Պարզվել է Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության մի շարք հանգամանքներ, դրդապատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության մի շարք հանգամանքներ, դրդապատճառը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ, 1997թ. ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձանց ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է խաղասրահում Վանաձոր քաղաքի 10.12.1998թ ծնված բնակչի կողմից:
Քննության տվյալներով՝ տուժողները դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 8-ին, գտնվել են Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող խաղասրահում, սեղանի թենիսի գնդակը դիպչելու և այդ կապակցությամբ ներողություն չխնդրելու պատճառով, վիճաբանություն է առաջացել Արշակ Պողոսյանի, Մերուժան Եղինյանի և այլ անձանց միջև, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով երկու անգամ հարվածել է Արշակ Պողոսյանին և մեկ անգամ՝ Մերուժան Եղինյանին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպատռնացող ծանր վնաս և դիմել փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ 17-ամյա պատանուն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս