Արաբկիրում կրքերը թեժանում են. Հրայր Անտոնյանը պարտադրում է գումարի դիմաց ձայներ հավաքել Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանում նախընտրական «գործընթացը» մեկնարկել է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս պայքարը թեժ է լինելու, թեկնածուներից Հանրապետական կուսակցությունում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որոշել է դիմել ավանդական գործելաոճի օգնությանը:

Մասնավորապես, Արաբկիրում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Արտակ Սարգսյանին օգնության ձեռք է մեկնում անձամբ վարչական շրջանի նախկին ղեկավար, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: Իսկ օգնությունը փոխշահավետ գործարքի ձեւաչափով է իրականացվում:

Այսպես, վարչական շրջանում այս օրերին ակտիվ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ օգտագործելով վարչական ռեսուրսները՝ Հրայր Անտոնյանը մանկապարտեզների, դպրոցների տնօրեններին հավաքում է մի տեղ եւ ոչ թե հորդորում կամ խնդրում, այլ բառիս ամենաբուն իմաստով՝ պարտադրում՝ «Պիտի ՍԱՍ-ի Արտակի օգտին ձայներ հավաքեք»:

Իհարկե, Անտոնյանը միաժամանակ խոստանում է վարձահատույց լինել աշխատանքի դիմաց:

Հասկանալի է, որ ձայներ հավաքելու համար միայն հանրակրթական հաստատությունների ղեկավարության օգնությունը բավարար չէ: Անտոնյանը, ըստ նույն տեղեկությունների, այս օրերին հանդիպումներ է ունենում նաեւ բոլոր ժամանակներում «Հայաստանի հանրապետական» կուսակցության հավատարիմ «ծառա» թաղային խուժանի հետ, որը ներգրավված է եղել բոլոր ընտրությունների ժամանակ:

Նրանց կատարելիք աշխատանքը, թերեւս, գաղտնիք չէ որեւէ մեկի համար:

Ի դեպ, լավատեղյակ արաբկիրցիները վստահեցնում են՝ Հրայր Անտոնյանն արդեն իսկ Արտակ Սարգսյանից համապատասխան միջոցները օգնության դիմաց ստացել է:

Այսօր աշխատանքային օրվա մեկնարկից ի վեր ArmLur.am-ի բոլոր ջանքերը՝ կապ հաստատել Հ. Անտոնյանի հետ, ապարդյուն անցան: Նա անջատել է անձնական հեռախոսահամարը, իսկ աշխատավայրում «բռնացնելն» անհնար էր: Գործավարուհու խոսքով՝ վաղը առավոտյան 9:00-ին նա տեղում կլինի:

ArmLur.am-ը կփորձի նրանից մեկնաբանություն ստանալ:

Տաթև Հարությունյան




Լրահոս