ԵԹԵ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԹՈՂ ԹՈՂՆԵՆ, ԳԵՂԵՑԻԿ ՁԵՎՈՎ ԳՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կողմի կորցրած տարածքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների եւ ապրիլյան քառօրյա պատերազմի դասերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, հրադադարի կնքումից ի վեր Հայաստանը պաշտպանվողական մարտավարություն է որդեգրել, ինչի արդյունքում ունեցանք ոչ միայն ապրիլի քառօրյա պատերազմը, այլեւ մինչ այդ եւ դրանից հետո էլ բազմաթիվ զոհեր: Մինչեւ ե՞րբ պետք է մենք պաշտպանվենք:
-Մենք գտնվում ենք պատերազմի մեջ եւ միշտ գտնվել ենք, եւ դա անընդհատ սկսելու է, քանի մենք շրջափակված ենք թուրքերով: Մենք պետք է միասնական կանգնենք ու միանգամից մեր խնդիրները լուծենք: Պետք է իրենց ստիպենք, որ գնան խաղաղության, թե չէ մուրալով խաղաղություն չենք տեսնելու: Հիմա ոչ թե պետք է մտածենք միայն պաշտպանության մասին, այլ պլանավորենք նաեւ հարձակման տարբերակներ:
-Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տարածքային զիջումների մասին խոսակցությունները: Տեղյակ եք՝ ո՞ր տարածքների մասին է խոսքը, ո՞րն է մեր զիջումների շեմը:
-Ոչ ոք չի կարող ասել: Նախագահն ասաց, որ 800 հեկտար հող ենք տվել: Երկու ուղղությամբ եկել են առաջ, մնացած ուղղություններով ոչ մի խախտում սահմանին չկա:
-Ըստ Ձեզ՝ այսօր վարվող բանակցությունները կարո՞ղ են տեսանելի առաջիկայում որեւէ առարկայական արդյունք տալ:
-Այսքան ժամանակ մենք պետք է համոզված լինեինք, որ թուրքը մեզ խաբելու է: Մենք մեր հույսը չպետք է դնենք այդ բանակցությունների վրա, որովհետեւ մենք խաբվելու ենք: Մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, մեր տեխնիկան թարմացնենք, արդի զենքերով զինվենք: Պետք է ուժի դիրքերից խոսենք: Երբեք խնդրողին ոչ ոք նվեր չի տվել, չի զիջել ոչ մի բան:
-Պարո՛ն Մելքոնյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նշում են, որ հետաքննության մեխանիզմներ պիտի ներդրվեն, խախտումները արձանագրող սարքեր պիտի տեղադրվեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Տեղյա՞կ եք՝ ովքե՞ր պետք է տեղադրեն, սահմանի ո՞ր հատվածում եւ ե՞րբ:
-Բավականին ուշ է, դրա դրած-չդրածն էլ, իմ կարծիքով, ոչ մի բան չի տալիս: Ադրբեջանը հարձակվեց, բայց ոչ մի տեղ չարձանագրվեց դա: Միշտ Եվրոպան դնում է հավասարության նշան, կապ չունի՝ սկզբից ով է կրակել: Այդ ո՞վ է դատավորը, որ պետք է գա, դնի, ասի՝ գիտես ինչ, դու կրակել ես, թե չես կրակել: Այդ մարդիկ հիմա էլ են կրակում, միշտ էլ կրակելու են: Հույս չունենանք,որ Մինսկի խմբի համանախագահները մեզ համար մի բան են անելու: Մեր իշխանությունները հիմա պետք է դառնան դեպի ժողովուրդը, որովհետեւ այս երկիրը ժողովուրդն է պահելու, բոլոր պատերազմներում ժողովուրդն է կռվել:
-Օրեր առաջ Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ: «Հայաստանը պետք է իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձեւերը կամ պատժամիջոցների ենթարկվի», ասել է նա:
-Այդ հայտարարությունը համարում եմ, որ ձեռ առնել էր մեզ: Հա՛մ հարձակվեց, հա՛մ 800 հեկտար վերցրեց, հա՛մ էլ սուտ է խոսում: Դրանք թուրք են, մենք դարերով գիտենք՝ թուրքն ով է` նենգ, ստոր, քնած տեղը մարդ սպանող, կռվի ժամանակ գլուխ կտրող, մարմիններ խեղող: Հիմա կանգնենք, Ալիեւին լսե՞նք:
-Այժմ «Ազատամարտիկների դաշինք»-ը ինչպիսի՞ գործունեություն է ծավալում:
-Այժմ «Ազատամարտիկների դաշինքի» առաջին խնդիրը երկրի սահմաններն են: Չգիտեմ՝ ով հետ գալուց հետո գնացել է հանգստանալու, բայց մենք պատրաստվում ենք պատերազմի ու համոզված ենք, որ այս պատերազմը չի ավարտվել: Մեր խնդիրը Ղարաբաղն է, Ղարաբաղի 800 հեկտարն է:
-Խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ Դուք միանաք ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Ճի՞շտ են այդ լուրերը:
-Մենք այժմ քաղաքականության մեջ չենք մտնելու: Հիմա քաղաքական դաշտը այնքան պղտորված է, խառն է, որ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ուզում: Մեր խնդիրը թե՛ ներքին, թե՛ արտաքին հաղթանակներն են: Կգա մի օր, որ այս ամեն ինչը կհանդարտվի, նոր այդ ժամանակ կերեւա: Կարող է՝ այս իշխանությունները, եսիմ, ինչ-որ մի բան ուզում են անել: Եթե անում են, փա՛ռք իրենց: Կանգնեն ժողովրդի կողքը, երկիրը այս վիճակից հանեն: Եթե չեն անում, թող թողնեն սիրուն, գեղեցիկ ձեւով գնան:
-Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերադարձավ Հայաստան: Դուք հանդիպե՞լ եք նրան, ի՞նչ եք խոսել:
-Բաբայանը իմ մարտական ընկերն է, մեր հերոս հրամանատարներից է, վերադարձել է Մոսկվայից, Երեւանում է: Դեռ չենք հանդիպել, բայց, իհարկե, կհանդիպենք: Ես համոզված եմ, որ Սամվելն էլ այդ նպատակով է եկել, որպեսզի կարողանանք ինչ-որ բան կազմակերպենք, անենք:

 

 

 

 

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ԿԻՆՆ ԻՐԵՆԻՑ ՀԱՐՈՒՍՏ Է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը վերջին շրջանում տարօրինակ հայտարարություններով է հանդես գալիս: Դեռեւս մայիսի 4-ին «ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված փակ քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Արտակ Դավթյանը առաջարկել է սպարապետ կոչել, իսկ օրեր առաջ խոսելով ԼՂՀ հակամարտության եւ բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության մասին՝ նշել է, որ «Արցախը երկու օր առաջ Վիեննայում կայացած հանդիպմանը չէր մասնակցում, քանի որ Ադրբեջանը չէր ուզում»:

Ստացվում է, որ գերտերությունների հանդիպման օրակարգը Ադրբեջանն է թելադրում: Եւ հայկական կողմին անընդմեջ իրենց ուշադրության կենտրոնում պահող ադրբեջանական լրատվամիջոցներն առիթից օգտվելով՝ Դավթյանի հայտարարությունը սկսեցին արագորեն տարածել՝ հպարտանալով, թե ինչ ազդեցություն ունի Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ:
Իսկ ով է Արտակ Դավթյանը: Նախ տեղեկացնենք, որ նրան ԱԺ պատգամավոր է դարձրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը: Պարզվում է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նաեւ լուրջ գործարար է: Վերջինս «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ-ի տնօրենն է եղել մինչ պատգամավոր դառնալը: Իսկ իրականում լուրեր կան, որ ընկերությունը հենց իրենն է: «Էյսի-ֆին Ռոյալ» շինարարական ընկերությունը զբաղվել է Հյուսիսային պողոտայում կատարվող մի շարք շինարարական աշխատանքներով, որի պատվիրատուն, ի դեպ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Ու որքան էլ նա փորձի Կարապետյանների անվան տակ գեղեցիկ իմիջ ձեւավորել, երբեմն այն չի ստացվում, քանի որ անգամ 2014 թվականին հարկային ստուգումներով պարզվեց, որ պատգամավոր Դավթյանի ընկերությունը մոտ 150 մլն դրամ թաքցրել էր հարկային ծառայությունից:
Ու այսքանից հետո, թերեւս, պատահական չէ, որ ինչպես մյուս պաշտոնյաների, այդպես էլ Արտակ Դավթյանի կինը` Անահիտ Գաբրիելյանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: Տեղեկացնենք, որ պատգամավորը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 4 մլն դրամ: Նա տարեկան ստանում է ընդհանուր թվով մոտ 9 մլն դրամի (8,719,917.00) եկամուտ:
Իսկ նրա տիկնոջ՝ Անահիտ Գաբրիելյանի փոխառությունները անցած տարեսկզբին կազմել են 270.4 մլն դրամ եւ 373 հազար 537 դոլար: Իսկ, ահա, անցած տարեվերջին փոխառության գումարը կազմել է 340.4 մլն դրամ եւ 365 հազար 310 դոլար:
Նկատենք, որ պատգամավորի տիկնոջ դրամական պատկառելի միջոցները ավելացել են. 2015 թվականին դրանք կազմել են 20 մլն դրամ եւ 250 հազար դոլար: Ի դեպ, Անահիտ Գաբրիելյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ընդամենը 245 հազար դրամ, վարձակալության դիմաց նա ստացել է 16 մլն 320 հազար դրամ: Բացի այս՝ այս տիկինը տրված փոխառությունների դիմաց ստացել է նաեւ 70 մլն 387 հազար 121 դրամի չափով տոկոս: Նաեւ մեկ ընկերությունից ստացել է մոտ 69 մլն 950 հազար դրամի չափով շահաբաժին:
Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է կոռուպցիայի փնտրտուքը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՓՈԽԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցությունը ԵԽԽՎ պատվիրակությունում փոփոխություն է կատարել: Նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը դուրս է եկել ԵԽԽՎ պատվիրակությունից, եւ նրան այդ քվոտայով փոխարինելու է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, որ Բաբայանը հեռանալուց հետո նորից մտադիր է կուսակցություն բացել:

 

 

ԿՈՆԿՐԵՏ  ՀԱՆՁՆԱՐԱՐԵՔ
Մայիսի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի… պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն»: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանից պարզել, թե Կոտայքի մարզը կոնկրետ ինչ խնայողություններ է արել: «Հանձնարարական չունենք կոնկրոտ կրճատումների հետ կապված»,- ասաց մարզպետը:
Երբ նրան հիշեցրինք, որ մարզպետարանները ՀՀ կառավարության ենթակայության տակ են գործում եւ գործադիրի ղեկավարը հրապարակավ է հայտարարել խնայողությունների անհրաժեշտության մասին, Գուլոյանը նշեց. «Եթե պետք է՝ գնանք, մեր մարզը ինչու պետք է տարբերվի»: Ըստ ամենայնի, նա լավ չի հասկացել իր ու վարչապետի կարգավիճակի տարբերությունները:

 

 

ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանի եւ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հրավերով Երեւան են ժամանել ԵԽԽՎ-ի պահպանողականների խմբի անդամ, բուլղարացի պատգամավոր, բուլղարական «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սիմյոնովը եւ կուսակցության պատգամավորները: Երեկ նրանք եղել են նաեւ Արցախում: Վալերի Սիմյոնովը, որին պատկանում է բուլղարական մասնավոր ամենառեյտինգային հեռուստաընկերություններից մեկը, մեծ ռեպորտաժ է պատրաստվում անել Արցախի մասին: Նշենք, որ հենց այս կուսակցությունն էլ եղել է բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի հարցով նախաձեռնողը: Երեկ «Ժողովուրդ»-ը Վ. Սեմյոնովից հետաքրքրվեց` արդյոք Ղարաբաղ այց կատարելով՝ չի վախենում հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Վալերի Սիմյոնովը նշեց, որ պատրաստվում է անգամ սեպտեմբերին` Արցախի անկախության օրը եւս լինել Ղարաբաղում:




Լրահոս