ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է Ntv-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:
ՌԴ ԱԳՆ-ի տեղեկություններով՝ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը սիրիական, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հարցում:
«Մոտ օրերս Ջոն Քերիի՝ Ուկրաինա այցի հետ կապված՝ Սերգեյ Լավրովն ուշադրություն է դարձրել Դոնբասում ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը սադրելու մտադրությունների մասին տեղեկություններին և կոչ արել Վաշինգտոնին ջանքեր գործադրել նման զարգացում թույլ չտալու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Ուկրաինա հուլիսի 7-ին, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի և այլ քաղաքական գործիչների հետ: