«ԻՆՁ ՈՒՂՂՎԱԾ ՈՉ ԲԱՐԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՉՆԿԱՏԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայտնիների հետ, բացահայտել նրանց նոր, հետաքրքիր կողմերով: Վերջիններս կպատմեն իրենց կյանքի հիշարժան դրվագների, ձեռքբերումների ու կորուստների մասին: Այս անգամ մենք զրուցել ենք Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի արտիստուհի, «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ:

-Ելենա՛, Ձեր անունը նշանակում է…
-Անունս ընտրել է հայրս, ես այն, իսկապես, շատ եմ սիրում: Եթե չեմ սխալվում, հունարենից թարգմանաբար Ելենա նշանակում է վառ, լուսավոր: Երեւի թե այն համապատասխանում է ինձ (ժպտում է): Ի դեպ, նեղ շրջապատում, հատկապես` բարեկամների շրջանում, ինձ ասում են «Լյալյա»:
-Դպրոցական տարիներին աչքի եք ընկել…
-Իմ ակտիվությամբ: Ես շատ կայտառ երեխա եմ եղել, միշտ ինչ-որ ոտանավորներ եմ արտասանել, «համերգներ» եմ տվել: Ինձ, առհասարակ, դժվար էր լռեցնել (ծիծաղում է): Դպրոցական տարիներին մի շրջան ապրել եմ Մոլդովայում, քույրս ու ես ընդգրկված էինք փոքրիկ երիտասարդական խմբում, որի անդամներով երգում էինք, մասնակցում միջոցառումների. այդ ամենը անում էինք մեր հաճույքի համար: Ես, իհարկե, երբեւէ պրոֆեսիոնալ մակարդակով չեմ զբաղվել երգեցողությամբ, բայց քանի որ մայրս դաշնակահարուհի է, օգնել է ինձ, նաեւ ինչ-որ բաներ եմ ժառանգել նրանից: Իսկ դպրոցում, առհասարակ, լավ եմ սովորել, ես նախընտում էի հումանիտար առարկաները` լեզուներ, գրականություն, աշխատանքի ուսուցում:
-Կյանքը սկսել եք ճանաչել…
-Ինչպես ասում են` «Век живи-век учись»: Ինչքան էլ ապրենք, ամեն դեպքում կյանքը լավ չենք ճանաչի: Դուք երեւի նկատի ունեք, թե երբ անցավ մանկությո՞ւնս: Ասեմ, որ ծնողներս ինձ պարուրել են գեղեցիկ, վարդագույն պատմություններով, նրանք միշտ պաշտպանել, փայփայել են ինձ: Ու քանի դեռ ծնողներդ կենդանի են, այդ հեքիաթը շարունակվում է: Իսկ կյանքը ավելի լավ ճանաչեցի, երբ սկսեցի ինքս աշխատել, երբ ապրեցի քաղաքացիական ամուսնությամբ: Կարծում եմ` մարդը մեծանում է այն ժամանակ, երբ սկսում է մտածել, որ շաքարը հենց այնպես պահարանում չի հայտնվում, այն հարկավոր է գնել (ծիծաղում է):
-Հավատում եք հրաշքների, որովհետեւ…
-Ինձ մոտ եւ մտերիմներիս շրջանում անելանելի թվացող շատ իրավիճակներից գտնվել են ելքեր: Ամեն բան կախված է նրանից, թե դու ինչպես ես վերաբերվում հրաշքներին: Երեւի թե եթե ես չդառնայի դերասանուհի եւ հեռուստացույցով տեսնեի ինձ պես մեկին, կմտածեի, որ եթե ես լինեի նրա տեղում, դա հրաշք կլիներ: Բայց քանի որ ես արդեն իսկ դերասանուհի եմ, դա կարող եմ հրաշք չհամարել: Այսինքն` հրաշքներ միշտ են տեղի ունենում, պարզապես հարկավոր է դրանք նկատել, դրանց վրա ուշադրություն դարձնել:
-Ձեր ամուսնու մատուցած ամենահիշարժան անակնկալը:
-Դրանք շատ են: Նա արել է բաներ, որոնք դաջվել են հիշողությանս մեջ: Եվ ես վստահ չեմ, որ էլի կան մարդիկ, որ անում են նման անակնկալներ, բայց ես չէի ուզենա մանրամասնել, դա թող մնա իմ հուշերում:
-Ձեզ համար ի՞նչը կամ ո՞վ է բարձրագույն արժեք:
-Ինձ համար առաջնային արժեքը ընտանիքն է, նաեւ` իմ աշխատանքը: Առհասարակ, կարծում եմ, որ մարդը ինքը կարող է լինել արժեք, եթե օժտված է, օրինակ, կենսախնդությամբ, ինտելեկտով, արժանապատվությամբ:
-Կանացի նախանձից պաշտպանվելու Ձեր միջոցները:
-Ես այդ բառի նշանակությունը մինչեւ վերջ չեմ կարողանում հասկանալ, քանի որ ինքս շրջապատիս մարդկանց հանդեպ չունեմ նմանատիպ զգացումներ; Իհարկե, երբեմն նկատում եմ ինձ ուղղված ոչ բարի հայացքներ, կանանց կողմից ինձ տրվող ոչ ճիշտ խորհուրդներ, բայց այդ ամենը չեմ կարեւորում, փորձում եմ չնկատել: Իսկ ոչ դրական բաների մասին մտածելն էլ առաջին հերթին վնասում է հենց քեզ:
-Երբեմն ուզում եք փախչել…
-Լինում է, որ ապրելով ծանրաբեռնված առօրյայով՝ ո՛չ տուն ես ուզում գնալ, ո՛չ աշխատանքի, ոչ մի տեղ… Դա սթրես է: Այդ ժամանակ ես ուզում եմ ոչ թե փախչել, այլ պառկել, ծածկվել, ու որ ոչ ոք ինձ չզանգի: Այդպիսի բան, իհարկե, պատահում է: Բայց մեծ հաշվով ես գոհ եմ իմ ճակատագրից: Այսօր ես ունեմ հրաշալի ընտանիք, սիրելի աշխատանք եւ այդ առումով ինքնաբավ անձնավորություն եմ, գոհ եմ Աստծուց:
-Կարո՞ղ եք թվել տղամարդուն չվստահելու մի քանի պատճառ:
-Ես հակված չեմ այն կարծիքին, թե տղամարդուն պետք չէ վստահել: Հատկապես եթե ամուսնանում ես, դա նշանակում է, որ կա մի տղամարդ, որը քայլում է քո առջեւից, այսինքն` դու վստահում, հարգում ես նրան, արդարացնում բոլոր դեպքերում:
-Ամենաշատը վախենում եք…
-Ինչ-որ կարեւոր բան չհասցնելուց: Հաճախ չես հասցնում ժամանակ հատկացնել ամենամտերիմ մարդկանց: Անցնում է ժամանակը, եւ դու չգիտես, թե վաղը ինչ կպատահի: Դրանից եմ վախենում:
-Աստծուց «նեղանալու» պատճառներ ունե՞ք:
-Ոչ, ի՞նչ եք ասում: Ես, առհասարակ, հավատավոր մարդ եմ: Իհարկե, կյանքում ինձ մոտ էլ ամեն բան հարթ չէ, բայց կարծում եմ, որ Աստծուն ամենաշատը պետք է ասել շնորհակալություն եւ ներիր:

 

 

 
ԼԵԳԵՆԴԱՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԸՆՏՐԵԼ ՔԱՆԴԱԿԸ

Երեւանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել եւ հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող «Հրազդան» մարզադաշտի հարակից արեւմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին:

Արձանախմբի հեղինակ, քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանը պղնձից է, այն ներառում է 15 ֆուտբոլիստի, որոնք 1973-ին խաղացել են թիմում, եւ 4 մարզչի քանդակներ: Հուշարձանի վրա տարվող աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Նա նշեց, որ նախագծային մրցույթը հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այն անցկացվել է 2014-ին, 44 մասնակիցներից մրցույթը շահել է Վ. Անտաշյանը:
«Աշխատանքը կոչվում է «Հաղթական պար»: Քանդակում պատկերված ֆուտբոլիստների մեծ մասը ողջ է: Նրանցից 9-ը, այդ թվում` Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Պողոսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Արմեն Սարգսյանը, տեսել են իմ ներկայացրած քանդակի էսքիզային տարբերակը եւ հավանություն տվել դրան, այսինքն՝ հենց իրենք են ընտրել քանդակը»,-շեշտեց Վ. Անտաշյանը:
Նրա խոսքով` հավանաբար ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին կկայանա արձանախմբի բացումը:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տարածել էր հայտարարություն, որից տեղեկանում էինք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստների հետ եւ քննարկել հուշարձանի կառուցման ու տեղադրման մանրամասները: Հայտարարությունում նշվում էր, որ հուշարձանի նախնական տեսքը պատրաստ է, մնում է հարդարման աշխատանքները ավարտին հասցնել եւ որոշել տեղադրման վայրը, որը ՀԱՕԿ նախագահը թողել էր ֆուտբոլիստների հայեցողությանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՄԵՐ ՖԻԼՄԵՐԸ` ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Բուխարեստի «Ունիոն» կինոթատրոնում մայիսի 22¬ին Սեւծովյան Արվեստների փառատոնի շրջանակներում ցուցադրվել են միանգամից երեք հայկական ֆիլմ` Սոնա եւ Մարինե Քոչարյանների «Ինչպե՞ս անցնել» վավերագրականը (2015), Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» (1984) եւ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը (2015): Հայկական ֆիլմերին նվիրված օրվա վերջում կայացել է հանդիպում Արամ Շահբազյանի հետ, որը պատմել է հայ¬ռուս¬ֆրանսիական համատեղ արտադրության իր ֆիլմի եւ հետագա ծրագրերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը, մայիսի 19¬25¬ին Բուխարեստում կազմակերպված Սեւծովյան Արվեստների փառատոնին մասնակցել են Սեւծովյան ավազանի ինը երկիր` Հայաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան:

 

 

ԴԱՏԻ ԿՏԱՆ
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր են դատի տալ իրենց նախկին թիկնապահ Սթիվ Ստանիլուսին, ով վերջերս հայտարարեց, թե Ուեսթն իրեն աշխատանքից հեռացրել է կնոջ հանդեպ ունեցած խանդի պատճառով: Նրա խոսքով` ռեփերին դուր չէր եկել, որ ինքը սկսել էր խոսել Քարդաշյանի հետ: TMZ-ի փոխանցմամբ` զույգի փաստաբանը նամակի միջոցով թիկնապահին զգուշացրել էր, որ եթե վերջինս ներողություն չխնդրի, Քարդաշյանն ու Ուեսթը դատի կտան նրան` պահանջելով 10 մլն դոլարի բարոյական վնասի փոխհատուցում: Զույգը հայտարարել է, որ թիկնապահը Ուեսթի խանդի առնչությամբ ստում է` փորձելով հայտնվել ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Սթիվը մինչ Քարդաշյանների մոտ գործի անցնելը, գաղտնիության պայմանագիր էր ստորագրել, ըստ որի պարտավորվել էր ոչինչ չհրապարակել Քարդաշյան- Ջեններ գերդաստանի մասին:

 

 

ԱՊԱՀԱՐԶԱՆ Է ՊԱՀԱՆՋԵԼ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփի կինը` դերասանուհի Էմբեր Հերդը, մայիսի 26-ին ամուսնալուծության վերաբերյալ դիմում է ներկայացրել: TMZ-ի փոխանցմամբ` Հերդը, ով ամուսնացած է Դեփի հետ նախորդ տարվա փետրվարից, դիմումը ներկայացրել է Դեփի մոր մահվանից ընդամենը 3 օր անց՝ «անընդունելի տարաձայնությունների» պատճառով:
Լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացնում է, որ զույգն ամուսնական պայմանագիր չի կնքել: Դեփը Հերդի դիմումին պատասխանել է իր դատապաշտպան Լաուրա Վասերի միջոցով, դերասանը խնդրել է դատավորին Հերդին ապահարզան չտալ:




Լրահոս