Եթե Սերժ Սարգսյանն իրենից է սկսելու սերնդափոխություն կատարել, կարելի է փորձել. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ունեցած իր ծրագրային ելույթյում կարեւորեց համակարգում երիտասարդ սերնդին ներգրավելու հարցը` նշելով. «Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը եւ ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել եւ պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը»:

Երիտասարդներին համակարգում ներգրավելու եւ սերնդափոխություն իրականացնելու հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, փետրվարի 12-ին Ս. Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որով կարեւորեց համակարգում երիտասարդ, նախաձեռնող մարդկանց դերը: Տպավորություն է, թե Սարգսյանը մտադիր է պետական համակարգում սերնդափոխություն իրականացնել: Դուք դա ճի՞շտ եք համարում:

-Իհարկե, կիսում եմ այդ տեսակետը եւ կարծում եմ, որ պետք է ավելի երիտասարդների` 18-25 տարեկաններին տեղավորել համակարգում: Բայց տարիքը չափանիշ չի: Ես գիտեմ 60-70 տարեկան մարդկանց, որոնք ե՛ւ հոգով, ե՛ւ մտքով երիտասարդ են: Գիտեմ 30-40 տարեկանների, որոնք իրենց արժեհամակարգով, իրենց հոգու կրթվածությամբ որեւէ բանի պիտանի չեն: Խնդիրը ոչ թե տարիքն է, այլ արժանիքները. պարկեշտություն, ազնվություն, սկզբունքայնություն, աշխատասիրություն, կարգապահություն, իշխանությունների կողմից շատ սիրված իրական հայրենասիրություն: Եւ, վերջապես, եթե Սերժ Սարգսյանն իրենից է սկսելու սերդափոխություն կատարել, կարելի է փորձել:

-Այնուամենայնիվ, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի՝ մինչ այս դրսեւորած գործելաոճը եւ հնչեցված, սակայն այդպես էլ կյանքի չկոչված խոստումները, կարծում եք՝ նրան կհաջողվի՞ սերնդափոխություն անել:

-Իհարկե, կարող է հաջողել: Սերժ Սարգսյանը կարող է 18-20 տարեկաններին նշանակել ամբողջ համակարգում, բայց դրանից երկրի խնդիրները չեն լուծվում: Խնդիրը մեզ մոտ համակարգային է: Համակարգային կոռուպցիա, ընտրակեղծարարություն, մոնոպոլացում…: Այս համակարգը պետք է փոխվի:

-Պարո՛ն Մարտիրոսյան, այնուամենայնիվ, եթե սերնդափոխություն լինի, ավագ սերունդը ինչպե՞ս դա կընդունի: Արդյո՞ք համակարգում երիտասարդ սերնդի ներգրավումը խանդի տեղիք չի տա ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ:

-Կառավարման համակարգում մրցակցությունը տարիքի հետ կապ չունի: Եւ ոչ թե տարիքային, այլ սկզբունքների, գաղափարների, մոտեցումների, աշխատաոճերի մրցակցություն պետք է լինի …

-Նաեւ այս վերջին նշանակումներից հետո շատերը նկատեցին, որ Սերժ Սարգսյանը բարձր պաշտոնները վստահում է իր փեսայի մտերիմներին:Սա ինչի՞ մասին է խոսում:

-Մենք ադրբեջանական քաղաքականության ուղղությամբ ենք ընթանում: ՀՀ-ում այդ մոտեցումը արդեն կա, որ օլիգարխներն իրենց երեխաներին, ազգականներին առաջ են տալիս: Սա նոր երեւույթ չէ, եւ հենց այս ուղղությամբ էլ շարունակում է Սերժ Սարգսյանը գնալ: Բայց ինձ համար էական չէ, որ նա իր շրջապատի մարդկանց է պաշտոնների նշանակում, ինձ համար էականն այն է, որ համակարգում խնդիրները լուծվեն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս