Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն առաջիկայում կվերաբնակեցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ, լսել գործընթացի հետ կապված վերջիններիս կարծիքներն ու առաջարկները: Հանդիպման շրջանակում քննարկվել են բնակիչների վերաբնակեցման հետ կապված հարցեր:
Վահե Նիկոյանը ներկայացրել է վերաբնակեցման ընթացակարգը, քաղաքապետարանի կողմից այդ նպատակով կառուցված շենքերը, ուր և նախատեսվում է վերաբնակեցնել Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի բնակիչներին:

Հանդիպման ընթացքում բնակիչների մեծամասնությունը կողմ է արտահայտվել վերաբնակեցման ծրագրով նշված հասցեներում հատկացվող բնակարաններ տեղափոխվելուն: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների համաձայն առաջիկայում փաստաթղթային կարգավորումներից հետո կմեկնարկի վերաբնակեցման բուն գործընթացը:

Հարկ է նշել, որ Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված է 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում և, ըստ էության, ներկայում վերաբնակեցման ենթակա վերջին շենքն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս