ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզի Իջեւանի շրջանի 185 բնակիչ ունեցող Աճարկուտ գյուղի դպրոցն ունի 7 աշակերտ, 11 աշխատող: 70 աշակերտական տեղ ունեցող դպրոցում անցած ուսումնական տարում սովորում էր 11 աշակերտ: Դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանն ասաց, որ դպրոցում կա ընդամենը 2 դասարան, որոնք գործում են եռակոմպլեկտ եւ երկկոմպլեկտ հիմունքներով: Դպրոցում առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանները միավորված են մի դասարանում, չորրորդ դասարան չկա, հինգերորդ եւ յոթերորդ դասարանները նույնպես միավորված են, վեցերորդ, ութերորդ եւ իններորդ դասարաններ չկան: Աճարկուտի դպրոցում մասնագետ ուսուցիչների պակաս կա, ավելի քան մեկ տասնամյակ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում Վանաձորից եկած քիմիայի լաբորանտը: Դպրոցի տնօրենն ասաց, որ վերջինս հայոց լեզու եւ գրականություն պարապելու համար ատեստացիա է անցել: Որքանո՞վ է նպատակահարմար 7 աշակերտի համար դպրոց պահել, այդ նպատակով մեծ ծախսեր կատարել, կրթության ի՞նչ որակ կարող են տալ եռակոմպլեկտ, երկկոմպլեկտ դասարանները, մանավանդ որ մասնագետ ուսուցիչների պակաս կա: Աճարկուտից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գործում են Կիրանցի հիմնական, Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի միջնակարգ դպրոցները: Ոչ մեծ ծախսերով ամեն օր կարելի է կազմակերպել երեխաների տեղափոխումն այդ դպրոցներ, որտեղ երկկոմպլեկտ եւ եռակոմպլեկտ դասարաններ չկան, դպրոցներն էլ մասնագետների պակաս չունեն: Չէ՞ որ տարիներ շարունակ 9-րդ դասարանն ավարտելուց հետո աճարկուտցի դպրոցականներն իրենց կրթությունը շարունակում են Սարիգյուղի եւ Ներքին Ծաղկավանի դպրոցներում: Թե չէ պետության փողերը ծախսվում են, 7 աշակերտի համար դպրոց է պահվում, իսկ կրթության որակը չի ապահովվում:

ՀԱՂԹԵՑ ԵՂԲԱՅՐԸ
Նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Իջեւանի շրջանի ամենամեծ գյուղական համայնքում՝ Աչաջրում, տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրվել էին գործող գյուղապետ Համո Գեւորգյանը, 1990-ականների երկրորդ կեսին Աչաջրի գյուղապետ աշխատած Տաթեւ Գասպարյանը եւ Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայր Կամո Ղալթախչյանը: Նրանք բոլորն էլ ՀՀԿ անդամ են, 3-ն էլ թեկնածու էին դարձել ինքնաառաջադրմամբ: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ընտրությունների արդյունքում Կամո Ղալթախչյանը ստացել է 1119, Տաթեւ Գասպարյանը՝ 820, Համո Գեւորգյանը՝ 375 ձայն, 56 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Թիվ 40 ԸԸՀ-ից հայտնեցին, որ Աչաջրում ընտրություններն անցել են առանց խախտումների, հանձնաժողովում բողոքներ չեն ստացվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս