Մի՞թե մի ողջ պետական համակարգ չկարողացավ հավաքագրել այնպիսի փաստաթղթային բազա, որը կամրագրեր Ադրբեջանի նախահարձակ լինելը. Հայաստանի նախապայմանները մոռացության են մատնվել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին եւ միջազգային հանրությանն ուղղված կոչեր հնչեցին՝ հասցեական հայտարարություններ անելու եւ ադրբեջանական կողմի նախահարձակ ագրեսիան դատապարտելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանն անգամ որպես բանակցային գործընթացին վերադառնալու երեք պայմաններից մեկը նշեց հենց միջնորդների կողմից հասցեական հայտարարությունները: Սակայն ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ նախապայմանները ոչ միայն մոռացության մատնվեցին, այլեւ Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե միջնորդներն ու միջազգային կառույցներն իրենց հոգու խորքում շատ լավ գիտեն՝ ով է նախահարձակ եղել, եւ այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք չկա:

Մինչդեռ հենց ապրիլյան պատերազմի օրերին արդեն հայաստանյան մի շարք փորձագետներ բաձրաձայնում էին միջազգային հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ դա կարող է կանխարգելիչ եւ զսպող դերակատարություն ունենալ՝ ստիպելով Ադրբեջանին զերծ մնալ նմանատիպ նոր փորձերից: Որպես օրինակ բերվում էր 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետ կապված ԵՄ միջագային հանձնաժողովի կողմից իրականացված հետաքննությունը, որի արդյունքները էական նշանակություն ունեցան հետագա զարգացումներում:

Այս հայտարարություններին ի պատասխան՝ պաշտոնական շրջանակներից հնչում էին հավաստիացումներ, որ իրականացվում է համապատասխան փաստահավաք աշխատանք, եւ անհրաժեշտ բոլոր քայլերը կատարվելու են ագրեսոր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը միջազգային ատյաններից բարձրացնելու ուղղությամբ: Անցել է արդեն ավելի քան երկու ամիս, սակայն պաշտոնական Երեւանը այդպես էլ չի դիմել ո՛չ ԵԱՀԿ-ին, ո՛չ ՄԱԿ-ին, ո՛չ էլ որեւէ այլ միջազգային ատյանի՝ հետաքննություն սկսելու եւ նախահարձակ կողմին պատժելու պահանջով:

Նախօրեին «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին՝ խնդրելով միջազգային հետաքննություն սկսել եւ պատասխանատվության ենթարկել նախահարձակ կողմին՝ կից ներկայացնելով տեսագրություն, թե ինչպես են շուրջ 100 ադրբջանցի դիվերսանտներ հատում ԼՂՀ սահմանը:

Եվ հիմա հարց է առաջանում, եթե որեւէ քաղաքացիական նախաձեռնություն կարող է ունենալ նման փաստ եւ դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, արդյոք մի ամբողջ պետական համակարգ այս երկու ամիսների ընթացքում չէր կարող հավաքագրել այնպիսի փաստաթղթային բազա, որը միանշանակորեն կամրագրեր Ադրբեջանի նախահարձակ լինելը: Այս հարցի պատասխանն առավել քան ակնհայտ է, եւ այն փաստը, որ հայկական կողմն այդպես էլ չի գնում այդ քայլին՝ շատ մտահոգիչ եզրահանգումների տեղիք է տալիս:




Լրահոս