Հպարտ եմ հայկական արմատներիս համար. Անաստասիա Գալուստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: Անցած մի քանի օրերի ընթացքում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Միքայել Միքայելյանը և Անաստասիա Գալուստյանը, մասնակցեցին դահուկասահքի և գեղասահքի մրցաշարերին: Օլիմպիական Լիլեհամերից մեկնելուց առաջ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով, խոսեց իր ելույթների և առաջիկա անելիքների մասին:

-Անաստասիա, խնդրում եմ պատմիր, թե ինչպե՞ս սկսեցիր զբաղվել գեղասահքով:

-Ծնողներս երկուսն էլ գեղասահորդներ են՝ թե մայրս, թե հայրս: Ես էլ սկսեցի գեղասահքով զբաղվել և դա տրամաբանական եմ համարում: Մեր ընտանիքը կարծես գեղասահքով ապրող ընտանիք լինի: Գեղասահքն ապրելակերպ է դարձել: Առաջին անգամ չմուշկների վրա կանգնել եմ 3 տարեկանում և սերն այս մարզաձևի նկատմամբ մնացել է մինչ օրս: Իսկ առաջին և միակ մարզիչներս եղել են և կան ծնողներս:

-Ինչպե՞ս որոշեցիր հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

-Դեռևս 2012 թվականին առաջարկ կար հայկական կողմից և ես չէի կարող հրաժարվել նման հնարավորությունից: Ես իսկապես ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռնվել Հայաստանը ներկայացնել միջազգայն մրցաշարերում: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հայկական դրոշի ներքո: Միշտ էլ ասել եմ այդ մասին և կրկնելու եմ: Հպարտ եմ որ հայրս, պապս հայեր են և իմ արմատները հայկական են: Առավել հաճելի է, երբ երկրպագուներն են շատանում, այն էլ հայ:

՞նչ էր քեզ համար մասնակցությունը պատանեկան Օլիմպիական խաղերին:

-Իհարկե, շատ եմ կարևորում մասնակցությունը երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին: Տխրեցի իհարկե, որ հիվանդությունը թույլ չտվեց ամբողջ ուժով ներկայանալ: Ինձ դուր եկավ թե ինչպես սահեցի կարճ ծրագրի ժամանակ, բաց որևէ մեկնաբանություն չեմ տա ազատ ծրագրի վերաբերյալ: Կարող էի չմասնակցել ազատ ծրագրին, սակայն որոշեցի մասնակցել, թեպետ ջերմում էի, դրանից հետո ինքնազգացողությունս ավելի վատացավ:

Ի՞նչ տպավորություններով ես վերդառնում Նորվեգիայից:

-Անկրկնելի մթնոլորտ էր ամբողջ խաղերի ընթացքում: Հետաքրքիր և հիշարժան էր: Բոլոր մարզիկները շատ ջերմ են մեկ մեկու նկատմամբ, իսկական օլիմպիական տոն էր: Նոր ընկեր գտա: Այստեղ հանդես էին գալիս նաև գեղասահորդներ, ովքեր  հիմնականում մասնակցում են միջազգային մրցաշարերին և մենք իրար ճանաչում ենք:

՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել:

-Վերականգնվելուց հետո կսկսեմ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:

Լիլեհամեր, Նորվեգիա

ՀԱՕԿ լրատվության բաժին 




Լրահոս