենյակը վարձակալելու համար տարեկան վճարում է 9 մլն 600 հզ. դրամ: Այսինքն՝ ամսական վարձավճարը կազմում է 800 հզ. դրամ: Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի ԱԳՆ-ն տարածք է վարձակալում հայտնի քանդարար Սամվել Մայրապետյանից: Վարձակալը՝ այս դեպքում Ս. Մայրապետյանը, ամսական 800 հզ. դրամի դիմաց դեռեւս 2010թ.-ից վարձակալին է հանձնել իր տիրապետության տակ գտնվող Աբովյան 8-ի 1/6 հասցեում գտվող 177,4 քմ ընդհանուր մակերեսով տարածքը: Հիշեցնենք, որ Մայրապետյանը ՀՀ նախկին փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գեւորգյանի սանիկն է: Վերջինս մինչեւ 2008-ը զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ 2008-ից մինչեւ 2014թ. պաշտոնավարեց որպես փոխվարչապետ եւ նախարար:




Լրահոս