ՀՀ ԱԳՆ-ն իմաստ չի տեսնում քաղաքական խեղկատակ Ժիրինովսկու խոսքերը մեկնաբանելու մեջ, մինչդեռ ժամանակին անգամ Հանրայինն էր նրանից մեջբերումներ անում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նախօրեին ռուսական Life.ru հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի մասին մի քանի ցնցող հայտարարություններ է արել: Պատասխանելով Հայաստանում ծավալվող վերջին զարգացումների շուրջ հարցին՝ նա մասնավորապես ասել է. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը:

Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքր երկիր, լեռների մեջ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն միլիոն հայ է մնացել: Իսկ ողջ աշխարհում նրանք 6 միլիոն են: Բոլորը փախել են Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգեր: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց նկատմամբ ստորություններ են անելու»:

Լրագրողի հարցին, թե Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այսինքն՝ թքած ռազմավարական գործընկերոջ վրա՞, Ժիրինովսկին արձագանքել է. «Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն՝ բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ: Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն»:

Անշուշտ, Ժիրինովսկին քաղաքական ծաղրածու է, եւ դա վաղուց ի վեր հայտնի փաստ է: Խնդիրն այն է, սակայն, որ նա Կրեմլի եւ անձամբ Պուտինի պալատական ծաղրածուն է, որի լկտի ձեւակերպումներն իրականում արտացոլում են ռուսական վերնախավի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Որքան էլ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը փորձի հավաստիացնել, թե «Ժիրինովսկուն մեկնաբանել կամ նրա ասելիքը հասկանալ որեւէ մեկը վաղուց չի փորձում, հետաքրքրություն չկա», այդուհանդերձ նկատենք, որ երբ այդ նույն Ժիրինովսկին, օրինակ, Թուրքիայի կամ Ադրբեջանի մասին հանդես էր գալիս նմանատիպ մի լկտի ձեւակերպմամբ՝ Հայաստանում եւ Ռուսաստանում նրա ասածները մեկնաբանողների եւ գովաբանողների պակաս չէր լինում: Ավելին՝ անգամ Հանրային հեռուստաընկերությունն էր այդ նույն «անհետաքրքիր» գործչի ասածները երեկոյան լրատվական թողարկումներում մեջբերում, բայց, չգիտես ինչու, այդ ժամանակ Ժիրինովսկին չէր ներկայացվում որպես անլուրջ գործիչ:

Իրականում այդ քաղաքական խեղկատակի ասածները կարելի էր եւ իսպառ անտեսել, եթե դրանցում, թեկուզ անթույլատրելի ձեւակերպումներով, այդուհանդերձ, չլիներ դառը իրականության արձանագրումը՝ հատկապես մեր երկրի հեռանկարի, տնտեսության եւ արտագաղթի հետ կապված: Մի իրականություն, որի ձեւավորման հարցում Ժիրինովսիկն չէ, որ մեղավոր է:




Լրահոս