ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է սեպտեմբերի 1-ը, այնքան ավելանում են նաեւ ծնողների հոգսերն ու ծախսերը: Գրենական պիտույքներից եւ դասագրքերից բացի, ծնողները ստիպված են գնել նաեւ ուսումնաօժանդակ ձեռնարկներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը դպրոցի տնօրեններին հանձնարարել է, որ եթե գրքերի, աշխատանքային տետրերի եւ ուսումնաօժանդակ ձեռնարկների վրա գրված է՝ «Երաշխավորված է ԿԳ նախարարության կողմից», ուրեմն գնե՛ք: Իսկ ահա քաղաքապետարանի աշխատակիցները համայնքների դպրոցների տնօրենների, ուսուցիչների, ծնողների հետ խորհրդակցությունների ժամանակ ասել են` չմիջամտեք, «ծնողն ինչ ուզում է, թող գնի»:
Դպրոցի տնօրենները մտահոգված են` աշակերտները պետք է օգտագործեն ԿԳՆ-ի երաշխավորությամբ տպագրված հատուկ տետրերը, քանի որ միայն դրանցում կան ուսումնական ծրագրերում ներառված հատուկ առաջադրանքներն ու վարժությունները: Ասել է թե՝ հատկապես տարրական դասարանների աշակերտները նախկինի նման չեն կարող գնել ցանկացած տետր:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց. «Մ. Մկրտչյանն ասել է, եթե ծնողներն ու ուսուցիչները ցանկանում են աշխատել աշխատանքային տետրերով, կարող են գնել ԿԳՆ-ի կողմից երաշխավորված ձեռնարկները, պարտադիր որեւէ խնդիր չի դրվում, բայց եթե քաղաքապետարանն արգելում է, ուրեմն թող չգնեն»: Ն. Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ գործող գրեթե 1410 դպրոցներից մոտ 120-ն են ԿԳՆ ենթակայության տակ, մյուսների կառավարման լիազոր մարմիններն իրենց մարզպետարաններն են, Երեւանինն էլ՝ քաղաքապետարանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե բոլոր դպրոցների, տնօրեններին եւ ուսուցիչներին խստորեն զգուշացվել է` դպրոցներում արգելվում է դասագրքերի, աշխատանքային տետրերի եւ այլ ուսումնաօժանդակ պարագաների վաճառքը: Իսկ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ երեկվա ասուլիսում հայտարարել է, թե տարրական՝ 1-ինից 4-րդ դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են բացառապես անվճար: Իսկ 5-9-րդ դասարանների դասագրքերի արժեքների մասին տեղեկատվությունը քաղաքապետի հանձնարարությամբ պետք է պարտադիր փակցված լինի դպրոցների գրադարանների մոտ եւ տեսանելի լինի բոլորին:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանում լրացուցիչ ձեռնարկների եւ տետրերի իրացմամբ զբաղվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարեկամներից մեկը: Քաղաքապետարանի լրատվության վարչությունից, սակայն, հերքեցին այդ լուրերը` դրանք որակելով «ասեկոսեներ»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս