ԱԺ-ում կայացել է Գալյա Նովենց գրքի շնորհանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում, այսօր՝ հուլիսի 1-ին, տեղի է ունեցել հայ կինոյի եւ թատրոնի նշանավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի եւ միջազգային փառատոների դափնեկիր Գալյա Նովենցի կյանքին ու արտիստական գործունեությանը նվիրված “Գալյա Նովենց” գրքի շնորհանդեսը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիրքը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հիմնադրած “Հայ մշակույթի մեծերը” մատենաշարի տասնմեկերորդ հատորն է: Հեղինակը, օգտագործելով նաեւ իր անձնական հարուստ արխիվում պահվող նյութերը, ներկայացրել է դերասանուհու՝ թատրոնում եւ կինոյում խաղացած բազմաթիվ դերերը, ընթերցողին մատուցել նրա ստեղծագործական բազմաշնորհ ուղին ու կյանքը: Գրքում մեծ տեղ են գրավում լուսանկարներն ու դերասանուհու մասին պատմող հոդվածներն ու հարցազրույցները:
Շնորհանդեսին մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, արվեստագետներ, դերասաններ, լրագրողներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:
Գալյա Նովենց տաղանդավոր արտիստուհու, հայուհու մասին գնահատանքի խոսքեր են ասել Հովիկ Աբրահամյանը, Արտակ Դավթյանը, հայտնի արվեստագետներ Ռուբեն Մաթեւոսյանը, Ալբերտ Մկրտչյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Գուժ Մանուկյանը, Վահե Շահվերդյանը, ՏիգրաՆ Ներսիսյանը, Նելլի Շահնազարյանը, Երվանդ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովը մտավորականների, արվեստագետների կողքին է մշտապես եւ իր ուրույն դերը պիտի ունենա նրանց վաստակի գնահատման, մեծարման գործում: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում անդրադարձավ նաեւ բեմադրիչ Վահե Շահվերդյանի խնդրանքին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ բեմի երախտավոր Մետաքսյա Սիմոնյանին նվիրված գրքի տպագրությանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը կարեւորելով գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանի վաստակը, նրան պարգեւատրել է ՀՀ մշակույթի նախարարության “Ոսկե մեդալով”:




Լրահոս