Ունի արդյո՞ք Հայաստանը Մեծ Բրիտանիայի խիզախությունը, թե շարունակելու է Ռուսաստանին «շնորհակալ» լինել նույնիսկ արևոտ եղանակի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ աշխարհն ալեկոծվել է օրերս Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով: Նախնական հարցումներով բրիտանացիները կիսվել էին երկու գրեթե հավասար մասերի եւ պարզապես անհնար էր հաստատապես պնդել, թե ինչպիսին կլինի քվեարկությունը: Այսօր արդեն պարզ է, որ բրիտանացիների 52 տոկոսը կողմ է Եվրոպական միությունը լքելուն, որը համարում է «անբնական» քաղաքական ու տնտեսական գոտի: Հետաքրքիր է, որ այսօր Հայաստանը եւս ընդգրկված է բառացիորեն մի «անբնական» տնտեսա-քաղաքական գոտում` հանձին ԵՏՄ-ի, որից դուրս գալու հարցում հայ հասարակությունը եւս միանշանակորեն տրամադրված չէ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը 2013թ. խոստացել էր 2015թ. Պահպանողական կուսակցության հաղթանակի պարագայում բրիտանացիներին հնարավորություն ընձեռել արտահայտելու իրենց կարծիքը ԵՄ-ից դուրս գալու մասին համապատասխան հանրաքվեի ճանապարհով: Քեմերոնը, որը լուրջ խնդիրներ ուներ խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակը ապահովելու հարցում, գնաց մարտավարական լուծման տարբերակով: Կարելի է կարծել՝ վարչապետը համոզված էր, որ բրիտանացիները դեմ կլինեն ԵՄ-ն լքելու առաջարկին` հաշվի առնելով դրա մատուցած տնտեսական հնարավոր աղետը: Ի վերջո, պահպանողականները հաղթեցին ընտրություններում եւ եկավ Քեմերոնի խոստումը կատարելու պահը: Քեմերոնն ու իր կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել էին ԵՄ-ում խաղի կանոնների բարեփոխման անհրաժեշտության մասին: Սակայն բարեփոխում ասելով նկատի չէր առնվում ԵՄ-ն լքելը, ինչին նա հակադրեց արդեն իր հրաժարականը: Իրավիճակը բավականին նմանվեց 1969թ. Ֆրանսիայի դրությանը, երբ հանրապետության նախագահ Շառլ դը Գոլը համազգային հանրաքվեի դրեց կառավարման բնագավառի փոփոխություններ առաջարկող Սահմանադրությունը, որին ֆրանսիացիների մեծամասնությունը հավանություն չտվեց` ստիպելով դը Գոլին հրաժարական ներկայացնել:

Այդուհանդերձ, այսօր Մեծ Բրիտանիան կարծես թե այնքան էլ վատ դրության մեջ չէ, քանզի հանրաքվեն օրինականորեն չի պարտադրում Բրիտանիայի իշխանություններին անմիջապես ԵՄ-ն լքելու գործընթաց ձեռնարկել: Երկրի օրենքներին համապատասխան գործելու պարգայում վարչապետը կարող էր պարզապես անտեսել հանրաքվեի արդյունքները: Սակայն արեւմտյան քաղաքակրթության, պետական կառավարման համակարագի ու ժողովրդավարության ավանդույթները կարծես թե ավելի պարտավորեցնող են, ուստի խիստ անհավանական է, որ նոր վարչապետը ականջալուր չլինի իր քաղաքացիների կամքին եւ օգտագործելով Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը` չազդարարի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռանալու գործընթացի մեկնարկը:
Ապրիլին՝ Մեծ Բրիտանիա կատարած իր այցելության ընթացքում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս էր հայտնել, որ բրիտանացիները կնախընտրեն մնալ ԵՄ-ի կազմում, իսկ հակառակ որոշումը վնասելու է ողջ աշխարհին` սկսած տեռորիզմի դեմ համատեղ պայքարից, մինչեւ միգրացիայի ու համաշխարհային տնտեսական ցնցումներ հարուցելը: Ի դեպ, հանրաքվեի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո համաշխարհային տնտեսական շուկան արդեն իսկ սկսել է անակնկալներ մատուցել, ինչը խորացման միտումներ ունի: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր հեռացումը կարող է նոր ճգնաժամի հիմք հանդիսանալ, որն անխուսափելիորեն ազդելու է ամբողջ աշխարհի վրա:

Հայաստանն իր հերթին այսօր գտնվում է քաղաքական, տնտեսական ու անվտանգության այն նույն համակարգի մեջ, որը ստեղծվել ու գոյատեւում է բացառապես Ռուսաստանի շնորհիվ: Երբ Ուկրաինայի ճգնաժամի շրջանակներում արեւմուտքը սանկցիաներ կիրառեց Ռուսաստանի դեմ, առաջիններից մեկը, որ տուժեց այդ ամենից, Հայաստանն էր: Այսօր էլ շարունակվում է մեր տնտեսական անմխիթար վիճակը` մեծավ մասամբ պայմանավորված ռուսական շուկայի անկայունությամբ: Ըստ էության, Ռուսաստանում արձանագրված ցանկացած ցնցում իր արձագանքն է գտնում Հայաստանում գերազանցապես այդ երկրից մեր ունեցած անսահման կախվածության պատճառով: Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի` Հայաստանը ԵՏՄ-ն լքելու քաղաքական քաջություն չունի: Նախ խիստ կասկածելի է, որ այդ կառույցից հեռանալու համար այստեղ կարող է հանրաքվե անցկացվել, որն էլ իր հերթին կարող է արդար ու ազատ լինել: Ավելին` Հայաստանը ԵՏՄ-ում չունի այն դերակատարությունը, ինչ-որ Մեծ Բրիտանիան` ԵՄ-ում:

Այսօր մենք եւս գոհ չենք ԵՏՄ-ի շրջանակներում մեր երկրի արձանագրած թե՛ տնտեսական արդյունքներից, թե՛ առավել եւս քաղաքական աջակցության մակարդակից: Սակայն արդյո՞ք Հայաստանն ունի այն քաղաքական էլիտան եւ անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի գոնե սակարկությունների ճանապարհով օգուտներ քաղելու համար նման մի գործընթաց ձեռնարկի: Դժբախտաբար հարցի պատասխանը խիստ բացասական է, քանզի եթե ունենայինք ազգային շահերը սպասարկող ընտրախավ, միանգամայն այլ գործողությունների ականատես կլինեինք դեռ 2013 սեպտեմբերի 3-ի գիշերը: Ի դեպ, ի հեճուկս ԵՏՄ բերված մեկ այլ երկրի` Ղրղզստանի, մենք այդպես էլ անկարող եղանք Ռուսաստանից նվազագույն իսկ արտոնություն կորզել` գլխիկոր համաձայնելով ամեն առաջարկության ու պարտադրանքի: Բացի այս՝ ԵՏՄ-ում առնվազն երկու գործընկերներ հանդես են գալիս Հայաստանի ռազմական հակառակորդ Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ, ինչը այլեւս դադարել է մտահոգիչ լինելուց` վերածվելով Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդրի: Մեծ Բրիտանիան ունեցավ այդ քաջությունը՝ ԵՄ-ի ղեկավարության առաջ լրջագույն խնդիր առաջադրելով, ինչը կարող է օգտագործվել գուցե ոչ թե միությունից դուրս գալու, այլ դրա ներսում նոր շահույթներ ստանալու ճանապարհով: Իսկ Հայաստանը շարունակում է Ռուսաստանին «շնորհակալ» լինել արդեն նույնիսկ արեւոտ եղանակի համար:

Ն. Հովսեփյան




Լրահոս