ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ, ՀԵՌԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացել էր 19-ամյա զինծառայող Նարեկ Հովսեփյանը: ԼՂՀ ՊԲ-ն կատարվածի առթիվ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ դեպքը տեղի էր ունեցել անզգուշության հետեւանքով: Մինչդեռ Նարեկի հարազատներից Աննան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց սկզբում ասել են, թե տղան ինքնասպան է եղել, իսկ արդեն որոշ ժամանակ անց առաջ են քաշել անզգուշության հետեւանքով մահանալու վարկածը:
Դեպքից որոշ ժամանակ անց Նարեկի հարազատները պնդել են, որ իրենք ցանկանում են այցելել զորամաս եւ հետաքննություն իրականացնել: Մահացած զինվորի մայրը` Ռուզաննա Վարդանյանը, երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատմեց որդու դեպքի հետ կապված՝ զորամասում իրենց կողմից արված բացահայտումների մասին:
Եվ այսպես, ըստ մեր զրուցակցի՝ նշված օրը զորամասի երեք սպաներ գնացել են կրակակետ` քննություն հանձնելու: «Սպաներից մեկը քննությունը ստացել է, իսկ երկու սպա` ոչ: Երրորդ սպան՝ ոմն Գաբրիելյան, իր պայմանագրային զինծառայողներից մեկին հրամայել է լիցքավորել զենքը: Սպան 18 փամփուշտ է կրակել, իսկ 19-րդը թողել զենքի մեջ: Գաբրիելյանը եւ իր օպերատորը պարտավոր էին ե՛ւ ստուգել, ե՛ւ լիցքաթափել զենքը, սակայն դա չեն արել»,-հուզված պատմեց զինվորի մայրը:
Արդյունքում՝ այս վերջին փամփուշտը ճակատագրական է եղել ժամկետային զինծառայող Նարեկի համար, որին այդպես էլ փրկել չի հաջողվել. «Ինձ համար իմ որդու այս պատմությունից որեւէ մութ բան չի մնացել: Գաբրիելյանը 19-րդ փամփուշտը չի կրակել, քանի որ քննություն ընդունող հրամանատարն ասել է, թե դադարեցրե՛ք կրակել ու այս քննությունը կշարունակենք ավելի ուշ: Հետո Գաբրիելյանը ժամկետային զինծառայողներին, որոնց մեջ է եղել Նարեկը, հրամայել է լիցքաթափել եւ հավաքել զենքերը: Զինվորներից մեկն ասել է, թե զենքը չի լիցքաթափվում եւ չի քանդվում: Գաբրիելյանն ասել է, թե տարե՛ք ներս ու քանդե՛ք: Զինվորներն էլ, ենթարկվելով հրամանին, զենքերը տարել են զորամաս: Այնտեղ եւս զենքը չի հաջողվել լիցքաթափել: Եվ զինվորները դիմել են զորամասի օրապահին` ասելով, թե արդյոք նա կարող է անել դա: Այդ օրն օրապահ եղել է զինծառայողներից Անդրանիկը: Նա փորձել է քանդել ինքնաձիգը, եւ արդյունքում զենքը կրակել է, իսկ փամփուշտը դիպել Նարեկի սրտին: Այստեղ իմ բողոքը հրամանատարների դեմ է, ու ես արդեն նամակ-բողոք եմ գրել: Սպան իր աշխատանքը լավ չի կատարել եւ հասել է զորամաս: Ցավալի է, որ այդ չոր օրենքը երբեք հաշվի չի առնում, թե ինչ եղավ այդ զինվորի ծնողների հետ: Ախր այդ մեղավորը կգնա, կպատժվի ու կվերադառնա, ու հետո էլի Նարեկներ կզոհվեն»:
Մահացած զինվորի մորը հայտնի է դարձել, որ զենքը լիցքավորող պայմանագրային զինծառայողին հեռացրել են աշխատանքից, իսկ օրապահ Անդրանիկը կալանավորվել է: «Իմացել եմ, որ այդ Անդրանիկը փորձել է բերդում կախվել: Իսկ Գաբրիելյանը դեռ աշխատում է: Ես զորամասում այդ Գաբրիելյանի դեմքին ասացի. «Շատ լավ է, որ դու չես նստել: Կդատեն քեզ, Գաբրիելյա՛ն, թե չեն դատի, դա չէ կարեւորը: Ես քո ոտքերը փշրելու եմ, որ դու ողջ կյանքդ սողալով ման գաս», ու դա ես իրեն խոստացել եմ ու վախենալու բան չունեմ ոչ ոքից: Մեռնելը փառք է, ես նրա ոտքերը պետք է փշրեմ: Իմ տղան գնացել է, մենք երազում ենք մեռնել, սակայն չենք մեռնում: Գաբրիելյանը սխալ է արել: Ես իրեն խղճալու չունեմ: Նա պետք է պատասխան տա: Ես գիտեմ, որ իմ երեխան հետ չի գա, բայց միգուցե իմ այս դեպքից հետո այլ ծնողներ լաց չլինեն եւ ասեն՝ հազար ողորմի քեզ, Նարե՛կ ջան, քո մայրն այդ թափթփուկներին վերացրել է»,-ասաց զինվորի մայրը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախազգուշացում է արել Ավետիք Գաբրիելյանին, նկատողություն է ստացել նաեւ զորամասի հրամանատարը:
Տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեցինք ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի հետ. «Նարեկ Հովսեփյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Գործով ձերբակալվել է Անդրանիկ Մելքոնյանը: Նախաքննությունը շարունակվում է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս