«ԳՈՒՑԵ ԼԱ՞Վ Է, ՈՐ ՆԺԴԵՀԻ ՔԱՆԴԱԿԸ ՆՄԱՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՊԵՏՐՈՍ ԱՌԱՋԻՆԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության 3-րդ շենքին հարակից այգում մայիսի 25-ին տեղադրել են հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Այն տեղակայվել է Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում: Արձանի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին: Քանդակը նոր էր տեղադրվել, իսկ համացանցում արդեն բուռն քննարկումների ալիք բարձրացավ: Համազասպ Բաբաջանյանի արձանից հետո «թիրախում» հայտնվեց Նժդեհի քանդակը, որի վերաբերյալ քննադատութուններն, ի դեպ, հնչել են դեռեւս տարիներ առաջ (արվեստագետներից ոմանք եղել էին արվեստանոցում եւ տեսել էին էսքիզային տարբերակը), իսկ այժմ դրանք նոր թափ ստացան: Երեւանցիները սոցցանցերում կարծիք են հայտնում, որ վերջին շրջանում մայրաքաղաքում տեղադրվող արձանները զուրկ են գեղարվեստական արժեքից եւ ստեղծագործ մտքից: «Վախենում ենք այն արձանից, որ վաղն է գալու»,- գրում են օգտատերերը: Կոնկրետ Նժդեհի քանդակը նրանք նմանեցնում են Պետրոս Առաջինին: Հնչող քննադատությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց քանդակի հեղինակ Գագիկ Ստեփանյանի հետ:

-Պարո՛ն Ստեփանյան, Դուք Նժդեհի բնութագրական ո՞ր գծերն եք ցանկացել արտացոլել արձանը կերտելիս:
-Մի քանի տարի առաջ հեռուստածրագրերից մեկի եթերում հարցում անցկացվեց, թե ով է ամենամեծ հայը: Հարցվածների մեծ մասը տվեց Գարեգին Նժդեհի անունը: Մենք ճարտարապետների հետ որոշել էինք, որ սա պետք է լինի մոնումենտալ արձան, կոթող: Գարեգին Նժդեհը հանճարեղ զորավար է, ռազմագետ, պետական եւ քաղաքական գործիչ եւ վերջապես 20-րդ դարի առաջին կեսի խոշորագույն իմաստագետներից մեկը, մեծ մտքի տեր փիլիսոփա, ազգային գաղափարախոս: Նա լեգենդար կերպար է: Կարծում եմ` շատ համահունչ կոմպոզիցիա է ստացվել:
-Սակայն շատերը դժգոհում են, ասում են` մինչեւ չմոտենաս, չես կռահի, թե դա ում արձանն է:
-Ամեն մարդ իր կարծիքն ունի: Թող չստացվի, թե ես ինձ գովում եմ, բայց մարդիկ մոտենում, լավ խոսքեր էին ասում ինձ, հավանում էին արձանը, զգում դրա հզորությունը: Իհարկե, կա մարդ, որ ասում է` ինչու պետք է մոտենամ, որ տառերը կարդամ (նկատի ունի պատվանդանին տեղ գտած նժդեհյան խոսքերը-հեղ.), կա մարդ, որ ասում է` ինչու Նժդեհը ձիու վրա չէ: Հանրությունից ոչ բոլորին է հարկավոր լսել: Մեծամասնությունը հավանություն է տվել գործին:
-Կարծիքներ կան նաեւ, որ Ձեր քանդակած Նժդեհը նման է Պետրոս Առաջինին: Դուք ի՞նչ կասեք:
-Վերցրեք, նայեք Պետրոս Առաջինի արձանների լուսանկարները եւ կտեսնեք, որ այս արձանի եւ դրանց միջեւ ֆորմայի նմանություն չի կարող լինել: Բայց ես կարող եմ ասել` գուցե լավ է, որ այդպես են ասում: Ուրեմն ստացվել է հեռատես, հզոր կամքի տեր մարդու կերպար ստանալ:
-Նժդեհը կոլորիտային անձնավորություն է եղել: Գուցե նրան բնորոշ հատուկ մի դետա՞լ ներառնեիք քանդակում:
-Ես ունեմ իմ կարծիքը, ես արվեստագետ եմ, քանդակագործ: Չէ՞ որ դեռեւս 2011 թվականից մինչեւ հիմա աշխատում եմ այս թեմայի վրա: Նժդեհի մասին ինչքան նյութեր կան, ուսումնասիրել եմ, ինչքան ֆոտոներ կան, նայել եմ: Լեգենդար մարդու, հերոսի, անմահ մտավորականի արձան եմ կերտել: Այսօր ես կարող եմ ասել, որ ինչ պետք էր, ես արել եմ:
Նշենք, որ ավելի վաղ քննադատություններ էին հնչել Նժդեհի արձանի տեղադրման վայրի վերաբերյալ: Ըստ ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանի` ճիշտ չէ, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնեցված է Սուրեն Սպանդարյանի արձանը, իսկ նույն Նժդեհի արձանը կանգնեցվում է Հանրապետության փողոցի կից այգում: Լ. Թոքմաջյանը դեռեւս 2014-ին նշել էր նաեւ, որ Նժդեհին այդպիսին չէր պատկերացնում. «Իրեն շարժման մեջ էի պատկերացնում, ընդվզող, հողի համար կռվող, իսկ այս քանդակում նա հանգիստ է»,- ասել էր նա` հավելելով, որ խնդրել է Գ. Ստեփանյանին մի փոքր շարժում մտցնել քանդակի մեջ:
Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 29-ին Երեւանի ավագանին քվեարկությամբ հավանություն էր տվել հայ մեծանուն պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը տեղադրելու մասին որոշմանը:

 

 
ԵՐԵԽԱՆ ՄՈՌԱՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ ԱՄԵՆ ՁԱԽՈՂՈՒՄ

Երգչուհի Լայանան (Լիաննա Թեւոսյան) երեխայի ծնունդից հետո երաժշտական ասպարեզում գրեթե չի երեւում. այնպիսի տպավորություն է, որ նա պասիվացրել է իր գործունեությունը եւ ամբողջովին նվիրվել արդեն 1 տարեկան դստեր խնամքին: Երկրպագուներին հետաքրքրում է` երբ Լայանան կրկին կվերադառնա ասպարեզ, եւ երբ էկրաններին կհայտնվեն երգչուհու նոր տեսահոլովակները:

Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ձայնագրում է նոր երգ, որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Լայանան կարծում է, որ մինչեւ տարեվերջ կներկայանա նաեւ նոր տեսահոլովակով: Իսկ մինչ այդ երգչուհին պատրաստվում է մասնակցել նոր երաժշտական-ժամանցային նախագծի. «Հիմա ողջ ուժերս կենտրոնացրել եմ դրա վրա, վոկալ առումով նախապատրաստական աշխատանքներ եմ տանում: Կարծում եմ` աշնանը մի քանի ամսով կլինեմ եթերում»,-ասաց նա:
Լայանան պարբերաբար տեսահոլովակներով հանդես գալը երգչուհու համար պարտադիր պայման չի համարում, հատկապես որ, նրա խոսքով, շուկայում լճացած վիճակ է: Նա պատմեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ հրավիրվել է Բեյրութ` հյուրախաղերի` հավելելով, որ ծավալում է գործունեություն, որը, սակայն, միշտ չէ, որ էկրաններից երեւում է: Լայանան տեղեկացրեց նաեւ, որ շուտով մտադիր է հանդես գալ ակումբներում:
Ի դեպ, երգչուհին, որը երկրորդ մասնագիտությամբ դերասանուհի է, նշեց, որ պարբերաբար ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ է ստանում, որոնք, սակայն, մերժում է. «Առաջարկվող դերերը դուրս չեն գալիս: Ես ինձ պատկերացնում եմ ուժեղ կնոջ կերպարում»,-ասաց նա:
Լայանան մեզ հետ զրույցում անկեղծացավ նաեւ երեխայի ծնունդից հետո իր կյանքում գրանցված փոփոխությունների մասին. «Բավական երկար ժամանակ նվիրվել էի կարիերային եւ մայրանալուս պահը հետաձգում էի: Երբ վերջապես երեխաս ծնվեց, ամբողջ ժամանակս հատկացրեցի նրան եւ չեմ ափսոսում: Ես դա չեմ համարում կորցրած ժամանակ, չեմ էլ նկատում, թե որքան ժամանակ եմ «բաց թողել»: Ամեն դեպքում, առաջիկայում շատ արագ կակտիվանամ»,-նշեց նա:
Լայանան ցանկություն հայտնեց իր դստերը տեսնել որեւէ տեսահոլովակում, բայց ոչ իր. «Նա շատ «երաժշտական» բալիկ է, եւ շատերն են ցանկություն հայտնում աղջկաս նկարահանել իրենց տեսահոլովակներում»:
Երգչուհին խոստովանեց, որ եթե դստեր ծնունդից առաջ ինչ-որ անհաջողություն կարող էր իրեն կոտրել, ապա այժմ դա իր աչքին անիմաստ մի բան է թվում. երեխան մոռացնել է տալիս ամեն ձախողում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱԶՆԱՎՈՒՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ
Վերջերս Նյու Յորքում հանդիպել են աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու հրեական International Raoul Wallenberg Foundation (IRWF) հիմնադրամի ներկայացուցիչները` քննարկելու, թե ինչպես են Ազնավուրի հանգուցյալ ծնողները` Քնարն ու Միշան, ինչպես նաեւ նրա քույր Աիդան եւ հենց ինքը` Ազնավուրը, Ֆրանսիայում նացիստական շրջափակման տարիներին, վտանգելով սեփական կյանքը, փրկել հրեաների: Ինչպես նշում է Tert.am-ը, հղում անելով Asbarez-ին, շանսոնյեն պատմել է, թե ինչպես են ծնողներն իրենց հարկի տակ ապաստան տրամադրել այն հրեաներին, որոնց հետապնդում էին նացիստները:
IRWF հիմնադրամն այս կապակցությամբ որոշել է հատուկ թիմ ստեղծել, որը կզբաղվի հրեաների փրկության գործում Ազնավուր ընտանիքի ունեցած ավանդի թեմայով: Բացի այդ՝ հիմնադրամի ղեկավարությունը որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրներին` որոշելով Միշայի ու Քնարի պատվին Իսրայելում հատուկ նամականիշ թողարկել: Դրանից զատ, հիմնադրամը շանսոնյեին ու նրա քրոջը պարգեւատրել է Ռաուլ Ուալենբերգի անվան մեդալով` այդպիսով գնահատելով երիտասարդ տարիքում նրանց ստանձնած ու պատվով իրագործած հրեաների փրկության առաքելությունը:
 

ՓՐԿԵԼ Է ԿՅԱՆՔԸ
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը 11-ամյա աղջկա կյանք է փրկել: Իսպանական Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքում, որտեղ պետք է անցկացվեին դերասանի մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները, երկրպագուների մի ամբողջ «բանակ» է գոյացել, ինչի արդյունքում հրմշտոց է սկսվել: The New York Daily News-ի փոխանցմամբ` Փիթը նկատել է, որ երկրպագուները սկսել են անկանոն տեղաշարժվել, ինչի հետեւանքով աղջիկը սեղմվել է ամբոխի եւ մետաղյա արգելապատնեշների միջեւ: Զգալով նրա կյանքին սպառնացող վտանգը` դերասանն իր թիկնապահի օգնությամբ գրկել եւ բազմության միջից ազատել է աղջկան:

 

 

ՆՈՐ  ՌԵԿՈՐԴ
Դիսնեյյան «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի անոնսը ռեկորդներ է սահմանում Youtube-ում: The Hollywood Reporter-ի փոխանցմամբ` Էմմա Ուոթսոնի, Դեն Սթիվենսի, Սթենլի Տուչչիի, Յուեն Մաքգրեգորի, Իեն Մաքքելենի, Էմմա Թոմփսոնի մասնակցությամբ ֆիլմի թիզերը (ռեժիսոր՝ Բիլ Քոնդոն) հրապարակումից հետո առաջին 24 ժամերի ընթացքում գրանցել է 91.8 մլն դիտում: Այն գերազանցել է 7-րդ «Աստղային պատերազմների» ռեկորդը («Աստղային պատերազմներ. ուժի զարթոնք» ֆիլմի երկրորդ թիզերն առաջին օրը դիտել են 88 մլն անգամ):
Նշենք, որ «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմը ամերիկյան վարձույթում կհայտնվի 2017-ի մարտի 17-ին:




Լրահոս