ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ անուղղակի կերպով ՀՀ ոստիկանությանը մեղադրել է բնակարանային գողությունները բացահայտելիս անգործություն դրսեւորելու մեջ: Կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015 թվականին ՀՀ-ում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 509-ը, այսինքն՝ 36,6 տոկոսը: Ընդ որում, բացահայտումն անհամեմատ ավելի ցածր է Երեւանում. եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, ապա Երեւանում՝ 28,1 տոկոս»:
Աղվան Հովսեփյանը դժգոհել է. «Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը: Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է: Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»: Նա մտահոգիչ է գնահատել նաեւ գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները: «2015 թվականին գրանցված գողությունների հետեւանքով միայն ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է 1.066.780.516 դրամ, որից վերականգնվել է մոտ 88 մլն դրամը, ինչը կազմում է 8,5 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ ինչի հետ է կապված բնակարանային գողությունների բացահայտման խայտառակ վատ ցուցանիշը: Ի պատասխան՝ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց «մեղքը բարդել» քննչական կոմիտեի վրա. «Այդ կառույցի ղեկավարն իր կառույցից է խոսել: Ոստիկանությունը տարին ամփոփելիս կանդրադառնա իր աշխատանքներին»:
Մեզ մնում է սպասել արդյունքներին՝ հույս ունենալով, որ հասարակության մեջ եղած կարծրատիպը, թե բնակարանային գողությունները կատարվում են «թաղայինների հետ համագործակցության արդյունքում», իրականությանը չեն համապատասխանում:

 

 
Դեկտեմբերի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան իր առանձնատան առջեւ հավաքված քաղաքացիների՝ վերադարձի կոչին, հայտարարեց. «Մոտ օրերս իմ հայտարարությունը կլսեք, իմ մասնակցությունը լինելու է, թե ինչ մասշտաբի, ինչ կարգավիճակով, մոտ օրերս կլսեք»: Նրա այս խոսքերից անցել է 17 օր: «Ժողովուրդ» օրաթերթը Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեց պարզել՝ ինչն է ուշացման պատճառը. «Հստակ ժամկետներ չեն նշվել, ինչպես պարոն Ծառուկյանը խոստացել է՝ առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»: Ըստ ամենայնի, հայտարարության ուշացումը պայմանավորված է ինչ-ինչ հստակեցումների անհրաժեշտությամբ: ԲՀԿ-ում խոսակցություններ կան, որ Ծառուկյանը, հնարավոր է, վերադառնա ոչ թե պարզապես միայն կուսակցության նախագահ, այլ ներկայանա դաշինքով, օրինակ՝ «Ծառուկյան դաշինք»՝ միավորելով ահել-ջահել մի քանի ուժերի: Այս մասով Ի. Տոնոյանը դժվարացավ պատասխանել. «Անկեղծ ասած, նման տեղեկության չեմ տիրապետում»:

 

 

 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 0,38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում` բնակչության համար ցերեկային սակագինը 1 կվտ-ի համար կդառնա 44 դրամ 98 լումա, գիշերայինը՝ 34 դրամ 98 լումա: Նկատենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար էլէներգիայի գործող ցերեկային եւ գիշերային սակագները նվազեցվել էին 2.58 դրամով: Ի դեպ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ: Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ ՀԾԿՀ-ն նախընտրական քարոզչություն է իրականացնում իշխող ռեժիմի համար՝ սիմվոլիկ նվազեցումներ անելով, եւ չի բացառվում, որ գալիք ընտրություններից հետո էլէներգիայի եւ գազի սակագները կրկին բարձրացվեն:

 

 

 
Պարզվում է՝ մոտ երկու տարի հակասահմանադրական ճանաչված օրենքով ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներից պարտադիր կերպով գումարներ է գանձել: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ ՍԴ-ն այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական»,- այս մասին օգոստոսի 4-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ խոսելով կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման մասին, որը 2012-ից մինչ օրս երկու անգամ վերաորակվել է՝ պարտադիրը դարձնելով կամավոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ մինչ այս պահը քանի մարդ է ստիպված բիոմետրիկ անձնագիր եւ նույնականացման քարտ ստացել: Պարզեցինք` առաջին տեսակից ձեռք է բերել մոտ 284 հազար, իսկ երկրորդից` 725 հազար հոգի՝ վճարելով ընդհանուր 28 հազար պարտադիր գումար: Ասել է թե՝ հակասահմանադրական օրենքով քաղաքացիները մոտ 9 մլրդ 275 մլն դրամ են վճարել ՀՀ ոստիկանությանը:

 

 
«ՔԻՐՎԱՅԱՄԻՏ»
Շաբաթ օրը կայացած ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը, ինչպես եւ նա կանխատեսել էր, փոթորկել է քաղաքական դաշտը: Թեեւ նա, ըստ էության, ոչ մի նոր բան չասաց. ընդամենը կրկնեց 18 տարվա վաղեմության իր թեզը, որ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման ՀՀ-ն դատապարտված է կործանման եւ ուրեմն օր առաջ պետք է գնա հակամարտության կարգավորման փոխզիջումային, այն է՝ փուլային տարբերակի: Այսպիսով՝ իր «առաջացած տարիքում» քաղաքական 3-րդ շրջափուլի ելած Տեր-Պետրոսյանը, ըստ էության, քաղաքական աճուրդի է հանում այլեւս իր ունեցած միակ արժեքավոր «ապրանքը»՝ հաշտվողական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: «ՀԱԿ-ը իր նախորդի՝ ՀՀՇ-ի պես ՀՀ-ի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ …«Կոնգրեսն» առաջիկա ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով։ Այն հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում «Կոնգրեսի» հաղթանակի կամ ԱԺ-ում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում»,- ի լուր ներքին եւ արտաքին ականջների՝ հայտարարեց Տեր-Պետրոսյանը։ Ընդ որում, նա չմոռացավ ոչ մեկին:
Եթե ՌԴ-ի դեպքում նա ընդգծեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման «բանալին Ռուսաստանի» ձեռքում է, այն «առանձնահատուկ դերակատարություն» ունի այդ հարցում, եւ հարկ է ՌԴ-ի գործադրած «լուրջ ջանքերն» օգտագործելու «պահը բաց չթողնել», ապա Ադրբեջանի նախագահին արժանացրեց «ռացիոնալ պետական գործիչ» տիտղոսին՝ հընթացս նաեւ «հավասարապես ցավալով հակամարտության պատճառով ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների կրած անհամար տառապանքների համար»: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ Տեր-Պետրոսյանն առհասարակ հայտարարեց, որ հենց Թուրքիային ենք մենք պարտական՝ 5 շրջանների ազատագրման հարցում: Ավելին՝ պարզվում է՝ Թուրքիան «շրջափակումից բացի՝ Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել», եւ ուրեմն՝ ՀԱԿ-ը հանդես է գալիս այս երկրների հետ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով: Պարզ ասած՝ իր հայտնի՝ «քիրվայության» ծրագրի ռեբրենդինգով: Ինչ վերաբերում է ներքին՝ Սերժ Սարգսյանի ականջներին, ապա այստեղ էլ Տեր-Պետրոսյանը շտապեց կշտամբել ՀՀԿ անդամներին, որոնք «հասարակությանը խաղաղության նախապատրաստելու եւ դրա ընդդիմախոսներին հակադարձելու գործում, փաստորեն, լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ՝ դա պետք է լիներ ոչ թե ՀԱԿ-ի, այլ առաջին հերթին, հենց իրենց գործը»։ Հետաքրքիր է՝ Ալիեւին «ռացիոնալ պետական գործիչ» համարող, իսկ իրեն «մոնղոլ-թաթարական ավազակապետության գլուխ» կոչող Տեր-Պետրոսյանի ծառայությունները որքան կգնահատի Սերժ Սարգսյանը:




Լրահոս