ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ԵԿԵԼ Է
 Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Քննարկվել է սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անիբալ Կաբրալը:

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴՆՈՒՄ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդության օրվա առթիվ երեկ պարգեւատրել է ՀՀ մի շարք պետական բուհերի ուսանողական խորհուրդներին: Աշոտյանը հավաստիացրել է, թե որեւէ բուհի որեւէ ուսանողի միջեւ տարբերություն չի դնում, եւ իր համար բոլորը հավասար են: «Հանրապետականի կրծքանշանով բոլորը իմը չեն, իմն ու քոնը չենք տարբերակում, իսկ պահանջատեր լինելուց բացի՝ պետք է լինել նաեւ հայրենատեր»,-ասել է հանրապետական նախարարը:

ՎԱՎԵՐԱՑՎԵՑ
Հայաստանի խորհրդարանը երեկ միաձայն վավերացրել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը: Այն  ուժի մեջ կմտնի վավերացումից մեկ ամիս անց:

ԴԱՐՁ` Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ռուսական «1-ին ալիք»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններին, հանդես է եկել վերջին տարիների համար աննախադեպ ռուսամետ գնահատականներով: «Քաղաքական գործիչները չպետք է խանգարեն երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններին, պետք է ստեղծվի ֆոն, որի դեպքում բիզնեսը, մշակութային ու ազգակցական կապերը կտան իրենց արդյունքը: Մենք արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկել երկու երկրների միջեւ լարվածության վերացման ուղղությամբ՝ կառավարության հատուկ ներկայացուցիչ նշանակելով Զուրաբ Աբաշիձեին, ինչպես նաեւ համաձայնելով մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին: Վրացական շուկան բաց է ռուս գործարարների համար: Վրացական մթերքը վերադառնում է ռուսական շուկա, եւ դա շատ դրական է»,-ասել է Վրաստանի նախագահը:

15 ՏԱՐԻ Է ՈՒԶԵԼ
Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու գործով մեղադրող Արմեն Մարուխյանը երեկ դատարանին միջնորդել է ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Իր մեղադրական ճառում նա նախաքննության ու դատաքննության ապացույցներով հիմնավորված է համարել Ս. Հակոբյանին առաջադրված մեղադրանքը:




Լրահոս