ՆԱԽ՝ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ, ՀԵՏՈ՝ «ՀԱՑՈՒՊԱՆՐԻ» ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում իսկական իրարանցում էր: Խորհրդարան էին եկել  գրեթե բոլոր ազգընտիրները` մասնակցելու  «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քվեարկությանը: Ձայների 99 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Քննարկումը սկսվեց ժամը 15:30-ից, ու ԱԺ նիստերի դահլիճ եկան անգամ այն պատգամավորները, որոնք սովորաբար մինչեւ 13:00-ն լքում են խորհրդարանը: Նման պատգամավորների թվին են դասվում ՀՀԿ-ից՝ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Սամվել Ալեքսանյանը, Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Նահապետ Գեւորգյանը (Նովո), Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) եւ Հովհաննես Սոֆոյանը, իսկ ԲՀԿ խմբակցությունից` Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Ռուստամ Գասպարյանը, Մուրադ Գուլոյանը եւ Կարո Կարապետյանը  (Յուվեցի Կարո): Նախագիծը ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը, որից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան: Այնուհետեւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց նախագծում ընդգրկված կետերը:
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բացի ԲՀԿ-ից: Վերջում ելույթ ունեցավ նաեւ նախագծի հեղինակ Մանվել Գրիգորյանը: Քվեարկության արդյունքները ծափողջույններով ընդունվեցին:  Նիստի ավարտին «Ժողովուրդ»-ը մի քանի հարցե ուղղեց պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանին:
-Պարո՛ն Սարոյան, Ձեր եւ Մանվել Գրիգորյանի կողմից ներկայացված նախագծում որեւէ խոսք չկա ազատամարտիկների սոցիալական վիճակի փոփոխության մասին: Ինչո՞ւ եք անտեսել այդ կարեւորագույն խնդիրը:
-Շատերը զինվորական ծառայության մեջ կան, եւ իրենք այդ ստատուսներից օգտվել են, իսկ մենք այսօր խոսում ենք նրանց մասին, ովքեր զինվորական ստատուսից դուրս մարդիկ են: Հիմա էդ մարդկանց բերում, հասցնում ենք նույն մեր մակարդակին: Այսինքն՝ ստեղ խոսում է բարոյականությունը, որ ով իր երկրի համար կռվել է, ծառայել է, մեկն էլ շոֆեր ա եղել, ավտոյա քշել, եկել մասնակցել ա, բայց ոչ մի տեղ գրանցված չի, ասենք՝ սնունդ ա բերել, եսիմ հազար ու մի խնդիր ա լուծել, խի՞ հիմի էդ մարդը պիտի դուրս մնա: Լիքը մարդիկ կան, որ ինստիտուտ են ավարտել, էկել են սահմանամերձ գոտի, ու Էդ մարդիկ գիշերը սահման են պահել, հազար ու մի բան են արել, բա էդ մարդկանց կարելի՞ ա մոռանալ, չի կարելի: Էսօր 23 տարվա մեջ առաջին անգամ մենք միահամուռ մի խնդիր լուծեցինք: Ազատամարտիկներին բերեցինք, ստատուս տվեցինք: Մեր կամավորականներին… էս պետությունը կամավորականների միջոցով է ստեղծվել: Մինչեւ 1992թ. մենք բանակ չենք ունեցել, չէ՞… ո՞վ ա էդ դեպքում կռվել, պայքարել, ո՞վ ա էս պետության սահմանները պահել: Միայն ու միայն կամավորականները, չէ՞: Դե էկե՛ք այդտեղից սկսենք:
-Բայց ազատամարտիկներին միայն կարգավիճակ տալով՝ հարցը չի լուծվում, այդ մարդիկ սոցիալական լուրջ խնդիրներ ունեն…
-Ա՛յ մարդ, համբերեք, միանգամից Մոսկվան կառուցվե՞ց, հլը մի բան չարած, մի գործ չպրծած… հլը մի բանը չենք արել, արդեն երկրորդին եք անցել: Իհարկե, դա շարունակական օրենք է լինելու, սոցիալական փաթեթն էլ ենք մտցնելու Ազգային ժողով, միանշանակ: Բայց դեռ էկե՛ք էդ մարդկանց կարգավիճակ տանք, ասենք՝ տղա՛ ջան, որ դու կամավոր ես, էս պետության համար քեզնից արժեք ես ներկայացնում, նոր մտածենք էդ մարդու հացուպանրի մասին:
-Սակայն ազատամարտիկների այսօրվա գլխավոր խնդիրն այն է, որ իրենք շատ վատ պայմաններում են ապրում…
-Դե հիմա ո՞վ փողի կարիք չունի, հարուստին էլ է փող պետք, աղքատին էլ, էդ ո՞վ փողի կարիք չունի, հլը գնացե՛ք, հարուստների՛ն հարցրեք, ավելի շատ կարիք ունեն:
-Դուք Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին այցելե՞լ եք, տեղյա՞կ եք նրանց պահանջներից:
-Մեր տղերքն են, գնամ ի՞նչ ասեմ, ես ի՞նչ եմ փոխում: Մենք գիտենք՝ ինչ ենք անում, մենք անում ենք 30-40 հազար տղերքի համար, խո էդ 50 տղերքով չի՞ որոշվում: Բա ես էլ կարամ ասեմ՝ գիտես, ես էլ եմ շատ բան ուզում, խո ուզելո՞վ չի: Ա՛յ մարդ, պիտի կարենա էս պետությունը տա, հիվանդին ասա՛, որ 100 կիլո շտանգա վերցա, բա որտեղի՞ց վերցա… դե դրա համար թողե՛ք աշխատենք: Բոլոր հարցերը պետք է գլոբալ լուծվեն: Բոլոր խնդիրները նորմալ, օրինական ձեւով, օրենքով պետք է լուծենք: Ոչ թե ասենք` ա՛ռ, լավ, էկել ես, մղկտում ես, ա՛ռ էս 10 հազար դրամը վերցրո՛ւ, խո մենք մուրացկա՞ն չենք: Դրա համար ասում եմ՝ հլը բարոյական մասն օրենքով ընդունենք, որ էս պետությունը մեր արածը գնահատում ա, նոր հետո մտածենք էդ հացուպանրի մասին:
-ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ միջամտում էիք, ինչից էլ Ձեր եւ նրա միջեւ վիճաբանություն առաջացավ: Ինչո՞ւ էիք փորձում ընդհատել նրան:
-Ա՛յ մարդ, ասում ա՝ թողե՛ք, թող օրենքը մնա… ի՞նչ մնա, 23 տարի թողեցինք, մնաց, էլի՛, էդ հարցը խի հիմա՞ պետք ա լուծվեր: Պատերազմը 1994թ. պրծել ա, ճի՞շտ ա, էս օրենքը պիտի 94 թվականից ունենայինք, ոչ թե նոր մտածեինք կամավորական տղերքի մասին: Խի՞ 20 տարի չպետք է ունենայինք, իրանք էն ժամանակ ստեղ նստած էին, մենք էլ սահմաններում էինք, թող ընդունեին: Հիմա էսքանից հետո ասում ա՝ բերե՛ք սպասենք, հլը տեսնենք, քննարկենք, էս 7-8 ամիս ա՝ քննարկում էինք, ո՞ւր էիր: Նոր հիշեցին, որ սենց օրենք կա: Մի օր էկել, ասե՞լ ես` ինչ օրենք ա, մենք էլ ենք ուզում խառնվել: Հենց բերեցինք, մտցրինք, սաղ հելան, սկսեցին խոսել: Էսքանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս