«ԶԻՆՎԱԾ ՀԱՆՑԱԽՄԲԻ» ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծվեց «հանցավոր խմբավորում», ինչի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը միայն վերջերս է ավարտվել: Բայց անգամ գործի հաստափոր նյութերի ուսումնասիրությամբ հնարավոր չէ պարզել՝ ով է, ի վերջո, հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, ում հրահանգով էր գործում, ինչ առարկայական նպատակ ուներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում գտնվող գործի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: «Հանցախմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բոլոր նրանց, ում հետ զրուցել է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու թեմայի շուրջ, ձայնագրել է: Նա ձերբակալման պահից ի վեր ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանցախումբ է կազմել, փորձել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակում գործել պետական կառույցների վրա: Սակայն արդեն վերջին փուլում Ա. Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է նախկինում իր տված բոլոր ցուցմունքներից, անդամներից որեւէ մեկը նախապես չի իմացել իր ծրագրերի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ այս գործով անցնողների թիվը նախապես հրապարակված 18 անձանցից հասել է մոտ 300-ի, որոնց միայն մի մասն է գտնվում կալանքի տակ:
Հ.Գ. Հիշեցնենք` այսօր «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում տեղի կունենա պաշտպանության նախկին փոխնախարար, այս գործով կալանավորված Վահան Շիրխանյանի մամուլի ասուլիսը:

 

 
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ լինելուց հետո, կարծես, «աղքատացել է»: Այսպես՝ պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ դեռեւս 2011-ին, երբ Գ. Խաչատրյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի պաշտոնը, հայտարարագրել էր 220 մլն 980 հազար դոլար դրամական միջոց եւ մոտ 3 մլն դոլար: Իսկ արդեն 2016 թվականին` պաշտոնաթող լինելուց հետո, հայտարարագրել է 202 մլն 940 հազար դոլար դրամական միջոց: Այսպիսով՝ Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները նվազել են 77 մլն դրամով եւ մոտ 1 մլն դոլարով: Ստացվում է, որ պետական միջոցներով Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան դարձած Գագիկ Խաչատրյանը պաշտոնը կորցնելուց հետո ունեցվածքի մի մասն էլ է կորցրել: Հիշեցնենք` վերջերս էլ հրապարակվեց, որ նախկին պաշտոնյայի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության հսկիչ փաթեթը Խաչատրյանից «ստիպողաբար» գնել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 8-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանն էր, ուսումնասիրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ու բացահայտել բազմաթիվ խախտումներ: Այսպես՝ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը, ըստ ՎՊ-ի, սխալ է ծախսվել, եւ «Կրթության ազգային ինստիտուտ»-ը սահմանված տնտեսումները չի արել: Ուշագրավ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել ՎՊ բացահայտումների թեման, համապատասխան փաստաթղթեր է պահանջել ՎՊ նախագահից: Թե ինչ ավարտ կունենա քրեական գործը, առայժմ դժվար է ասել՝ հաշվի առնելով նախընտրական քարոզչության արդեն տրված մեկնարկը:

 

 

 
Եկող տարվա գարունը Հայաստանի համար դառնալու է ընտրական մարաթոնի ժամանակաշրջան, քանի որ նոր Սահմանադրությունը գործողության մեջ դնելուց հետո քաղաքական կյանքում հնարավոր երկու կարեւորագույն՝ 2017 թվականի Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունները մեկը մյուսին հաջորդելու են: Իսկ ավելի ճիշտ՝ խաչվելու են: Մի ընտրության քարոզարշավը չավարտված, հնարավոր է՝ սկսվեն մյուս ընտրությունների առաջադրումները: Ինչպե՞ս է պատրաստվում այս խառնաշփոթը լուծել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու 2017 թվականի գարնանը, սակայն նույն օրը, բնականաբար, դրանք տեղի չեն ունենալու»: Բայց ինչպե՞ս պետք է քաղաքական թիմերը հասցնեն պատրաստվել ընտրություններին, թեկնածուներ առաջադրել եւ այլն: «Ժամանակահատված քիչ է: Բայց ընտրական օրենսգրքի փոփոխություններում նոր նորմ է ամրագրվել: Նույնը անձը կարող է լինել տարբեր հանձնաժողովների անդամ»,- բացատրեց Մուկուչյանը՝ այդպես էլ հուսադրող ոչինչ չասելով ընտրական քաոսի ապագայում հայտնված գործիչներին:

 

 

 
ԹՐԸՄՓ-ՈՑՈՎ
Եվ այսպես՝ հակառակ շատերի կանխատեսումների, ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Այս փաստը, բնականաբար, իսկական ցնցում առաջացրեց միջազգային մեդիա եւ փորձագիտական դաշտում առավել հաճախ հնչող՝ աշխարհն այլեւս երբեք նախկինը չի լինի ընդհանրական ձեւակերպմամբ:
Ինչ խոսք, Թրամփի նման օդիոզ, ցինիկ, ագրեսիվ եւ դասական իմաստով ապաքաղաքական գործչի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հետեւից կբերի նշանակալի փոփոխություններ ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ արտաքին աշխարհաքաղաքական իրողություններում: Թե ինչպիսին կլինեն դրանք, այսօր կարելի է միայն կռահել, քանզի մեկ բան է նախագահի թեկնածու Թրամփը՝ իր սկանդալային հայտարարություններով, որոնց արդյունքում, ի դեպ, կարողացավ բարձր ռեյտինգներ ապահովել, մեկ այլ բան՝ արդեն ԱՄՆ նախագահ Թրամփը, որը, վստահաբար, նկատելիորեն մեղմելու է իր էքսցենտրիկ վարքագիծն ու ներկայացնելու է պաշտոնական Վաշինգտոնի շահերը: Արդեն իսկ երեկ՝ ընտրություններում տարած հաղթանակից հետո, իր առաջին ելույթում Թրամփը նկատելիորեն հավասարակշիռ եւ իր նախկին սկանդալային հայտարարություններից տարբերվող ուղերձով հանդես եկավ՝ ասելով, թե լինելու է բոլոր ամերիկացիների նախագահը եւ նշելով. «Սա տարբեր ռասաների, կրոնների, հավատքի պատկանող ամերիկացիներից կազմված շարժում է, ամերիկացիների, որոնք ցանկանում են եւ ակնկալում են, որ մեր կառավարությունը ծառայի ժողովրդին, եւ այն կծառայի»:
Ամեն դեպքում, Թրամփի հաղթանակի հետ կապված ամենատխուր իրողությունն այն է, որ ակնհայտ դարձավ. ԱՄՆ՝ մարդու իրավունքների ջահակիր երկիր լինելու շուրջ պատկերացումներն այլեւս ժամանակավրեպ են: Եթե Միացյալ Նահանգների ազատ քաղաքացիներն իրենց քվեն տվեցին ռասիստական, կրոնական ու սեռային խտրականության աննախադեպ դրսեւորումներով աչքի ընկած Թրամփին՝ հակառակ ինտելեկտով եւ դասական քաղաքական գործունեությամբ տարբերվող Քլինթոնի, նշանակում է, որ հենց ռասիզմն ու խտրականությունն են այսօրվա Միացյալ Նահանգների քաղաքացիների մեծամասնության ցանկալի գաղափարախոսությունը: Եվ իրական վտանգը ոչ թե Թրամփի նախագահական գործունեության ընթացքում հնարավոր ծայրահեղական քայլերի հեռանկարն է, այլ ԱՄՆ հասարակության՝ այս աստիճան դեգրադացված նախասիրությունները:
Սոցիալական ցանցերում հակադարձելով Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի փլուզման մասին օգտատերերի գրառումներին՝ քաղաքագետներից մեկը գրել էր. «Մի՛ մտահոգվեք, ԱՄՆ-ն Թրամփի նման նախագահ ունենալու ռեսուրս ունի»: Արդյոք դա այդպես է: Նոյեմբերի 8-ից հետո կասկածելի պնդում է:




Լրահոս